Երևանը ողջունում է ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի խորհրդարանի որոշումը, բայց նաև կոչ անում չկորցնել զգոնությունը

Երևանը ողջունում է ցեղասպանության վերաբերյալ Հունաստանի խորհրդարանի որոշումը, բայց նաև կոչ անում չկորցնել զգոնությունը

PanARMENIAN.Net - Երևանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։ Այս մասին ասված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում, որը տարածել է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսն և օրինագծին կողմ քվեարկած մյուս խորհրդարանականներին:

«Շարմազանովը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում հույն պատգամավորների քայլը՝ այն որակելով ծառայություն ոչ միայն հայ եւ հույն ժողովուրդներին, այլև ամբողջ մարդկությանն ու քաղաքակրթությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջև», - նշվում է ԱԺ փոխնախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Yerkir.am-ի փոխանցմամբ, նույնպես ողջունում է օրինագծի ընդունումը, սակայն զգուշացնում՝ պետք է հետևել օրինագծի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումներին, որպեսզի Շվեյցարիայի կողմից ընդունված նմանատիպ օրինագծով դատավճռի բողոքարկման օրինակը չկրկնվի:

ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքը իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում: Ինչից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ վճիռը:

Մանոյանի խոսքով` կարևոր է, որ այդ որոշումը ճիշտ ընդունվի, և այն հանկարծ չհամարեն խոսքի ազատության կաշկանդում:

Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ձայների ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում:

20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկայնության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել նաև Ֆրանսիայի խորհրդարան: Հեղինակը խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նշել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին նման օրինագիծը չէ: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---