Դեմ են հարկային բեռի թեթևացմանը. ՓՄՁ տնտեսվարողները սպառնում են հանրահավաքով ու գործադուլով

Դեմ են հարկային բեռի թեթևացմանը. ՓՄՁ տնտեսվարողները սպառնում են հանրահավաքով ու գործադուլով

PanARMENIAN.Net - Մինչ կառավարության նիստի մեկնարկը` սեպտեմբերի 25-ին գործադիրի շենքի առջև հավաքվել էր մի շարք տոնավաճառների 100-ից ավելի աշխատակից: Պահանջը նույնն է` հետ կանչել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը։

Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%:: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Տոնավաճառների աշխատակիցների պնդմամբ` օրենքը մշակվել է հատուկ ՓՄՁ-ն վերացնելու համար: «Փոքր և միջին ձեռներեցության հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՓՄՁ-ն մտնելու է Կարմիր գիրք։ Բացի այդ, ըստ նրա, ոլորտի աշխատողները սեպտեմբերի 30-ին հանրահավաք են հրավիրում։

«Կան ոլորտներ, որոնց համար այս օրենքն իրոք օգտակար է, բայց ՓՄՁ ոլորտի հիմնական մասը, որը կախված է խոշոր բիզնեսից՝ այս օրենքի պայմաններում չի կարող գոյատևել։ Պահանջում ենք օրենքը հետ կանչել և կրկին քննարկել առաջացած խնդիրները»,- նշել է նա։

Իսկ «Հրազդան» տոնավաճառի աշխատողներից մեկն էլ տեղեկացրել է, որ տարբեր շուկաների աշխատողների թույլ չեն տվել մասնակցել ակցիային, մասնավորապես՝ «Մալաթիայի» և ոսկու շուկայի տնօրինությունը, գրում է Tert.am-ը։

Քիչ անց` կառավարության նիստին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքից ՓՄՁ-ների դժգոհություններին, հայտարարել է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մտահոգություններն անհիմն են ու անտեղի, կառավարությունը որևէ խնդիր չի դրել, որպեսզի ՓՄՁ-ներին ճնշի: Նա ևս մեկ անգամ նշել է, որ թիրախը պետք է լինի խոշորների կողմից հարկերից խուսափելը:

Վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ձեռնպահ մնալ ՓՄՁ-ներում որևէ անհիմն ստուգումներից: Նա անհիմն և անհասկանալի է համարել նաև այն, որ ՓՄՁ-ները ցանկանում են վերադառնալ շրջանառության հարկի նախկին դրույքաչափին: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը համակարծիք է վարչապետի հետ. ՓՄՁ-ների անհանգստություններ զարմանալի և անհասկանալի են:

Սեպտեմբերի 23-ին Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՓՄՁ բողոքող ներկայացուցիչներից կազմված 20-հոգանոց պատվիրակությունը: Նա լսել է տնտեսվարողների դիտարկումներն ու փաստարկները և վստահեցրել, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որևէ կերպ չի տուժի: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ները խոշոր ընկերությունների համար չդառնան հարկերը թաքցնելու հարթակ և գործիք:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հարկային ծառայողները ՓՄՁ-ներում ստուգումներ կիրականացնեն միայն այն դեպքերում, երբ կլինեն ռիսկեր. ուշադրության կենտրոնում են գտնվելու խոշոր հարկ վճարողները:

Միաժամանակ, Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը ՓՄՁ-ներին չի դիտարկում որպես հարկատու, հակառակը, ընդունված օրենքով պետական բյուջեի մուտքերը նվազելու են 10 մլրդ դրամով.

«Կառավարությունը հրաժարվել է այդ գումարից, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ծաղկի: Դա է մեր նպատակը: Ձեզ խնդրում ենք՝ առանց փաստաթղթի մի աշխատեք: Կառավարությունը ձեր հարկային բեռը թեթևացրել է, որպեսզի դուք կայանաք»,- շեշտել է վարչապետը:

Անդրադառնալով տնտեսվարողների այն դիտարկմանը, թե խոշոր բիզնեսն ապրանքը վաճառելուց իրենց փաստաթուղթ չի տրամադրում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրա համար կան մարմիններ, որոնք պետք է հետևեն և օրենքի շրջանակում մարդկանց պատասխանատվության ենթարկեն: Միաժամանակ, վարչապետը տեղեկացրել է, որ որոշումը կառավարությունը միայնակ չի կայացրել, այլ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքում՝ ՀՀ վարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի շրջանակում:

«Դուք պետք է օգնեք, որպեսզի խոշորներին բերենք օրինական դաշտ: Սա է մեր նպատակը: Մենք ձեր թշնամին չենք, մենք ձեզ օգնելու, աջակցելու և ամեն ինչ անելու ենք, որպեսզի դուք կայանաք: Փոքր և միջին բիզնեսը մենք շատ ենք կարևորում, դրա համար էլ այս քայլերին ենք գնում»,- ասել է վարչապետը:

Կողմերը պայմանավորվել են, որպեսզի տոնավաճառների աշխատակիցներն իրենց առաջարկները գրավոր ներկայացնեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին:

Սակայն վարչապետի պատասխանը չի գոհացրել քաղաքացիներն, որոնք հանդիպումից հետո էլ շարունակել են բողոքել: Օրենքի՝ ուժի մեջ մտնելու դեպքում նրանք սպառնում են գործադուլով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---