Կատալոնիայի խորհրդարանն իրավական հիմք է ստեղծել անկախության հանրաքվեի համար

Կատալոնիայի խորհրդարանն իրավական հիմք է ստեղծել անկախության հանրաքվեի համար

PanARMENIAN.Net - Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել բնակչության հարցումների անցկացման վերաբերյալ օրենքին, որն, ըստ ազգայնական ուժերի, իրավական հիմք է ստեղծում Իսպանիայի այդ ինքնավար մարզի ինքնիշխանության մասին նոյեմբերի 9-ի հարցման համար:

Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, օրենքն ընդունվել է ձայների գերակշիռ առավելությամբ՝ 106 «կողմ» և 28՝ «դեմ»: Իսպանիայի կառավարությունը բազմիցս է զգուշացրել, որ օրենքը հակասում է Իսպանիայի սահմանադրությանը, որ այն բողոքարկվելու է Սահմանադրական դատարնում: Առաջիկայում տեղի կունենա նախարարների խորհրդի նիստը, որտեղ որոշում կկայացվի Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մասին: Հենց որ հայցն ընդունվի դիտարկման, Կատալոնիայի խորհրդարանի ընդունած օրենքի գործողությունը կասեցվում է, ինչն անհնար է դարձնում հանրաքվեի անցկացումը: Սակայն կատալոնացի ազգայնականները կարծում են, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող վեր լինել սեփական ճակատագիրն որոշելու ժողովրդի իրավունքից:

Կատալոնիայում, որտեղ Իսպանիայից անկախության գաղափարը շատ արդիական է, մշտապես միլիոնանոց ցույցեր են անցնում հօգուտ անկախության:

Սեպտեմբերի 18-ին անկախության մասին հանրաքվե տեղի ունեցավ Շոտլանդիայում: Ի տարբերություն Իսպանիայի, բրիտանացիները համաձայն էին ընդունել արդյունքները և կենտրոնացել էին պետության միասնության պահպանման օգտին քարոզչության վրա: Հանրաքվեն ավարտվեց անկախության հակառակորդների հաղթանակով՝ կողմ քվեարկեց 45 տոկոսը, դեմ՝ 55 տոկոսը: Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը, որը հանրաքվեի գլխավոր նախաձեռնողն էր ու առաջ տանողը, ընդունեց ժողովրդի ընտրությունն ու հրաժարական տվեց: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն, իր հերթին, խոստացավ անկախության կողմնակիցներին ընդլայնել իրավունքներն ու առաջարկեց Անգլիային, Ուելսին ու Հյուսիսային Իռլանդիային ևս մտածել ներքին քաղաքականության ոլորտում ինքնուրույնությունն ավելացնելու շուրջ:

Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:

Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---