Քեմբրիջի համալսարանի հետ գործակցությամբ 2000 հայ ուսուցիչ միջազգային որակավորում կստանա

Քեմբրիջի համալսարանի հետ գործակցությամբ 2000 հայ ուսուցիչ միջազգային որակավորում կստանա

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, գործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, մեկամյա նախապատրաստական աշխատանքից հետո, սկսում են մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»:
Այս մասին սեպտեմբերի 13-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բացմանը, հանդիպելով Գյումրիի դպրոցներից կենտրոն այցելած ուսուցիչների հետ, հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ ապագան կանխորոշվում է կրթությամբ:

«Ինչպես հիշում եք, հուսով եմ, որ հիշում եք, ես հրապարակավ ասել եմ, որ նոր ուսումնական տարվա սկզբին մենք կրթական ոլորտում հանդես ենք գալու ևս մեկ կարևոր ու էական նախաձեռնությամբ: Այսօր ես պատիվ ունեմ հայտարարելու այդ նախաձեռնության մեկնարկը»,- նշել է նախագահը:

Հուլիսի 12-ին ընդունված որոշման համաձայն` ՀՀ կառավարությունը «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ հիմնադրել է «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սահմանել, որ հիմնադրամում ՀՀ անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինն է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի համաձայն ոլորտի բարեփոխումն արագացնելու և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է կիրառել այն նմանօրինակ կենտրոնների միջոցով զարգացնելու մոտեցումը: Դրա համար անհրաժեշտ է կրթական համակարգ ներգրավել լավագույն կադրերին, կիրառել միջազգային փորձը, բացահայտել և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերած ուսուցիչներին, զարգացնել մանկավարժների ազգային հավաստագրման ծրագիրը և այլն:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հզոր երկիր ունենալու համար պետք է ունենալ որակյալ և մրցունակ մարդկային ռեսուրս, վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է բարձրորակ կրթական համակարգ և դրան համապատասխան ուսուցչական համայնք: 


«Մենք պետք է որակական բարձր չափանիշների հասնելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մեր ուսուցիչները պատրաստվեն ըստ միջազգային չափորոշիչների, ապահովեն լավագույն կրթական բովանդակություն և ստանան արժանապատիվ վարձատրություն»,- նշել է նախագահը` ազդարարելով Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը:

Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք: Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական համակարգով, ըստ որի ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում: Այն լրամշակվելու և ամբողջովին բերվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխանության: Այնուհետև գրանցվելու է Հայաստանի Հանրապետության և միջազգային որակավորման համապատասխան հաստատությունների կողմից:


Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրիմիջազգային որակավորմանմոտ 2000 ուսուցիչ:

«Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ՝ օրինակ ծառայելով Հայաստանի դպրոցների ուսուցիչների ներկայիս ու նոր սերնդի համար, ինչպես նաև կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց»,- շեշտել է Հանրապետության ղեկավարը:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ամբողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի` ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:


«Անցկացվելու են ծրագրի հանրային քննարկումները: Մենք պետք է վստահ լինենք, որ կա կրթության որակի բարձրացման հանրային պատվեր և մասնակցության պատրաստակամություն: Ուստի, պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրիդ ձայնը լսված է»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հավելել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ծրագրի «ակտիվ կրողն ու առաջ տանողը»` Մեսրոպ քահանա Արամյանը, և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեծ մամուլի ասուլիս կկազմակերպեն, որտեղ կխոսեն ծրագրի ու քայլերի հաջորդականության մասին:

«Այս պահին եկեք համարենք, որ մենք այս լավ միջավայրում հայտարարեցինք, ազդարարեցինք մի կարևոր ծրագրի սկիզբ, և գոնե այս պահին այս դահլիճում մի քանիսը, ովքեր ծանոթ են ծրագրին, վստահ են, որ մի քանի տարի հետո այն լինելու է արդեն իրականացված որոշ մասով և արդեն իր օգուտն է բերելու մեր կրթական համակարգին: Մոտավորապես այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, երբ խոսում էինք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց ունենալու մասին, շատ թերահավատներ եղան, շատ քննադատներ եղան, բայց, փառք Աստծո, ուղիղ չորս շաբաթ հետո մենք բացելու ենք Դիլիջանի միջազգային դպրոցը, որ կառուցվեց Ռուբեն Վարդանյանի և իր ընկերների կողմից և որը, անշուշտ, շատ մեծ դերակատարություն է ունենալու մեր կրթական համակարգում: Դա, գիտեք, շատ լավ շտրիխ է մեր կրթական համակարգի համար: Վստահ եմ, որ հետո տեսնելու եք: Յուրաքանչյուր ոք, ով այսօր գնում և հեռվից տեսնում է այդ դպրոցը, արդեն կարծիք է կազմում բովանդակության մասին: Ես վստահ եմ, որ մեր այս ծրագիրը շատ մեծ դերակատարություն է ունենալու Հայաստանի ապագայի համար»,-տեխնոլոգիական կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանն աշխարհի կրթօջախների քարտեզի վրա՝ ստեղծելով ավելի քան 60 երկրից տարբեր ազգությունների աշակերտների ներհոսք Հայաստան։

Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրն ուղղված է նաև Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, քաղաքի բնապահպանական կայուն զարգացմանը, լայնածավալ սոցիալական ծրագրերի իրականացմանը, քաղաքի ենթակառուցվածքների արդիականացմանը և դրանց հետագա զարգացման խթանմանը։

Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ հետ։ Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---