Ամերիաբանկի վարկային պորտֆելը հատել է 200 մլրդ դրամի շեմը

Ամերիաբանկի վարկային պորտֆելը հատել է 200 մլրդ դրամի շեմը

PanARMENIAN.Net - 2014 թվականի օգոստոսին Ամերիաբանկի վարկային պորտֆելը հատել է 200 մլրդ դրամի շեմը (մոտ $500 մլն): Այս մասին սեպտեմբերի 17-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարեց բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյան` նշելով, որ 2013-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է 460 մլն ԱՄՆ դոլար:

«Այսինքն, արդեն ունենք մոտ 45 մլն դոլարի վարկային պորտֆելի աճ: Ընդ որում, կորպորատիվ վարկերը կազմում են ամբողջ վարկային պորտֆելի 82%-ը: Այս տարվա առաջին 7 ամիսներին արձանագրել ենք վարկային պորտֆելի 10% աճ: Պլանավորում ենք մինչև տարեվերջ այն հասցնել 550 մլն դոլարի, իսկ դա էլ նշանակում է, որ վարկային պորտֆելը մեկ տարում ավելանալու է 90 մլն դոլարով կամ 17%-ով»,- նշեց նա` մանրամասնելով, որ կորպորատիվ վարկային պորտֆելն էլ բաժանվում է երկու մասի` խոշոր և ՓՄՁ:

Գագիկ Սահակյանի խոսքով, տարեսկզբից միայն ՓՄՁ վարկավորման պորտֆելի աճը կազմել է 29,4%, որն աննախադեպ ցուցանիշ է, իսկ խոշորինը` 13,2%. «Առաջին հայացքից 13,2 % կարող է փոքր թվալ, բայց փաստացի թվով էլի շատ մեծ ցուցանիշ է»:

Անդրադառնալով տնտեսության սեկտորներին` բանախոսը նշեց, որ բանկը մեծապես հետաքրքրված է և առաջնահերթություն է տալիս վերականգնվող էներգետիկայի ու հանքարդյունաբերության ոլորտներին, որոնք վարկավորման տեսանկյունից քիչ ռիսկային ու առավել հեռանկարային են:

«Էներգետիկայի առումով ամեն ինչ բավական պարզ ու հստակ է. կա հստակ սակագին որոշակի ժամանակաշրջանի համար, ինչը հնարավորություն է տալիս երկարաժամկետ բիզնես ծրագիր մշակել, պլանավորել: Այս ոլորտում պատրաստ ենք գնալ երկար, դեռևս չիրականացված պրոեկտների: 2014-ի առաջին կիսամյակի կտրվածքով այս ոլորտի վարկավորմանը հատկացրել ենք 17 մլրդ դրամ: Մեզ համար հետաքրքիր բիզնես է հանքարդյունաբերությունը: Գործակցում ենք Հայաստանում գործող կարելի է ասել բոլոր խոշոր հանքարդյունաբերողների հետ: Իհարկե, այստեղ էլ միջազգային շուկայում գների փոփոխության ռիսկը կա, բայց մեզ համար շատ հետաքրքիր բիզնես է: Հետաքրքրված ենք նաև ջերմոցային տնտեսությւոններ վարկավորմամբ, որը սկսեցինք 2013 թվականից և ակտիվ զարգացնում ենք»,- նշեց բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Որպես բանկի համար հետաքրքիր ճյուղ բանախոսը նշեց նաև գյուղատնտեսական մթերքների մշակումն ու արտահանումը` կապված Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցնեի ֆոնին պահանջարկի աճին. «Առաջիկայում պատրաստվում ենք ավելի շատ ուշադրություն դրաձնել գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը: Մեր գնահատականներով, պատժամիջոցները դեռ մի քանի ամիս կշարունակվեն»:

Ամերիաբանկը կորպորատիվ հաճախորդների համար որևէ նոր փաթեթ առաջիկայում չի պատրաստվում առաջարկել, քանի որ բանկի աշխատելաոճը պարտադրում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի:

«Կորպորատիվ հաճախորդների համար ընդհանուր առաջարկ Ամերիաբանկը չունի, քանի որ յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բանկը չունի 2 կորպորատիվ հաճախորդ` նույն պայմաններով. մեկի մոտ տոկոսն է բարձր, մեկի պահանջն է բոլորովին այլ է: Ամենակարևորը հաճախորդի հետ հանդիպման ժամանակ նրա կարիքները բացահայտելն է: Գուցե նա գալիս է վարկի համար, բայց նրան առաջարկենք բոլորովին այլ պրոդուկտ:

Մեր հիմնական քաղաքականությունն է, որ մեր կորպորատիվ հաճախորդը գոհ լինի բանկի սպասարկումից, բանկի հետ աշխատելը պետք է լինի հաճելի: Մեր բանկում գործում է հաճախորդի մենեջերի տեխնոլոգիան, երբ հաճախորդը գործացության ամբողջ ընթացքում ` հաշիվ բացելուց, մինչև գործարքներ, շփվում է մեկ մարդու հետ:

Մեզ համար կարևոր է անհատական մոտեցումը, կարիքների բացահայտումն ու սպասարկման որակը: Ժամանակը փոխվել է: Հիմա ոչ թե հաճախորդն է գալիս դեպի բանկ, այլ մենք ենք գնում դեպի հաճախորդը, զանգում ենք, գնում ենք, ներկայանում ու ներկայացնում ենք մեր պրոդուկտները: Հաճախորդի հետ անկեղծ, հետևողական լինելը, դա է մեր հիմնական աշխատաոճը»,- մանրամասնեց Գագիկ Սահակյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---