Օզոնի շերտը սկսել է հաստանալ. Լիակատար վերականգնումը` 2050 թվականին

Օզոնի շերտը սկսել է հաստանալ. Լիակատար վերականգնումը` 2050 թվականին

PanARMENIAN.Net - 35 տարվա մեջ առաջին անգամ գիտնականները հաստատել են, որ երկրագունդն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող օզոնի շերտը սկսել է վերականգնվել: Լիակատար վերականգնումը կարող է տևել տասնյակ տարիներ, նշվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի(UNEP) ու Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության(WMO) համատեղ զեկույցում: Սեպտեմբերի 16-ին նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը:

Շերտի դրական փոփոխությունները, ըստ գիտնականների, տեղի են ունենում, մասնավորապես, միջազգային համաձայնեցված քայլերի շնորհիվ` ուղղված օզոնաքայքայիչ նյութերի օգտագործման դեմ:

«Մենք դրական փոփոխություն ենք արձանագրել, որոնք մատնանշում են, որ օզոնի շերտը մինչև հարյուրամյակի կեսը կարող է ամբողջովին վերականգնվել: Մոնրեալի արձանագրությունը, շրջակա միջավայրի հարցերով ամենահաջողակ համաձայնագրերից մեկը, պահպանում է օզոնի շերտն ու կանխարգելում ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ներգործությունը Երկրի մակերևույթին»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտողարի տեղակալ և UNEP ղեկավար Աքիմ Սթեյները, հաղորդում է Ria Novosti գործակալությունը:

1987-ին ստորագրված և 1989-ի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Մոնրեալի արձանագրությունը ներկա պահին վավերացվել է ՄԱկ անդամ 196 պետության կողմից, այդ թվում` Հայաստանի Հանրապետության:

Փաստաթուղթը նախատեսում է քլորաֆտորածխածնային արտանետումների աստիճանական սահմանափակում, որն արագացնում է օզոնի շերտի քայքայումը` 2004-ից մինչև 2030 թվականը:

Հայաստանի Հանրապետությունը «Օզոնային շերտի մասին» Վիեննայի կոնվենցիային և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը միացել է 1999-ի ապրիլի 28-ին: Արդեն 2006-ին ընդունվեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը, իսկ 2007-ին` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը, որոնցով սահմանվեց օզոնաքայքայիչ նյութերի օգտագործման փուլային փոխարինում:

ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի ինստիտուցիոնալ հզորացում ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը, անդրադառնալով Հայաստանում օզոնի շերտի պահպանմանն ուղղված քայլերին, PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր երկիր, միանալով կենվենցիային, պարտավորվում է որոշակի ժամանակամիջոցում վերացնել օզոնաքայքյիչ նյութերի արտադրությունն ու օգտագործումը:

«Հայաստանի դեպքում խոսքը գնում է միայն այդ նյութերի օգտագործման ու ներմուծման մասին, քանի որ այստեղ երբեք քլորաֆտորածխածին չի արտադրել, իսկ 2010-ի հունվարի 1-ից արգելվել է նաև դրա ներմուծումը: 2010-ից իրականացվող ծրագրով սահմանափակվում ու փոխարինվում է օզոնաքայքայիչ մեկ այլ` հիդրոքլորֆտորածխածինների օգտագործումը»,- նշեց մասնագետը:

Հայաստանում օզոնի շերտի վերականգնմանն ուղղված ինստիտուցիոնալ հզորացում ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Մոնրեալի արձանագրության իրականացման համար բազմակողմանի հիմնադրամի` 120.000 ԱՄՆ դոլար (2 տարվա համար), և ՀՀ Կառավարության` 50.000 ԱՄՆ դոլար(նյութական օգնության տեսքով) կողմից:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա առթիվ տարածած ուղերձում նշել է, որ դեռևս շատ անելիքներ կան:

«Հայաստանը շարունակում է համաշխարհային հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար: Պահպանենք օզոնային շերտը, չէ՞ որ այն պահպանում է մեզ»,-նշել է նախարարը:

Օզոնային շերտը գտնվում է վերնոլորտում` մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում, որտեղ խտացած է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։ Այն հայտնաբերել են ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆաբրին և Անրի Բուիսսոնը 1913-ին։

Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։

1985-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է։ Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին։ Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---