Գյումրին` ժամանակակից տեխնոլոգիական կենտրոն. Տեխնոպարկը բացվել է

Գյումրին` ժամանակակից  տեխնոլոգիական կենտրոն. Տեխնոպարկը բացվել է

PanARMENIAN.Net - Ցանկացած ազգային ծրագիր իրագործելի է միայն այն դեպքում, եթե ամրապնդված է համապատասխան մարդկային ներուժ ձևավորելու կարողությամբ ու վճռականությամբ: Այս մասին սեպտեմբերի 13-ին Գյումրիի տեխնոլոգիական կետրոնի բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` կենտրոնը որակելով իբրև տեխնոլոգիական զարգացման հեռանկարը խորհրդանշող կառույց:

Բացմանը ներկա են եղել նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և մի շարք հյուրեր:

Սերժ Սարգսյանը կենտրոնում այցելել է «Ջի-Այ-Թի-Սի սթարթ-ափ» ակումբ, ուսումնական և «ԱրմԹաբ» լաբորատորիաներ, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարարական ծրագրի սենյակ, ճարտարագիտության և մեխանիկական լաբորատորիաներ, «Ռոստելեկոմ»-ի գրասենյակ, ցուցասրահ, «Դ-Լինք» և «Ի-Վորկս» ընկերությունների սենյակներ, մուլտիմեդիայի տաղավար և լսարան, որտեղ հանդիպում է ունեցել Գյումրիի դպրոցներից կենտրոն այցելած մոտ 130 ուսուցչի հետ:

Ի նշանավորումն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման, Սերժ Սարգսյանը կենտրոնի բակում ծառատունկ է կատարել:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ Գյումրին պետք է վերածվի ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիական կազմակերպությունները, կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները:

«Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի երկրում ձևավորվեն որակյալ կադրեր ամբողջ աշխարհի մակարդակով և ներդրումներ կատարվեն այդ կադրերին հիմք ընդունելով: Համաշխարհային կազմակերպությունների ներկայությունը Գյումրիում իր հերթին կստեղծի մեծ քանակությամբ նոր բարձր վարձրատրվող աշխատատեղեր, ինչն իր ազդեցությունը կունենա ոչ միայն կրթական մակարդակի բարձրացմանը, այլև՝ սոցիալական կյանքի վրա, որովհետև մեծ քանակությամբ ծառայություններ կստեղծվեն մարդկանց սպասարկելու համար»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ մասնավորապես կարևորում են երկրում մաքուր էներգիայի ստացումը, էներգախնայողության և էներգետիկայի նոր աղբյուրների զարգացման ոլորտները։

Հարցին, թե խոշոր ընկերությունները Գյումրին ռիսկային գոտի չեն համարում, նա պատասխանել է. «Խոշոր ընկերությունները ռիսկային չեն համարում Հայաստանը, նրանց չի հետաքրքրում, թե կադրերը որտեղ են ձևավորված: Ինչքան նմանատիպ միջավայրեր ստեղծենք Հայաստանի ցանկացած մարզում, խոշոր ընկերությունները կգնան այդ կադրերի հետևից, որովհետև Հայաստանը ապացուցել է, որ ոչ միայն որակյալ, այլ ստեղծագործ միտք ունեցող կադրերի երկիր է»:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ ելույթ ունենալով նշել է, որ կարևորելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի դերը մեր տնտեսության զարգացման գործում, ՀՀ կառավարությունը այն ճանաչել է գերակա ուղղություն: Ըստ նրա՝ այս ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին ոչ միայն պահպանվում են ոլորտի զարգացման կայուն տեմպերը, այլև նորանոր նախադրյալներ են ստեղծվում Հայաստանում ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական աճի ապահովման համար:

«Հաշվի առնելով Գյումրի քաղաքի դերը ՀՀ տնտեսության մեջ` տեխնոլոգիական զարգացման առկա ներուժը, համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների կրթական հաստատությունների ու տեխնոլոգիական ավանդույթների առկայությունը, ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց հենց այստեղ հիմնել տեխնոլոգիական կենտրոն: Վստահ եմ, որ կենտրոնն էական դերակատարում կունենա որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստման գործում, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, ՓՄՁ-ի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման հարցում: Նաև կխթանի մարզում այս ոլորտի զարգացմանը»,- ասել է նա:

2008թ. հունիսի 12-ին կառավարության նիստում հաստատվել է «Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին» հավանություն տալու մասին որոշումը, մինչև տարեվերջ հաստատվեցին նաև միջոցառումների ժամանակացույցն ու բիզնես պլանը: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի գործակցության արդյունքում: 2014թ. կառավարության որոշմամբ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Արդեն ավարտվել են կենտրոնի շինարարական և վերանորոգման աշխատանքները, իսկ կենտրոնը գործարկվել է դեռ հունվարին: Այն հագեցած է գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներով, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներով ու լսարաններով:

Գյումրիի տեխնոպարկի ստեղծման նպատակն է նպաստել քաղաքի զարգացմանը` այն վերածելով ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները։ Ծրագիրն էական նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից՝ այդպիսով նպաստելով նաև տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը: Տեխնոլոգիական կենտրոնը միաժամանակ հնարավորություն կընձեռնի արտադրական գործընթացներում ընդգրկելու Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---