ՌԴ «սև ցուցակում» հայտնված Հայաստանի քաղաքացիներին կարող է համաներում շնորհվել

ՌԴ «սև ցուցակում» հայտնված Հայաստանի քաղաքացիներին կարող է համաներում շնորհվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում արդեն համաձայնեցված է այն փաստաթուղթը, ըստ որի ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում աշխատանք գտնել և բնակվել առանց սահմանափակման: Այս մասին հայտարարել է «Ինտեգրացիա և զարգացում» հկ նախագահ Արամ Սաֆարյանը` հավելելով, որ նախքան Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրելը Հայաստանին նման իրավունքի տրամադրումը խոսում է այն մասին, որ ՌԴ-ում լի են վճռականությամբ իրականություն դարձնել աշխատուժի տեղաշարժի ազատությունը, որը նախատեսված է նաև ԵՏՄ սկզբունքներով:

Այդպիսի իրավունք Ռուսաստանը նախատեսում է միայն Ղազախստանի, Բելառուսի և ՀՀ քաղաքացիների համար. «Սա էքսկլյուզիվ իրավունք է, որն առայժմ չի տարածվում այլ երկրների քաղաքացիների վրա»:

ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի նիստում համաձայնություն է տվել երկու համաձայնագրերի կնքմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի տարածքում հայ միգրանտների գտնվելու և աշխատելու կարգի դյուրացմանը: Դրանք են՝ ՌԴ-ի տարածքում ՀՀ քաղաքացիների և Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին համաձայնագրում նախատեսված փոփոխությունները:

Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների կողմից համաձայնագրերի վավերացումից հետո աշխատանքային միգրանտները ՌԴ-ում կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները: Միաժամանակ նախատեսվում է բոլոր փաստաթղթերը հաստատել ՄՄ Հայաստանի պաշտոնական մուտքի ավարտից առաջ:

Համաձայնագիրը նախատեսված է նաև Մաքսային միության իրավապայմանագրային բազայով: Բայց նկատի ունենալով, որ Մաքսային միությանը միանալու պարագայում այդ նորմն ամենայն հավանականությամբ կգործի հաջորդ տարվա հունվարի 1-ից, խնդիր է դրվել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ դրանք հնարավորինս արագ երկկողմ հիմքի վրա կիրառվեն:

Բացի այդ, ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունում և շահագրգիռ մյուս գերատեսչությունում ստեղծվել է հանձնաժողով, որը քննում է վերջին շրջանում ՌԴ մուտքի արգելք ստացած ՀՀ քաղաքացիներին համաներում շնորհելու հարցը: Եթե նրանք հանցագործություն կամ քրեորեն պատժելի գործողություն չեն կատարել, ապա մուտքի արգելքի որոշումը կվերանայվի:

«Խոսքը 60-70 հազար ՀՀ քաղաքացու մասին է, որոնց հարցերի քննությունն այժմ ընթանում է արագացված տեմպերով: Այդ որոշումը ավտոմատ կերպով տարածվում է նախևառաջ ուսանողների վրա, ինչպես նաև խոսքը ընտանիքների վերամիավորման մասին է: Մյուս կատեգորիայի քաղաքացիների հարցերը քննարկումների խնդիր է, բայց հստակ է մեկ բան` այս երկու քայլերը խոսում են այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին խոստանում է աշխատուժի տեղաշարժի համար օգուտներ ոչ թե տեսանելի հեռանկարում, այլ անդամակցությունից անմիջապես հետո»,- նշել է Արամ Սաֆարյանը, գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության «սև ցուցակում» հայտնված մոտ 35 հազար հայաստանցիներից 2500-ը դիմում են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն միգրացիոն ծառայություն, որոնցից 2000-ի մասով դիմումներն արդեն ուղարկվել է ՌԴ. 700-ի դեպքում արդեն պատասխան ստացել են, 20%-ը՝ դրական:

Ռուսաստանում միգրանտների բնակության վերաբերյալ 2014-ի հունվարի 1-ից գործող նոր կարգով միգրանտների մասին օրենքում ուղղումներ էին արվել, որոնցով մուտքի արտոնագիր չունեցող քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օրից ոչ ավելի: Ընդ որում, այդ ժամկետի լրանալուց հետո նորից երկիր կարելի է վերադառնալ 90 օրից: Մինչև այս օտարերկրյա քաղաքացիներն 90 օր անցկացնելով Ռուսաստանում, կարող էին մեկնել հայրենիք և մի քանի օրից նորից վերադառնալ ՌԴ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---