Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան. Վաշինգտոնը գիտեր, որ Թուրքիան սատարում է «Ալ Քայիդային», բայց ոչինչ չարեց

Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան. Վաշինգտոնը գիտեր, որ Թուրքիան սատարում է «Ալ Քայիդային», բայց ոչինչ չարեց

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն, ըստ Telegraph-ի, հայտարարել է, որ Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերել «Ալ Քայիդայի» սիրիական թևին՝ «Ալ Նուսրա» խմբավորմանը, ինչպես նաև ծայրահեղական սալաֆիթների «Անհար ալ Շամ» խմբավորմանը:

Ըստ Ռիկարդոնեի, աջակցությունը դրսևորվում էր մասնավորապես նրանում, որ խմբավորման գրոհայինները, զենքն ու զինամթերքը ազատ մուտք էին գործում Սիրիա թուրքական սահմանով: «Որոշ ժամանակ թուրքերը սերտորեն համագործակցում էին խմբավորումների հետ, այդ թվում նաև «Ալ Նուսրայի», որոնց հետ մենք թույլ չէինք տալիս գործակցել»:

Ռիկարդոնեն նշել է նաև, որ փորձել է համոզել Թուրքիային փակել սահմանները, բայց ապարդյուն: «Առաջին անգամ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան հայտարարում է, որ Թուրքիան սատարել է «Ալ Քայիդային»,-գրում է պարբերականը:

Asbarez-ն այդ առիթով նշում է, որ հենց «Ալ Նուսրայի» ահաբեկիչներն են հարձակում գործել հայաբնակ Քեսաբի վրա 2014-ի գարնանը:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: Քեսաբում մոտ 2,5-3 հազար հայ է բնակվում, կա 11 հայկական գյուղ, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ: Հայկական եկեղեցու գմբեթի խաչի փոխարեն գրոհայինները սև դրոշ կանգնեցրին:

«Երբ ամերիկահայերը բողոքում էին Թուրքիայի գործողությունների դեմ Քեսաբի դեմ հարձակման ժամանակ, ԱՄՆ իշխանությունները սահմանափակվեցին «մտահոգություն» հայտնելով Մերձավոր Արևելքում հայերի ու մյուս քրիստոնյաների վիճակի վերաբերյալ: Չնայած համայնքի պնդումներին, որ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է Քեսաբի դեմ «Ալ Նուսրայի» հարձակման մեջ, ԱՄՆ Պետդեպը զսպվածություն դրսևորեց ՆԱՏՕ-ում իր դաշնակցի հասցեին մեղադրանքների առումով:

ԱՄՆ-ն ուղղակի աչք փակեց ահաբեկիչների հետ Թուրքիայի գործակցության վրա, իսկ Անկարան անտեսեց այն փաստը, որ «Ալ Քայիդայի» զինյալներն այդ երկրի տարաքծն են օգտագործում Քեսաբի կամ Հալեպի վրա հարձակվելու համար: Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, հայտարարությունը պետք չէ դիտարկել որպես ԱՄՆ պաշտոնական դիրքորոշում, քանի որ Ռիկարդոնեն հեռացավ կառավարությունից 2014 թ. հունիսին դիվանագիտական առաքելությունն ավարտելուն պես: Սակայն նախկին դիվանագետի հայտարարությունները հաստատում են, որ ԱՄՆ տեղյակ է եղել, որ Թուրքիան սատարել է «Ալ Քայիդային» և ոչինչ չի արել:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել են, որ Թուրքիան գաղտնի սատարում է «Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկիչներին: Daily Beast-ն անդրադարձել է նավթի ու վառելիքի առևտրին ԻՊ և Թուրքիայի միջև: Ըստ փորձագետների հաշվարկների, ԻՊ-ն օրական 3 մլն դոլար է աշխատում նավթի ապօրինի առևտրով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---