24 սեպտեմբերի 2014 - 21:47 AMT
Հայ-թուրքական արձանագրությունները, անկախ Արցախը, Ցեղասպանության ճանաչումն ու ոչ միայն. Նախագահի ելույթը ՄԱԿ-ում

Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից, սեպտեմբերի 24-ին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։ Նա նշել է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը:

Նա նշել է, որ 2015 թվականը հատուկ նշանակություն ունի ամբողջ աշխարհի հայության համար:

«Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ամբողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: 1915-ի Ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ համարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, ելույթ ունենալով այս բարձր ամբիոնից, որը ես կկոչեի Պատվո և Պատասխանատվության ամբիոն, բարձրաձայն ասում եմ.

Շնորհակալություն Ուրուգվայ, Ֆրանսիա, Ռուսաստան: Շնորհակալություն Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա: Շնորհակալություն Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս: Շնորհակալություն Լիբանան, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան:

Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից: Շնորհակալություն ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք վստահորեն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում: Դա իսկապես խիստ կարևոր է, քանզի ժխտումը ցեղասպանության հանցագործության փուլերից մեկն է»,- ասել է նախագահը:

Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ամբողջ առաջադեմ միջազգային հանրությունը սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ ազատելով հետագա սերունդներին անցյալի ծանր բեռից: Սարգսյանը նշել է, որ փոխարենը հնչեցվում են երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները:

«Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին:

Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ.«գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս երկու բառի մեջ մի ամբողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»,- նշել է Հայաստանի նախագահը:

Նա անդրադարձել է նար Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող ցավալի իրադարձություններին՝ նշելով, որ հերթական անգամ կրոնական և ազգային փոքրամասնությունները դառնում են ատելություն դավանող խմբերի թիրախ: «Երկու օր առաջ ահաբեկիչների կողմից ականապատվեց ու պայթեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող:

Սիրիայում և Իրաքի հյուսիսում ստեղծված աղետալի իրավիճակն ահագնանում է օր օրի, և այսօր արդեն ուղղակի վտանգի տակ են հարյուր հազարավոր խաղաղ մարդիկ, այդ թվում նաև` Հալեպի տասնյակ հազարավոր հայերը: Սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու մեր համատեղ հանձնառությունների շրջանակում: Հայաստանը բարձրաձայնել է Սիրիայի հայ բնակչության և Իրաքի հյուսիս-արևմուտքում բնակվող եզդի բնակչության պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը, և քաջալերված ենք տեսնելու միջազգային համայնքի միասնական դիրքորոշումն այս հարցում»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության մասին, նա նշել է, որ մոտ ապագայում հայ խաղաղապահները կտեղակայվեն Լիբանանի հարավում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության շրջանակում.

«Դա հնարավոր դարձավ մեր իտալացի գործընկերների հետ սերտ գործակցության շնորհիվ: Վստահ եմ, որ հայ զինծառայողներն արժանապատվորեն և բարձր պրոֆեսիոնալիզմով կիրականացնեն իրենց առաքելությունն՝ օգտագործելով նաև արդեն մեկ տասնամյակի ընթացքում Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում ձեռք բերված հարուստ փորձը»:

Արդեն 20 տարուց ավելիղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը, նախագահի խոսքով, վիժեցվում են մեր հարևան պետության ապակառուցողական և առավելապաշտական կեցվածքի պատճառով: Նախագահը նշել է, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը. «Ադրբեջանի նախագահը ամբողջ հայ ժողովրդին որակում է որպես «թիվ մեկ թշնամի», իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում դիտարկվում է որպես հերոսություն»:

Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է՝ միջազգային հարաբերություններում հետևողականորեն առաջ են մղվում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների ազատ կամարտահայտությունն ու ինքնորոշումը: Օրեր առաջ Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետևողականորեն դառնում էթնիկ խնդիրների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից մեկը: Եվ պատահական չէ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը ևս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է»,- նշել է Հայաստանի նախագահը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ նա անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում.

«Խոսքն այն բոլոր չորս բանաձևի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ չտարբերակելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը:

Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման:

Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումն է (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:

Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994-ի հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում:

Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և դրա շնորհիվ 1994-ին կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվում է հակամարտող կողմ»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ վերոնշյալից ակնհայտ է՝ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը:

«Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերեվարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Թեև, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը` պաշտոնական Բաքվի կողմից դրսևորված վարքագծի հետևանքով»:

Նախագահը շեշտել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով.

«Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի»:

Բարձր գնահատելով ՄԱԿ-ի անփոխարինելի դերը կայուն զարգացման նպատակների մշակման ու իրականացման գործում՝ Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ «2015-ից հետո» նոր օրակարգի միջոցով կշարունակենք հազարամյակի զարգացման նպատակներից բխող գլոբալ խնդիրներին լուծումներ գտնելու ու մարտահրավերներին դիմակայելու մեր ջանքերը՝ սահուն անցում կատարելով դեպի Կայուն զարգացման նպատակներ:

Եզրափակելով Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի շրջանակում զգալի ճանապարհ են անցել «Հետ-2015-ի զարգացման օրակարգի» ձևավորման ուղղությամբ և շարունակելու են ջանքեր գործադրել` ճկունություն ցուցաբերելով այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Նախագահին աշխատանքային այցը սկսվել է նախօրեին՝ սեպտեմբերի 23-ին։ ԱՄՆ այցի շրջանակում նախագահը նաև կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ու մի շարք պետությունների ղեկավարներին:

Նահանգներում նախատեսվում են նաև նախագահի հանդիպումներն ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետների, Ազգային էթնիկ կոալիցիոն կազմակերպությունների (NECO) նախագահ Նասեր Քազեմինիի հետ:

Հանրապետության նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը, ապա կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչներին։