Կասպրշիկ. ԵԱՀԿ-ն Ղարաբաղի վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել կողմերին և սպասում է պատասխան քայլերի

Կասպրշիկ. ԵԱՀԿ-ն Ղարաբաղի վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել կողմերին և սպասում է պատասխան քայլերի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն ինտենսիվ բանակցությունների հույս ունի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում: Այդ մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ըստ նրա, դրական է գնահատվում կողմերի յուրաքանչյուր նախաձեռնություն և ջանք, ուղղված գործընթացի առաջխաղացմանը:

ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախագահ Դիդիե Բուրկհալթերը ընթացիկ տարվա հունիսին Երևանում հայտարարեց, որ Շվեյցարիան պատրաստ է անել ամեն հնարավորը հանուն խաղաղության միջավայրը բարելավելու համար և հորդորել է ստեղծել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ինչը բոլորը ողջունեցին, բայց կյանքի չկոչեցին:

Նա նաև նշեց, որ Շվեյցարիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը և ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս հնարավորություն չի եղել կյանքի կոչելու միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը:

Ինչպես նշել է Կասպրշիկը, ԵԱՀԿ-ն իր առաջարկներն է ներկայացրել հակամարտության կողմերին և ինտենսիվ բանակցությունների կոչ արել: «Այժմ կողմերը պետք է անհրաժեշտ քայլերը ձեռնարկեն գործընթացի առաջխաղացման համար»,- նշել է Կասպրշիկը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Կասպրշիկը նաև դրական է գնահատել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը Սոչիում և Ուելսում՝ հույս հայտնելով, որ երկխոությունը կշարունակվի Ֆրանսիայի նախագահի հրավերով նախատեսվող հանդիպման ժամանակ:

Մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին համանախագահների հետ:

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն հայտնեց, որ հոկտեմբերին սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Ըստ նրա, եռակողմ հանդիպումը նախատեսվում է Փարիզում:

Դեսպանը նաև նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներն ու խաղաղ գործընթացի խնդիրները: «Կարծում եմ, որ այդ հանդիպումը կարևոր է խաղաղության պահպանման համար»,- ասել է Մոնիեն:

Սպասվող հանդիպմանն անդրադարձել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն ՀեֆՖերնը՝ նշելով, որ կոնկրետ օրը չգիտի: Նա նշել է, որ Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համար տեղի ունեցավ իրոք կարևոր հանդիպում, քանի որ այն նաև շատ լավ հնարավորություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի համար՝ անձամբ ներգրավված լինելու բանակցություններում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---