15  Շառլ Ազնավուր

Ֆրանսիացի երգչուհի Zaz-ը Շառլ Ազնավուրի հետ դուետ է ձայնագրել (վիդեո)

Ֆրանսիացի երգչուհի Zaz-ը Շառլ Ազնավուրի հետ դուետ է ձայնագրել

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի հայտնի երգչուհի Zaz-ը նոյեմբերին նոր ձայնասկավառակ կթողարկի, որտեղ կընդգրկվի նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ դուետը: Բացի այդ, երգչուհին կերգիջազիստ Ջոն Քլեյթոնի ու Նիկի Յանովսկու հետ: Ձայնասկավառակը ձայնագրվել է ամերիկացի պրոդյուսեր ու կոմպոզիտոր Քուինսի Ջոնսի հետ գործակցությամբ:

Ավելի վաղ Europe 1 ռադիոկայանին հարցազրույցում Ազնավուրն ասել էր, որ երբ իմացել է երգչուհու նոր ալբոմի մասին, կապվել է իր գեղարվեստական տնօրենի հետ ու խնդրել Zaz-ի հետ դուետ կազմակերպել:

«Ես նրան շատ եմ սիրում, իսկ երբ ինչ-որ մեկին սիրում եմ, գտնում եմ նրան»,- նշել է շանսոնյեն:

Ազնավուրի խոսքով, արտիստը կարող է հայտնի լինել, բայց ոչ հանրահայտ.

«Zaz-ը հանրահայտ է: Նա ծնվել է հանրահայտ, ինչպես ծնվել էր Էդիթ Պիաֆը: Հանդիսատեսը սիրում է նրա համար, որովհետև նա իր հերթին սիրում է հանդիսատեսին»:

Ձայնասկավառակում կընդգրկվեն սիրո քաղաքի մասին ֆրանսիացի երգչուհու կատարմամբ հայտնի երգերը: Թիզերն արդեն համացանցում է:

Zaz կեղծանվամբ հայտնի Իզաբել Ժեֆռուան ջազը համադրում է ֆրանսիական տարբեր սոուլ և ակոստիկ ժանրերի հետ: Նա հայտնի դարձավ 2010-ին Je veux երգից հետո, որն ընդգրկվել էր իր առաջին՝ Zaz ալբոմում: Բացի այդ, այն ներառում էր իր իսկ գրած Trop sensible երգն ու ու համատեղ գրած՝ Les passants, Le long de la route, Prends garde à ta langue, J'aime à nouveau, Ni oui ni non։ Je veux հիթը գրել է Կերադին Սոլտանին, փոփ երաժիշտ Ռաֆայել Հարոչը՝ Éblouie par la nuit, Port Coton ու La fée-ն: 2010-ին նա պայմանագիր է կնքել Caramba և Sony ATV ձայնագրման ստուդիաների հետ։

2011-ին երգչուհին հաղթել է European Border Breakers Awards մրցանակաբաշխությունում, որն ամեն տարի ի հայտ է բերում 10 զարգացող երգչի կամ խմբեր, որոնք նախորդ տարիներին թողարկած իրենց միջազգային ալբոմներով գրավել են հանդիսատեսին։

Zaz-ը շրջել է Ֆրանսիայով, հանդես եկելՄոնրեալի Ֆրանկոֆոլիս քաղաքում, ինչպես նաև Շվեյցարիայում, Բրյուսելում, Բեռլինում և Միլանում։

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---