9  16.09.14 - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ԵՊՀ ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին

Դիվերսիաների կանխարգելման նոր համակարգ` Հայաստանում ու Արցախում. Նախարարը դեմ է տարկետմանը (թարմացված)

Դիվերսիաների կանխարգելման նոր համակարգ` Հայաստանում ու Արցախում. Նախարարը դեմ է տարկետմանը (թարմացված)

PanARMENIAN.Net - Հակառակորդի դիվերսանտները չեն կարողացել ու չեն կարողանա հաջողություն գրանցել ու կատարել իրենց առաջադրանքը, քանի որ և՛ Արցախում, և՛ Հայաստանում ստեղծվել է համապատասխան պաշտպանական միջավայր, ինչպես նաև` հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի հատուկ համակարգ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանում ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հակառակորդի դիվերսիաների կանխարգելման համակարգի ստեղծման մասին:

«Հակառակորդի բոլոր դիվերսիոն գործողությունները հասել են մինչև մեր ստեղծած այդ ինժեներական սարքավորումները և կանգ առել, չեն կարողացել առաջ գնալ»,–ասել է նախարարը։

Իսկ այդ դեպքում ինչպես են մարդիկ հատում սահմանը, հարցնում է նախարարն ու ինքն էլ պատասխանում`տեղանքը լեռնային է, յուրաքանչյուր մետրը փակելը` անհնար.

«Որոշ տեղերում կան բաց տարածքներ, այդ տեղերում կան համապատասխան նշաններ, բայց բնակիչները դրանց ուշադրություն չեն դարձնում: Փորձը ցույց է տալիս, որ սահմանը հատած մարդկանց մեծ մասը որոշակի մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ էին և ուշադրություն չեն դարձրել այդ նշաններին»:

Անդրադառնալով սահմանում լարվածություն ստեղծելու հակառակորդի չստացված փորձերին, Սեյրան Օհանյանը նշել է, որ «այս ամբողջ գործընթացի ընթացքում ստեղծել ենք պայմաններ, որ այլևս Հայաստանի և Արցախի հետ պարտադրելու պայմանով խոսելն անհնար է: Արցախի ինքնորոշմանն այլընտրանք չկա»։

Բացի այդ, նախարարի խոսքով, ԶՈՒ զարգացման մեջ 2014-15 թվականներն առանձնահատուկ տարիներ են. սկսում ենք մեր պատմության մեջ պաշտպանական ուժի երկրորդ վերանայումը` ուշադրություն դարձնելով նաև «ղեկավարում առաջադրանքի միջոցով» սկզբունքի ձևավորմանը, գրում է Tert.am-ը:

Օգոստոսի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը կարևոր առաջարկ է արել՝ պետք է ունենանք այնպիսի սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ամբողջ սահմանը:

«Այժմ հաշվարկվում է այդ նախագիծը: Հայաստանի կառավարությունը կփորձի անպայման սատարել այդ ծրագրի իրականացմանը»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով, որևէ աջակցություն չեն խնայելու, որպեսզի հայկական բանակն ավելի մարտունակ լինի: Յուրաքանչյուր ֆինանսական ռեսուրս պատրաստ են տրամադրել` բանակը զինելու, հայկական հողն ու սահմանը պաշտպանելու համար, քանի որ «այլընտրանք չունենք»:

ԵՊՀ-ում նախարարն անդրադարձել է նաևզորակոչից տարկետման իրավունքի վերաբերյալ հարցին.

«Յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է իր ծառայությունը կատարի, ես կողմ եմ, որ այդ տարկետումը վերացվի»,- ասել է Սեյրան Օհանյանը, գրում է Panorama.am-ը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և քարուղար Թևան Պողոսյանն առաջարկում են չեղարկել ուսման պատճառով զինծառայության տարկետման իրավունքը: Սեպտեմբերի 12-ին նրանք «Զինվորական ծառայություն անցնելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկ են ներկայացրել ԱԺ:

Սեպտեմբերի 12-ին Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը կհամալրվեն նոր հեռահար զենքով: Նախարարը չի մանրամասնել, թե Հայաստանն ումից է գնելու այդ զենքերը: Օհանյանը հիշեցրել է ռազմական գաղտնիքի և դրա պահպանման սկզբունքի մասին` հավելելով, որ այն, ինչ կարող էր` արդեն ասել է»:

Ավելի վաղ նախարարն ասել էր, որ նոր՝ «հեռահար, գերճշգրիտ» սպառազինության ձեռքբերումը կավարտվի 2014-ին: Չի բացառվում, որ խոսքը ռուսական «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգի արդիականացված մոդելի մասին է: Դեռ 2013-ի ամռանը «Ազատություն» ռադիոկայանն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Հայաստան են ներկրվել «Իսկանդեր» տիպի համակարգեր, սակայն պաշտոնապես այդ տեղեկատվությունը ոչ հաստատվեց, ոչ հերքվեց:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---