Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածուներ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածուներ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն քննարկել է Ռիչարդ Միլզի ու Ռոբերտ Սեկուտի թեկնածությունները Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանների պաշտոնների համար:

Ըստ Asbarez-ի, Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու աշխարհն իրենց համերաշխությունը կհայտնեն հայ ժողովրդին հաջորդ տարի՝ նշելով «20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկի» 100-ամյա տարելիցը:

Միլզը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից՝ նկարագրելով 1915 թ. իրադարձությունները: Միլզը նաև կոչ է արել Թուրքիային գործակցել Հայաստանի հետ, որպեսզի երկու երկրները կարողանան խաղաղ ու արդյունավետ հարաբերություններ հաստատել:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Միլզը աջակցություն է հայտնել արձանագրություններին, որոնք ստորագրել են երկու երկրների ԱԳ նախարարները: Նա նշել է, որ գործընթացը արգելակվել է, քանի որ Թուրքիան չի վավերացրել փաստաթուղթը:

Անդրադառնալով տնտեսական բնույթի հարցերին՝ Միլզը, հավանություն չտալով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու որոշմանը, միևնույն ժամանակ հայտարարել է, որ հարկավոր է ավելացնել ամերիկյան ներդրումների ծավալը Հայաստանում: Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը դիտարկում է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շուրջ Երևանի հետ բանակցելու հարցը:

Երկու թեկնածուներին հարցեր ուղղվեցին ղարաբաղյան կարգավորման օրակարգի մասին: Եվ Միլզը, և Սեկուտը նշեցին, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Սակայն նրանցից ոչ մեկը չխոսեց Իլհամ Ալիևի դերի մասին շփման գծում վերջին իրադարձությունների ժամանակ, երբ մեծաթիվ զոհեր եղան:

Միևնույն ժամանակ հաստատվեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Բասի թեկնածությունը: Ըստ Milliyet-ի, վերջինս հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի հայ-թուրքական, ինչպես նաև թուրք-իսրայելյան և թուրք-կիպրոսյան հարաբերությունների կարգավորման համար: Պարբերականը նշում է, որ Բասը հայտնի է իր սերտ հարաբերություններով հայամետ սենատոր Մենենդեսի հետ:

Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Ջոն Հեֆերնը նշանակվեց այդ պաշտոնում 2011-ին՝ փոխարինելով Մարի Յովանովիչին: ԱՄՆ դեսպանները խուսափում են «ցեղասպանություն» եզրույթից՝ 20-րդ դարի ողբերգական իրադարձություններին անդրադառնալիս: Միակ բացառությունը դեսպան Ջոն Էվանսն էր, որը սակայն ազատվեց աշխատանքից 2006-ին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---