Շոտլանդիայի օրինակով. Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել ինքնիշխանության մասին հարցմանը

Շոտլանդիայի օրինակով. Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել  ինքնիշխանության մասին հարցմանը

PanARMENIAN.Net - Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով հավանություն է տրվում Իսպանիայի այդ ինքնավար շրջանում նոյեմբերի 9-ին ինքնիշխանության մասին բնակչության հարցում անցկացնելուն: Բանաձևը կոչ է անում հարցումն անցկացնել «ժողովրդավարական երաշխիքների ու օրենքների համաձայն»:

Բանաձևի օգտին է քվեարկել ազգայնական կուսակցություններից 86 պատգամավոր, ներառյալ «Կոնվերգենցիա և միոթյուն» իշխող կոալիցիան, ինչպես նաև երեք սոցիալիստ պատգամավորները, որոնք այդպիսով խախտել են բանաձևին չսատարելու կուսակցության որոշումը:

Փաստաթղթին դեմ է քվեարկել 44 պատգամավոր Սոցիալիստական, Ժողովրդական և «Քաղաքացիներ» կուսակցություններից, որոնք մեղադրել են Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասին կենտրոնական կառավարության հետ առճակատման բորբոքման մեջ: Ինչպես նշել է «Քաղաքացիների» նախագահ Ալբերտ Ռիվերը, «այդ են վկայում բանաձևի դրույթները, մասնավորապես, այն կետը, որը նշում է, որ ուժի մեջ է մնում հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանի հավանությանն արժանացած հռչակագիրը ինքնավար մարզի ինքնիշխանության մասին, որը, սակայն, Սահմանադրական դատարանը մարտին համարեց հակասող երկրի հիմնական օրենքին»:

Փաստաթուղթը պահանջ է ներկայացնում Կատալոնիայի կառավարության ղեկավարին «գործողությունները համաձայնեցնել խորհրդարանի հետ, եթե նոր հանգամանքներ առաջանան, կապված Կատալոնիայի ապագան որոշելու ժողովրդավարական գործընթացի հետ»: Ինչպես կարծում են իսպանացի փորձագետները, այդ փուլը բոլոր հնարավորություններն է տալիս, որ խորհրդարանը նոր որոշումներ կայացնի, եթե իսպանական պետությունն արգելի հարցում անցկացնել, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կայանալիք անկախության հանրաքվեն «անջատումների» ալիք է բարձրացրել աշխարհում: Այդպես, ԱՄՆ Տեխաս նահանգի Ազգայնական շարժման նախագահ Դենիել Միլլերը, որը ցանկանում է, որ օրենսդիր ժողովն առանձնացման մասին հարցը դնի նահանգի բնակիչների քվեարկությանը, ասում է, որ Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեն բարի նշան է իր գլխավորած շարժման համար:

«Եթե դա կարող է անել Շոտլանդիան, կարող է անել նաև Տեխասը»,-հայտարարել է նա:

Անջատվելու դեպքում ԱՄՆ գլխավոր անասնապահական ու նավթարդյունաբերական նահանգը կդառնա աշխարհի 12-րդ խոշորագույն էկոնոմիկան, որն իր ծավալով կգերազանցի Մեքսիկայի կամ Իսպանիայի տնտեսությունների ծավալը, ասել է Միլլերը: Նրա գլխավորած կազմակերպությունը հանդես է գալիս Տեխասի անկախացման օգտին դեռևս 90-ականների վերջից»,- հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ Միլլերի, շոտլանդական հանրաքվեն հետաքրքրություն առաջացրեց Տեխասի նմանատիպ շարժման հանդեպ: Նա հավելել է, որ իրեն մտահոգում է այն փաստը, որ անկախ Տեխասը կկորցնի խոշոր դաշնային ինստիտուտները, ինչպիսիք են ՆԱՍԱ-ն ու բազմաթիվ ռազմակայանները:

«Անկախ արդյունքից շոտլանդական հանրաքվեն ոգեշնչման ու տեղեկատվության աղբյուր է, որը կարող է առնչություն ունենալ այն ամենին, ինչ կատարվում է Տեխասում»,-ասել է Միլլլերը:

Public Policy Polling ծառայության 2013-ի հունվարին անցկացված սոցհարցման համաձայն, Տեխասում ընտրողների մոտ 20 տոկոսը պատրաստ էր հավանություն տալ ԱՄՆ կազմից Տեխասի դուրս գալուն Բարաք Օբամայի վերընտրվելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ 67 տոկոսը դեմ արտահայտվեց այդ քայլին:

Նահանգի բնակչությունը հասնում է 27 միլիոնի:

Շոտլանդիան անկախ կդառնա 2016-ի մարտի 24-ին, եթե հանրաքվեում շոտլանդացիների մեծ մասը կողմ արտահայտվի դրան: 2013-ի նոյեմբերի 26-ին տեղի կառավարությունն Էդինբուրգում «Սպիտակ գիրք» հրատարակեց: «Դա հիմնարար փաստաթուղթ է, որը բացահայտում է անկախության տնտեսական, սոցիալական, ժողովրդավարական սկզբունքները: Շարադրված են Շոտլանդիայի ուժեղ ֆինանսական կողմերը և մանրամասն նկարագրվում է անկախացման գործընթացը»,-հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Սթարջոնը:

Զեկույցում նկարագրված են այն բոլոր ընթացակարգերը, որ պետք է իրականացվեն քվեարկությունից մինչև ենթադրյալ Անկախության օրն ու անկախ Շոտլանդիայի խորհրդարանի առաջին ընտրությունները:

Մարտի 24-ը հենց այնպես չի ընտրվել որպես հնարավոր անկախության օր՝ այդ օրը 1603 թվականին կնքվեց «Թագերի միությունը», որը միավորեց Անգլիան ու Շոտլանդիան տոհմական միությամբ, որի շրջանակում երկու թագավորությունները մոտ 100 տարի անկախ մնացին:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա անցկացման ամսաթիվը որոշվել էր դեռ մարտին: Այն ժամանակ ըստ հարցման անկախության կողմնակիցները կազմում էին մոտ 30 տոկոս, իսկ 50 տոկոսը ցանկանում էր պահպանել ստատուս քվոն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---