«Իսլամական պետությունը» կարող է մահափորձ կազմակերպել Հռոմի պապի դեմ Թուրքիայում

«Իսլամական պետությունը» կարող է մահափորձ կազմակերպել Հռոմի պապի դեմ Թուրքիայում

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է մահափորձի թիրախ դառնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ծայրահեղականների համար մահմեդական երկրներ այցելության ժամանակ:

Ինչպես հայտնում է Telegraph-ը, այդ մասին զգուշացրել է Վատիկանում Իրաքի դեսպան Հաբիբ աս Սադրը Ֆրանցիսկոսի Ալբանիա այցի շեմին, որը պոնտիֆիկի առաջին այցն է առավելապես մահմեդական բնակչությամբ երկիր: Աս Սադրը հիշեցրել է նաև Պապի նոյեմբերին կայանալիք այցի մասին Թուրքիա և նշել է, որ նրան այնտեղ ևս վտանգ է սպառնալու:

Աս Սադրը հայտարարել է նաև, որ ջիհադականները մտադիր են խալիֆայության սահմաններն ընդլայնել մինչև Հռոմ և քննարկում են Սբ Պետրոսի տաճարի վրա սև դրոշ բարձրացնելու հեռանկարները:

«Կարծում եմ, նրանք կարող են փորձել սպանել Պապին նույնիսկ Հռոմում՝ ԻՊ շարքերում կան ոչ միայն արաբներ, այլ նաև կանադացիներ, ֆրանսիացիներ, ամերիկացիներ, ինչպես նաև իտալացիներ»,-հայտարարել է նա La Nazione-ին տված հարցազրույցում:

Դիվանագետը մատնանշել է, որ Պապը իր դեմ տրամադրեց իսլամիստներին, երբ հայտարարեց Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների հանդեպ բռնությունների մասին, ինչպես նաև հավանություն տվեց խմբավորման դիրքերը ռմբակոծելու Սիրիայի ու Իրաքի ծրագրերին:

Կաթոլիկ աշխարհի առաջնորդներին նախկինում ևս փորձել են սպանել: Առավել հայտնի է մահափորձը Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ, որն իրականացրեց ազգայնական «Բոզկուրտ» կազմակերպության անդամ, թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Ագջան 1981թ. մայիսի 13-ին: Երկու տարի անց Հռոմի պապն այցելեց նրան բանտում ու հայտարարեց, որ ներում է նրան: 2002-ին Ագջան արտահանձնվեց Թուրքիային, որտեղ դատարանը նրան դատապարտեց մահապատժի 80-ականների սկզբին լրագրողի սպանության համար, սակայն պատիժը փոխարինվեց 10-ամյա ազատազրկմամբ: Սակայն վերջինս ազատ արձակվեց ավելի շուտ՝ 2006-ին: Ըստ որոշ աղբյուրների, ազատազրկման ժամանակ Ագջան կաթոլիկ է դարձել:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Հռոմի պապի այցը Թուրքիա նախատեսվում է նոյեմբերի 29-30-ին: Չի բացառվում, որ դրանից հետո նա կայցելի Հայաստան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---