40 օր շարունակվող կոտորած. Երևանում ու Ստեփանակերտում ջահերով երթով դատապարտել են եզդիների ցեղասպանությունը

40 օր շարունակվող կոտորած. Երևանում ու Ստեփանակերտում ջահերով երթով դատապարտել են եզդիների ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը», «Ոչ ցեղասպանություններին» պաստառներով ու կոչերով Իրաքի հյուսիսում եզդիների կոտորածը դատապարտողները սեպտեմբերի 11-ի երեկոյան Ազատության հրապարակից ջահերով երթով հասան Ծիծեռնակաբերդ: Երթի մասնակիցները դատապարտում էին ոչ միայն եզդիների, այլև Հայոց ցեղասպանությունը:

«Ո՛չ ցեղասպանություններին» նախաձեռնության անդամ Նելլի Գիշյանը նշել է, որ նախաձեռնության ներքո միավորվել են մի շարք երիտասարդական կազմակերպություններ և եզդիական համայնքների ներկայացուցիչներ:

«Առիթը Իրաքում եզդիների ցեղասպանության խնդիրն է: Մենք չենք նշում մեր կազմակերպությունների անունները, քանի որ մեզ միավորում է ցեղասպանության դատապարտման գաղափարը, ոչ թե հատ-հատ կազմակերպություններ»,- ասել է նա:

Ջահերով երթին մասնակցել է 40 ջահակիր. լրանում է եզդիների ցեղասպանության քառասուն օրը, ինչպես նաև 40-ը խորհրդանշանական է նաև Մուսա Լեռան առումով:

Երթին նախորդող ասուլիսին նախաձեռնության անդամ Խդր Հաջոյանը նշել է, որ զրուցել է Թուրքիայում կռվող եզդիներից մեկի հետ ու մանրամասնել.

«Գրավել են յոթ եզդիական գյուղ: Տարածքներն ահաբեկչական խմբավորումների ազդեցության ներքո են գտնվում, և հնարավոր չէ կոնկրետ թիվ նշել: Զախոյի տարածքում հարյուր հազարից ավելի փախստական գտնվում է ծայրահեղ վիճակում. ունեն սննդի պակաս, հումանիտար օգնությունը տեղ չի հասնում: Ընդհանուր զոհերի թիվը հասնում է 20.000-ի»:

Անդրադառնալով եզդիներին Հայաստան տեղափոխվելուն՝ Խդր Հաջոյանն ասել է, թե ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ընդունել այժմ Թուրքիայում ապաստանած եզդիներին, բայց գործը բարդանում է, քանի որ Թուրքիան չի ցանկանում համագործակցել ՀՀ իշխանությունների հետ, գրում է «Առավոտը»:

Վերջին շաբաթներին աշխարհի ուշադրության կենտրոնում են «Իսլամական պետություն» խմբավորմանկողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող զանգվածային ոճրագործությունները։ Բռնությունների հետևանքով բնակության մշտական վայրերից տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ` եզդիներ, քրիստոնյաներ, մահմեդականներ։ Բռնությունները բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել։

Օգոստոսի 18-ին նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ որևէ ազգային և կրոնական փոքրամասնության և, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Նախագահի կողմից հանձնարարականներ էին տրվել արտգործնախարարությանը և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար: ՀՀ կառավարության՝ Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին 100.000 ԱՄՆ դոլարի չափով օգնությունտրամադրելու համապատասխան հայտագիրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ինհանձնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթին։

Հայաստանի Ազգային ժողովը հատուկ հաշիվ է բացել, որին խորհրդարանի պատգամավորները Իրաքի եզդիների օգնությանն ուղղված գումար կփոխանցեն:

Սեպտեմբերի 11-ին Իրաքի հյուսիսում եզդիների կոտորածը դատապարտող ջահերով երթ է անցկացվել նաև Ստեփանակերտում: Հայկական և եզդիական կազմակերպությունների անդամների կազմակերպած երթի մասնակիցները շարժվել են դեպի Ստեփանակերտի Սբ Հակոբ եկեղեցի:

«Երթով մեր զորակցությունն ենք հայտնելու Իրաքում ցեղասպանության եթարկվող եզդի ժողովրդին: Բոլորիս պարտքն է թե՛ կանխելու նոր ցեղասպանությունները, թե՛ հնարավորինս աջակցել մեր եղբայրական ժողովրդին: Ո՛չ ցեղասպանություններին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր ԼՂ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006-ի հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010-ի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---