Էրդողանի գլխավոր ընդդիմադրի կողմնակիցների բանկին Թուրքիայում լուրջ ճգնաժամ է սպառնում

Էրդողանի գլխավոր ընդդիմադրի կողմնակիցների բանկին Թուրքիայում լուրջ ճգնաժամ է սպառնում

PanARMENIAN.Net - Թուրքիայի «Ասիա բանկը», որը հայտնի է երկրում գյուլենականների շարժման հետ ամուր կապերով, լուրջ ֆինանսական ճգնաժամի առջև է կանգնած ավանդների կտրուկ արտահոսքի պատճառով: Օգոստոսին բանկին արգելեցին սակարկել թուրքական բորսայում: Ըստ Daily Sabah-ի, 2014-ի առաջին կիսամյակում բանկի եկամուտը նվազել է 21 տոկոսվով: Ավանդների արտահոսքը կազմել է 6 մլրդ թուրքական լիրա՝ մոտ 2.7 մլրդ դոլար, ակտիվները կրճատվել են 7,6 մլրդ լիրայով՝ 3,3 մլրդ դոլար: Ավելի վաղ երկրի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը հայտարարեց, որ բանկը կարղ է գնել կառավարական ֆինանսական կառույցներից մեկը, սակայն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է այդ հնարավորությունը:

Հայտնի է, որ բանկի սեփականատերերը համակրում են ամերիկաբնակ, Էրդողանի գլխավոր ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենիգլխավորած շարժմանը: Գյուլենը հրաժարվում է վերադառնալ Թուրքիա:

Գյուլենն ամենաազդեցիկ իմամներից մեկն է ժամանակակից աշխարհում, որը հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին և դեմ է երկրի միջամտությանը Սիրիայի պատերազմին: Նա հանդես է գալիս նաև քրիստոնյաների, մահմեդականների և հուդայականների միջկրոնական երկխոսության օգտին: Այդ հայացքները հակասում են Էրդողանի ծրագրերին, որը զգալիորեն սառել է ԵՄ հանդեպ, սատարում է Ասադի դեմ կռվող գրոհայիններին, արագ տեմպերով իսլամականացնում է Թուրքիան և սատարում պաղեստինցիներին: Համարվում է, որ հենց Գյուլենն էր նախաձեռնել մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալը, որը ցնցեց Թուրքիայի քաղաքական համակարգը «ընտրական» 2014 թվականին:

Գյուլենի գլխավորած նուրսիստների շարժումը կրոնական կազմակերպություն է, որը մասնագետները համարում են «թուրքական կրոնական աղանդ», «ծայրահեղական կազմակերպություն», «պանթուրքիստական», ինչպես նաև «պանիսլամիստական» կամ «քրդական ծայրահեղական» կազմակերպություն: Կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո ազգությամբ քուրդ, հայտնի աստվածաբան, Ղուրանի մեկնաբան, վահաբբիզմի հակառակորդ Սաիդ Նուրսիի կողմից: Այսօր նուրսիստների համայնքի համախառն կապիտալը հասնում է 80 մլրդ դոլարի:

Այն ժամանակ համացանցում փաստաթղթեր և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցների ձայնագրություններ հայտնվեցին, որ վկայում են հսկայական չափերի հասած կաշառակերության մասին իշխող կուսակցության շարքերում: Հանրության հասանելիքը դարձավ նաև Էրդողանի հեռախոսազրույցը որդու հետ՝ նրանք քննարկում էին, թե որտեղ կարելի է թաքցնել տանը պահվող կանխիկ 40 մլն դոլարը, որ ստացել էին «ատկատի» դիմաց: Չի բացառվում, որ գյուլենականները կապված են նաև ԶԼՄ-ներում թուրք գեներալների զրույցի տարածման հետ, որոնք քննարկում էին հնարավոր սադրանքների կազմակերպումը թուրք-սիրիական սահմանին՝ Սիրիա լայնածավալ ներխուժման նպատակով:

Էրդողանը մամուլում հայտնված նյութերին պատասխանեց ձերբակալություններով՝ օրինական իշխանության տապալման ու հեղաշրջման մեղադրանքների հիման վրա: Վերջին ձերբակալություններից էր ոստիկանության 50 պաշտոնյաների ձերբակալությունը կոռուպցիայի պատրվակով:

Գյուլենի և նրա կողմնակիցների դեմ պայքարի լույսի ներքո պետք է ընկալել նաև Գյուլենին ԱՄՆ-ից Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ պահանջը: Այն մասին, որ Թուրքիան իմամի արտահանձնումն է պահանջելու հայտարարեց ինքը Էրդողանը Ուելսում անցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Օբամայի հետ նախատեսված երկկողմ հանդիպման ժամանակ, որը սակայն, չկայացավ:

Գյուլենականների հետ սկանդալը նաև Ադրբեջանին առնչվեց. Թուրքական մամուլում և սոցցանցերում հրապարակումներ են հայտնվում, որտեղ Ադրբեջանի կառավարության անդամները մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած նուրսիստների կրոնական շարժման հետ կապեր ունենալու մեջ: Ինտերնետում հրապարակվել է նուրսիստների առաջնորդ Գյուլենի հեռախոսազրույցի ձայնագրությունը Թուրքիայի Արդյունաբերողների ու գործարարների կոնֆեդերացիայի (TUSKON) ղեկավար, Ուգանդայում Թուրքիայի պատվո հյուպատոս Մուստաֆա Գյունեյի հետ, որտեղ խոսք է գնում ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին պաշտպանության նախարար նշանակելու մասին: Զրույցի ժամանակ Զաքիր Հասանովը բնութագրվում է «որպես ջամահաթին մոտ մարդ» և ասվում է, որ Գյուլենը շնորհավորական նամակ է հղել նրան նշանակման կապակցությամբ: Շարժման հետ կապեր ունենալու համար պաշտոններից զրկվեցին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը, երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիևը, նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, այլ պաշտոնյաներ: Նուրսիստների ջախջախման թեման Ադրբեջանում համաձայնեցվել էր Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հետ:

Photo: Haqqin
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---