Հոկտեմբերին հայ խաղաղապահները կմեկնեն Լիբանան

Հոկտեմբերին հայ խաղաղապահները կմեկնեն Լիբանան

PanARMENIAN.Net - Հայաստանը խաղաղապահների խումբ կգործուղի Լիբանան, որոնք իրենց առաքելությունը կկատարեն իտալական հրամանատարության ներքո: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իտալական Corrierre della Serra թերթին տված հարցազրույցում, հայտնում է Inopressa-ն:

Նախագահը նշել է, որ վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում մեծապես մտահոգում են ինչպես համաշխարհային հանրությանը, այնպես էլ Հայաստանին: «Իրաքում ու Սիրիայում գոյություն ունեն մեծ հայկական համայնքներ, որոնք քրիստոնեություն են դավանում և հաշտ ու խաղաղ ապրում էին մահմեդականների կողքին: Հիմա մենք մենք տեսնում են, թե ինչպես է այդ տարածաշրջանում աստիճանաբար ոչնչացվում քրիստոնեական մշակութային ժառանգությունը»,-ասել է նախագահը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» խմբավորումն ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Սա Մերձավոր Արևելքում հայոց սրբությունների ոչնչացման միակ դեպքը չէ: 2013-ի սեպտեմբերին «Իսլամական պետությունը» թալանել և իջեցրել էր Ռաքքա քաղաքի հայ կաթողիկե եկեղեցու խաչը, իսկ 2014-ի գարնանը հայաբնակ Քեսաբի վրա Ալ Նուսրայի գրոհայինների հարձակման ժամանակ պղծվեց Սբ Երրորդության եկեղեցին: Ընդհանուր առմամբ Սիրիայում եռամյա պատերազմի ընթացքում ոչնչացվել են տասնյակ եկեղեցիներ:

Անդրադառնալով Սիրիայում խաղաղապահների տեղակայմանը՝ նախագահը նշել է, որ ՀՀ կառավարությունը միշտ սատարել է կայունացմանն ուղղված խոշոր կոալիցիաների ջանքերին: ՄԱԿ խաղաղապահ առաքելության կազմում հայ զորակազմի տեղակայումը նախատեսվում է հոկտեմբերի վերջում:

Հայ խաղաղապահները առաքելություններ են կատարում նաև Աֆղանստանում և Կոսովոյում, ավելի վաղ՝ Իրաքում: ՄԱԿ ժամանակավոր ուժերը Լիբանանում տեղակայվեցին 1978 թ. երկրի հարավային մասում իսրայելյան ներխուժումից հետո: Մանդատը նախատեսում է մինչև 15 հազար խաղաղապահների տեղակայում, այս պահի դրությամբ Լիբանանում ծառայում է մոտ 10 հազար զինվորական, այդ թվում 1000 նավաստի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---