15  Շառլ Ազնավուր

Ազնավուրը` ռուսական մշակույթի, լեզվի, խոհանոցի և Լենինի մասին

Ազնավուրը` ռուսական մշակույթի, լեզվի, խոհանոցի և Լենինի մասին

PanARMENIAN.Net - Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերին համերգով հանդես կգա Մոսկվայում: Համաշխարհային շրջագայությունից առաջ Մուրիես քաղաքի արվարձանում գտնվող իր առանձնատանը շանսոնյեն զրուցել է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալության թղթակցի հետ:

«Անհամբեր սպասում եմ ռուս հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ռուսաստանն այն երկրներից է, ի թիվս Հայաստանի, Իտալիայի և Իսպանիայի, որտեղ ես միշտ հաճույքով եմ լինում»,-ասել է Ազնավուրը:

«Երբեք չեմ մոռանա իմ առաջին համերգները ԽՍՀՄ-ում 1963-ին: Նախատեսված 30 երգերի փոխարեն ես ստիպված էի մոտ 60-ը կատարել: Շատ անգամ նորից էին բեմ կանչում, ամեն երգից հետո մինչև հինգ անգամ: Ես այն ժամանակ սկսեցի էքսպերիմենտներ անել, փոխելով երգերի տեմպն ու ռիթմը՝ ինձ դա այնքան էր դուր գալիս, շատ էր գրավում»,-ասում է հայտնի շանսոնյեն:

«Ռուսաստանում ես այս անգամ էլ իմ դասական երգացանկը կկատարեմ, նոր երգեր չեն լինի: Բայց միևնույն ժամանակ ես չեմ հրաժարվում ռուսալեզու երգերի խտասկավառակ թողարկելու մտադրությունից: Ես արդեն ունեմ ռուսական տեքստերը, բայց դեռ ոչ ոք չի թարգմանել բովանդակությունը՝ ես ուզում եմ ծանոթ լինել բովանդակությանը ձայնագրման ստուդիայում կատարելուց առաջ: Ռուսերեն շատ բառեր գիտեմ, բայց չեմ կապակցում, ազատ չեմ կարողանում խոսել: Ծնողներս հաճախ էին տանը միմյանց հետ ռուսերեն կամ թուրքերեն խոսում, բայց մեզ՝ երեխաներիս, չեն սովորեցրել»,-ասել է երգիչը:

«Օրինակ, ես շատ եմ սիրում Ալեքսանդր Վերտինսկու գործերը՝ նա մեծ կատարող էր, հիանալի երգեր ունի: Դա միաժամանակ նաև մանկությանս մի մասն է՝ ծնողներս ուղղակի պաշտում էին Վերտինսկուն, այդպես եմ ծանոթացել նրա երգացանկին: Ես երգում էի նրա երգերը, թեև միշտ չէ, որ հասկանում էի բառերը»,-ասում է շանսոնյեն:

«Ինչպես գիտեք, իմ նախնիները սերտ կապեր են ունեցել Ռուսաստանի հետ: Հորական կողմի պապս Թիֆլիսի նահանգապետի խոհարարն էր Նիկոլայ Երկրորդի օրոք: Արդեն Ֆրանսիայում պապս և հայրս Փարիզի Լատինական թաղամասում ռուսական և կովկասյան խոհանոցի ռեստորաններ բացեցին: Ես մինչ օրս շատ եմ սիրում ռուսական խոհանոցը` հատկապես կոտլետներն ու բորշչը»,-ասում է երգիչը:

Բնավորության ի՞նչ գծեր է Ազնավուրը «վերցրել» տարբեր ազգերից՝ ֆրանսիացիներից, ռուսներից կամ հայերից: Պատասխանելով այս հարցին՝ Ազնավուրն ասում է. «Կարծում եմ, դա մի խառնուրդ է յուրաքանչյուր ազգի հատկություններից: Որպես հայ ես մի մարդ եմ, որն ամուր կառչած է բարոյական սկզբունքներին, պարկեշտության նորմերին: Ֆրանսիացիների պես զրուցել եմ սիրում, իսկ ռուսների նման՝ ուրախանալ»,-ասում է Ազնավուրը: «Այդ խառնվածքը միանգամայն բավարար է կյանքում»,-նշում է երգիչը:

«Ճիշտ է, գիշերով աշխատում եմ խրախճանքների չմասնակցել: Հակառակ մամուլի պնդումներին, գիշերը չեմ ստեղծագործում: Լավ առողջություն ունենալու համար գիշերը քնել է պետք: Իսկ երգեր գրում եմ ամեն օր, աշխատելով առավոտից մինչև կեսօր, կամ ավելի երկար: Առաջինը միշտ երգի բառերն են գալիս՝ մեղեդին ավելի ուշ եմ գրում: Եթե մեղեդին չի ստացվում, դիմում եմ կոմպոզիտորների և միասին ավարտին ենք հասցնում երգը: Շատ երգեր եմ ստեղծել քրոջս ամուսնու՝ Ժորժ Գարվարենցի, հետ համատեղ, ինչպես նաև հայտնի Ժիլբեր Բեկոյի և Միշել Լեգրանի հետ, որի մայրը նույնպես հայուհի էր»:

«Ընդհանուր առմամբ մոտ հազար ստեղծագործություն ունեմ գրած: Իմ յոթ երգերն, օրինակ, կատարել է Էդիտ Պիաֆը: Ահա սա նրա լուսանկարն է՝ «Ակորդեոնահարը» կատարելիս, սա շատ հազվագյուտ պատկեր է»,-ասում է Ազնավուրը:

«Տարիների հետ ձայնս քիչ է փոխվել, ուղղակի երբեմն ավելի լավ կամ վատ է հնչում»,-հավաստիացնում է հայտնի երգիչը, որը դուետով երգել է ոչ միայն Լայզա Մինելլիի, Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Պատրիսիա Կաասի, այլ նաև օպերային երգիչներ Լուչանո Պավարոտիի և Պլասիդո Դոմինգոյի հետ:

Ի՞նչ է անում Ազնավուրը, երբ չի երգում և չի ստեղծագործում: Սիրում է ֆիլմեր դիտել, այդ թվում խորհրդային շրջանի և ռուսական: Ազնավուրը շատ է կարդում: Պրովանսի իր տանը գրադարանն առանձին, հարմարավետ մի սենյակ է: Գրադարակներին են նրա նախընտրած ֆրանսիացի հեղինակները, առաջին հերթին, ինչպես նշում է Ազնավուրը, «Ռուսաստանի մասին հիանալի գրած», Ֆրանսիական ակադեմիայի անդամ Անրի Թրուայան, որը նույնպես հայկական ծագում ունի: Ազնավուրը սիրում է նաև ռուս դասականներին, մասնավորապես, Տուրգենևին: Այստեղ են Բալզակի, Դյումայի, Սիմենոնի, Դոդեի հատորները, գեներալ դը Գոլի ելույթները: Կան նաև արևմտյան գրականության լավագույն վիպասանների գործեր, մասնավորապես, Ջոն Դոս Պասոսի:

«Կարդալ շատ եմ սիրում,-ասում է Ազնավուրը:-Ինքս էլ գրում եմ, վեպ եմ գրում…տառերի ու տառատեսակների մասին: Գաղափարը յուրահատուկ է: Բայց պետք է խոստովանեմ, որ գրական ստեղծագործություն գրելը երգ հորինել չէ: Վեպի վրա աշխատանքը շատ ավելի ծանր է: Բառերն ու ռիթմերը, առնվազն իմ դեպքում, շատ ավելի արագ են գալիս: Բայց ես շարունակում եմ աշխատել՝ մխիթարվելով, որ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ գրողի համար շատ ավելի դժվար կլիներ երգ հորինելը, քան վեպ գրելը»,-ժպտում է Ազնավուրը:

Գրադարակին է Լենինի փոքր ոսկեզօծ կիսանդրին: «Իմ առանձնատանը դրանք երեքն են,- ասում է Ազնավուրը: «Եթե որևէ մեկն ինձ մեծ արձանը նվիրի, կկանգնեցնեմ այգում, ձիթենիների արանքում»,-ասում է Ազնավուրը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---