Դամասկոսը՝ Վաշինգտոնին. Մենք քիմզենք չունենք, բայց այն կարող է հայտնվել գրոհայինների ձեռքում

Դամասկոսը՝ Վաշինգտոնին. Մենք քիմզենք չունենք, բայց այն կարող է հայտնվել գրոհայինների ձեռքում

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ կառավարությունն այլևս չունի քիմիական զենք, սակայն այն կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում:

Սիրիայի արտաքին գործերի և էմիգրանտների նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է ՍԱՆԱ գործակալությունը, ասվում է, որ բանակի հաջողությունների ֆոնի վրա տարածաշրջանի և աշխարհի հակասիրիական ուժերն ու ահաբեկչական կազմակերպությունները տեղեկատվությունը մատուցում են այնպես, թե Սիրիայի զինված ուժերը կարող են օգտագործել քիմզենքը ռազմական գործողություններում:

«Դրա հետ մեկտեղ Սիրիան զգուշացնում է, որ որոշ տարածաշրջանային, միջազգային շրջանակներ, լինելով դավադրության մասնակիցներ, կարող են քիմիական զենքը փոխանցել զինյալ ահաբեկչական խմբավորումներին Սիրիայի ժողովրդի դեմ օգտագործելու համար, հետագայում դրանում Սիրիայի բանակին մեղադրելու մղումով, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարի Հալեպի գավառի Հան Ալ Ասալ քաղաքում և Արևելյան Գուտայի Դամասկոսի գավառում»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱԳՆ մեկնաբանությունը պատասխան է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանն այն մասին, որ Դամասկոսը, հնարավոր է, քլոր է օգտագործում մարտական գործողությունների ժամանակ: Ամերիկացի դիվանագետը մտահոգություն է հայտնել Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի հնարավոր խախտման առնչությամբ, որի անուղղակի վկայությունն են Սիրիայի գծով ՔԶԱԿ զեկույցի տվյալները: «Ասադի ռեժիմը պետք է գիտակցի, որ պետք է պատասխան տա միջազգային հանրությանը քիմզենքի նման օգտագործման համար»,-ասվում է Քերիի հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:

«Սիրիան կատարել է իր պարտավորությունները Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի շրջանակում: ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելության հետ հաջող գործակցության շնորհիվ սիրիական տարածքում քիմզենք չկա: Սիրիան հուսով է, որ միջազգային հանրությունը կհերքի այդ մեղադրանքներն ու կկենտրոնացնի իր ուշադրությունն ահաբեկչության դեմ պայքարի վրա, ինչպես նաև ճնշում կգործադրի նրանց հանդեպ, ովքեր սատարում են նրան՝ կասեցնելու համար զինյալների սպառազինումը, ուսուցումն ու ընդունումը սեփական տարածքում, նպատակ ունենալով պահպանել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում և աշխարհում»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ շատ մոտ էին Սիրիան ռմբակոծելու որոշմանը 2013-ի աշնանը. պատրվակ հանդիսացավ քիմիական զենքի կիրառման վտանգը կառավարական ուժերի կողմից: Սակայն, համոզիչ ապացույցներ չներկայացվեցին: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս է բերվել և ոչնչացվել է շուրջ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունն ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում:

 Ուշագրավ
---