Իսրայելի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չմեկնել Ադրբեջան ու Թուրքիա. Ահաբեկչության վտանգ կա

Իսրայելի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չմեկնել Ադրբեջան ու Թուրքիա. Ահաբեկչության վտանգ կա

PanARMENIAN.Net - Իսրայելի Պետության ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնակայանը կրկին զգուշացրել է արտերկիր մեկնող իր քաղաքացիներին: Ահաբեկիչների հարձակումներին ենթարկվելու սպառնալիքի կապակցությամբ իսրայելցիներին խորհուրդ չի տրվում մի շարք երկրներ այցելել, այդ թվում նաև Ադրբեջան ու Թուրքիա: Այդ մասին ասվում է Իսրայելի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Հավելվում է, որ զգուշացումները, հիմնված լինելով ճշգրիտ ու ստուգված հետախուզական տվյալների վրա, իրական սպառնալիքի մասին են վկայում:

Նշվում է, որ հրեական տոների (Ռոշ ա Շանի՝ 24.09.14, Յոմ Կիպուրի 3.10.14, Սիմհատ Տորի 16.10.14) ժամանակ ահաբեկչական գործողությունների վտանգ կա արտերկրում իսրայելաբնակ և մյուս հրեաների համար: Սպառնալիքն աճել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով, որտեղ բազմահազարանոց հակաիսրայելյան ցույցեր են տեղի ունեցել, ինչպես նաև հակասեմականության աճի պատճառով: Այս միտումները, հավանաբար, կպահպանվեն նաև տոների ժամանակ: Ահաբեկչության դեմ կենտրոնակայանը հրահանգ է մշակել տոներին արտերկիր մեկնողների համար, որտեղ նշված են տարածաշրջաններն ըստ յուրաքանչյուրին հատուկ սպառնալիքի մակարդակի և կենտրոնակայանի հրահանգները:

Նշվում է, որ Իսրայելի քաղաքացիներին կտրականապես խորհուրդ չի տրվում այցելել Աֆղանստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Իրաք, Սաուդյան Արաբիա, Եմեն, Լիբիա, Սուդան և Սոմալի, իսկ ով արդեն այնտեղ է, նրանց խորհուրդ է տրվում անհապաղ հեռանալ այդ երկրներից, ասվում է Իսրայելի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Panorama.am-ն իր հերթին հիշեցնում է, որ վերջին մի քանի տարիներին ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի իշխանություններն Ադրբեջանը համարում են ահաբեկչության մեծ վտանգ պարունակող երկիր և բազմիցս են դիմել իրենց քաղաքացիներին՝ զգուշացնելով ահաբեկչության վտանգի մասին: Ադրբեջանը նաև այն 9 երկների թվում է, ուր Իսրայելը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չայցելել:

2011-ի փետրվարին ահաբեկչական սպառնալիքի պատճառով Բաքվում Իսրայելի դեսպանատան աշխատանքը կասեցվեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնակայանը, որը գործում է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակին կից, զգուշացում է արձակել իսրայելցիների դեմ հարձակումներ կազմակերպելու «Հեզբոլլահի» ծրագրերի մասին և հորդորել խուսափել ուղևորություններից որոշ երկրներ ազդեցիկ գրոհայիններ՝ Իմադ Մուրնիսի և Աբբաս Մուսավիի, ոչնչացման հերթական տարելիցի կապակցությամբ:

2012-ի փետրվարին Իսրայելի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնակայանը զգուշացում արձակեց արտերկիր ուղևորությունների վերաբերյալ: 41 երկրների թվում էին նաև Թուրքիան ու Ադրբեջանը:

Ադրբեջանցի ահաբեկիչները մասնակցում են մարտական գործողությունների Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում: Ըստ ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվական գործակալության, ադրբեջանցի ահաբեկիչների ընդհանուր թիվը նշված երկրներում հասնում է 300-ի: Ըստ ադրբեջանական «Ֆակտ Հաբեր» պորտալի, միայն Սիրիայում վերջին երեք տարում զոհվել է մոտ 200 ադրբեջանցի ահաբեկիչ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---