Ադրբեջանում պահվող հայ գերին վերադարձվել է հայրենիք (թարմացված)

Ադրբեջանում պահվող հայ գերին վերադարձվել է հայրենիք (թարմացված)

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Ադրբեջանի արևմուտքում` Ղազախի շրջանում, օգոստոսի 26-ին գերեվարված Հայաստանի քաղաքացի Սարգսի Անանյանը վերադարձվել է հայրենիք:

Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների ու պատանդների պետկոմիտեից հայտնում են, որ փոխանցումը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի մոտակայքում, գրում է Haqqin.az կայքը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, պետկոմիտեի ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ գործընթացն անցել է առանց միջադեպերի:

ՀՀ ՊՆ-ն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանըհաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ փոխանակմանը մասնակցած հայկական խումբն արդեն ճանապարհին է:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Իջևանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Անանյանը տեղափոխվել է իրենց մոտ, անցել նախնական բուժզննում, որի ընթացքում թարմ վնասվածքներ կամ խոշտանգումների հետքեր չեն հայտնաբերվել: Սարգիս Անանյանը հաղորդակցվում է հարազատների հետ, նրան ուղարկել են տուն, որտեղ կգտնվի տեղամասային բժշկի հսկողության տակ: Իջևանի ԲԿ-ից նայ հայտնեցին, որ Անանյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, ինչպես նաև ունի որոշակի դեֆորմացիաներ կրծքավանդակի ու ձախ ծնկահոդի շրջանում: Նրան հավանաբար կտեղափոխեն հոգեբուժարան` ստացիոնար բուժման:

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր ադրբեջանական լրատվականների համաձայն օգոստոսի 26-ին Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ անցած քաղաքացու անձնական տվյալներն ու լուսանկարը։ Այդ երկրի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, դա 43-ամյա Սարգիս Նորիկի Անանյանն է, որն այժմ բժիշկների վերահսկության տակ է։

Ավելի վաղ հակառակորդի լրատվականները գրում էին, թե քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։ Ադրբեջանական որոշ կայքեր էլ շտապել էին նրան դիվերսանտ որակել: Օգոստոսի 27-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայ գերու մասին ադրբեջանական լուրն ապատեղեկատվություն էր որակել՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն օգոստոսի 26-ին իր հերթին Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկություններ կան՝ օգոստոսի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին, իսկ երբ վերջիններս հարցուփորձ էին արել, նա չէր կարողացել պատասխանել և փախել էր ադրբեջանական կողմի ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---