Հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկը նվազում է, բայց տոնավաճառների աշխատակիցները դեմ են

Հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկը նվազում է, բայց տոնավաճառների աշխատակիցները դեմ են

PanARMENIAN.Net - Երևանի մի շարք տոնավաճառների մոտ 300 տնտեսվարող սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով չավելացնել հարկային բեռը։

Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%:: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ցուցարարներին ու առաջարկել 20-հոգանոց պատվիրակություն կազմել և բարձրանալ իր մոտ` խնդիրը ներկայացնելու:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ` ՓՄՁ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ ընդունելու, խնդիրները լսելու համար և ներկայացրել իրենց դիտարկումները:

Հովիկ Աբրահամյանն իր հերթին լսել է տնտեսվարողների դիտարկումներն ու փաստարկները և վստահեցրել, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որևէ կերպ չի տուժի: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ները խոշոր ընկերությունների համար չդառնան հարկերը թաքցնելու հարթակ և գործիք: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հարկային ծառայողները ՓՄՁ-ներում ստուգումներ կիրականացնեն միայն այն դեպքերում, երբ կլինեն ռիսկեր. ուշադրության կենտրոնում են գտնվելու խոշոր հարկ վճարողները:

Միաժամանակ, Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը ՓՄՁ-ներին չի դիտարկում որպես հարկատու, հակառակը, ընդունված օրենքով պետական բյուջեի մուտքերը նվազելու են 10 մլրդ դրամով.

«Կառավարությունը հրաժարվել է այդ գումարից, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ծաղկի: Դա է մեր նպատակը: Ձեզ խնդրում ենք՝ առանց փաստաթղթի մի աշխատեք: Կառավարությունը ձեր հարկային բեռը թեթևացրել է, որպեսզի դուք կայանաք»,- շեշտել է վարչապետը:

Անդրադառնալով տնտեսվարողների այն դիտարկմանը, թե խոշոր բիզնեսն ապրանքը վաճառելուց իրենց փաստաթուղթ չի տրամադրում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրա համար կան մարմիններ, որոնք պետք է հետևեն և օրենքի շրջանակում մարդկանց պատասխանատվության ենթարկեն: Միաժամանակ, վարչապետը տեղեկացրել է, որ որոշումը կառավարությունը միայնակ չի կայացրել, այլ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքում՝ ՀՀ վարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի շրջանակում:

«Դուք պետք է օգնեք, որպեսզի խոշորներին բերենք օրինական դաշտ: Սա է մեր նպատակը: Մենք ձեր թշնամին չենք, մենք ձեզ օգնելու, աջակցելու և ամեն ինչ անելու ենք, որպեսզի դուք կայանաք: Փոքր և միջին բիզնեսը մենք շատ ենք կարևորում, դրա համար էլ այս քայլերին ենք գնում»,- ասել է վարչապետը:

Կողմերը պայմանավորվել են, որպեսզի տոնավաճառների աշխատակիցներն իրենց առաջարկները գրավոր ներկայացնեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին:

Սակայն, Tert.am-ի փոխանցմամբ, վարչապետի պատասխանը չի գոհացրել դժգոհ քաղաքացիներն: Հանդիպումից հետո նրանք փակել են Տիգրան Մեծ պողոտան, ինչի արդյունքում դադարել է ճանապարհի երթևեկությունը և խցանում առաջացել: Ոստիկանությունը պատ է կազմել ու շրջանակի մեջ վերցրել քաղաքացիներին՝ պահանջելով բացել ճանապարհը:

Փողոցը բացվել է միայն այն ժամանակ, երբ ցույցի վայր են եկել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնց անմիջական կարգադրությամբ էլ ոստիկանները հեռացրել են քաղաքացիներին փողոցից: Այնուհետև ցուցարարների մի մասը փորձել է փակել նաև Նալբանդյան փողոցը, սակայն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը թույլ չի տվել:

Ի վերջո բողոքող առևտրականները ցրվել են` պայմանավորվելով հաջորդ բողոքի ցույցն անցկացնել հինգշաբթի՝ կառավարության առաջիկա նիստի օրը: Օրենքի՝ ուժի մեջ մտնելու դեպքում նրանք սպառնում են գործադուլով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---