11  17.09.14 - Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը

Վ. Համբարձումյանի անվան մրցանակակիրները հայտնի են. Երեքն էլ ինչ-որ կերպ առնչվել են հայկական աստղագիտությանը

Վ. Համբարձումյանի անվան մրցանակակիրները հայտնի են. Երեքն էլ ինչ-որ կերպ առնչվել են հայկական աստղագիտությանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում արդեն 3-րդ անգամ տեղի է ունեցել ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս տարի հեղինակավոր մրցանակի դափնեկիր են դարձել գիտնականներ Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցևն ու Բրենթ Թալին:

Ֆելիքս Ահարոնյանին առաջադրել է Իտալիայի Լինչեի ազգային ակադեմիան «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար», իսկ Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին առաջադրվել են Ռուսաստանի Հատուկ աստղադիտարանի կողմից` «Տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 դոլար և տրվում երկու տարին մեկ անգամ՝ սկսած 2010 թվականից: Մրցանակն առաջին անգամ հանձնվել է 2010-ի սեպտեմբերի 18-ին, դափնեկիր են դարձել ժնևցի Միշել Մայորը և նրա գիտական խմբի երկու անդամները` Նանո Սանթոսը և Գարիկ Իսրայելյանը` արտարեգակնային մոլորակների հետազոտությունների համար, իսկ 2012- ին` Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան):

Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականից, հանձնաժողովի նախագահն է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հանձնաժողովի մյուս անդամներն օտարազգի գիտնականներ են` Միջազգային աստղագիտական միության ներկայիս և նախորդ երկու նախագահները, Մեծ Բրիտանիայի Թագավորական ընկերության նախկին նախագահը և մի շարք ճանաչված այլ աստղագետներ:

2014-ին մրցանակի համար հանձնաժողովն աշխարհի տարբեր երկրներից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 7 առաջադրում Ռուսաստանի Դաշնությունից (2 առաջադրում), ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Գերմանիայից, Ուկրաինայից: Դափնեկիր գիտնականների ընտրությունը կատարվել է ներկայացված բոլոր աշխատանքների ուսումնասիրության, ինչպես նաև` անկախ գրախոսների կարծիքների հիման վրա:

Գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորել մրցանակի արժանացած գիտնականներին և հանձնել մրցանակները:

«Սահմանելով Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ՝ մենք լիովին գիտակցում էինք նրա հեղինակության կարևորությունը. բացի դրամական բաղադրիչից, մրցանակի արժեքն են նաև գիտական հանրության կողմից նրա ընդունումը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգտնեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հավելել է, թե շատերն են հարցնում` այդ ինչպես է, որ աշխարհի մասշտաբներով փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ.

«Լինելով երիտասարդ պետություն՝ Հայաստանն ամենադժվարին պահերին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր ուրույն տեղն ունենալ գիտական աշխարհում: Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսք ապահովելու, և ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ մենք դեռևս շատ անելիքներ ունենք»:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. երեք դափնեկիրն էլ աշխատում է ժամանակակից աստղագիտության ամենաառաջավոր ճակատում, երեքն էլ բազմաթիվ գիտական հայտնագործությունների հեղինակ են: Հատկանշական է, որ երեք մրցանակակիրներն էլ որոշակի առնչություն ունեն հայկական աստղագիտության հետ. Ֆելիքս Ահարոնյանն իր գիտական մկրտությունը ստացել է Հայաստանում և բազմիցս հանդիպումներ ու գիտական քննարկումներ է ունեցել Վիկտոր Համբարձումյանի հետ: Իգոր Կարաչենցևը նույնպես իր գիտական գործունեությունը սկսել է Հայաստանում և Վիկտոր Համբարձումյանի աշակերտներից է: Բրենթ Թալին այն հազվագյուտ ամերիկյան գիտնականներից է, որը խորհրդային տարիներին այցելել է Հայաստան:

Ի դեպ, ՀՀ ԳԱԱ կադրերի բաժնից PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեցին, որ Հայաստանի Գիտությունների ակադեմիայում այժմ աշխատում է մոտ 4070 գիտնական, որոնցից 700-ից ավելին երիտասարդներ են: Բացի այդ, ԳԱԱ-ին անդամակցում է 7-ական ակադեմիկոս (իսկական անդամ) ու պատվավոր դոկտոր, 4 թղթակից և 19 արտասահմանյան անդամ:

Հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Նա Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---