Հայաստանում կմշակվի կենդանածին ու սննդածին հիվանդությունների վերահսկման համակարգ

Հայաստանում կմշակվի կենդանածին ու սննդածին հիվանդությունների վերահսկման համակարգ

PanARMENIAN.Net - Ամերիա կառավարչական խորհրդատվական ծառայությունը շոտլանդական Food Control Consultants (FCC) հայտնի ընկերության հետ համատեղ Հայաստանում իրականացնում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը:

Նախագծի նպատակն է աջակցել Հայաստանում կենդանածին և սննդածին հիվանդությունների հատուկ վերահսկման համակարգի ստեղծմանը: Ծրագրի շրջանակում հստակ սահմանվելու են առաջնային կենդանածին և սննդածին հիվանդությունները, ուսումնասիրվելու են այդ հիվանդությունների վերահսկման համակարգում առկա թերությունները և ներկայացվելու են առաջարկություններ հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացման ուղղությամբ: Ծրագիրը ներառում է ոլորտում առկա ռիսկերի գնահատման, վերլուծության և դրանց կանխարգելման համապատասխան քաղաքականության մշակում:

Նախագծի շրջանակում կիրականացվի նաև անասնաբուժական դեղամիջոցների կարգավորման օրենսդրության ուսումնասիրություն, որի արդյունքում պետք է բացահայտվեն ՀՀ օրենսդրության և լավագույն միջազգային օրենսդրական կարգավորումների միջև առկա տարբերությունները, ինչպես նաև` մատնանշվեն բարելավման ուղիները:

Ծրագրի շրջանակներում խորհրդատուները կազմակերպելու են սեմինար պարապմունք Սննդամթերքի անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցների, ինչպես նաև` կենդանածին և սննդածին հիվանդությունների ոլորտում ներգրավված այլ աշխատողների համար:

Սեմինարի ընթացքում խորհրդատուները կներկայացնեն ոլորտի իրավիճակը, բացահատված ռիսկերը, ինչպես նաև` կոնկրետ առաջարկներ հիվանդությունների վերահսկման համակարգի ստեղծման, հիվանդությունների մակարդակը վերահսկելու, միտումները բացահայտելու և ոլորտում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:

Ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել 2015-ի մարտին, կնպաստի Հայաստանում կենդանածին և սննդածին հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացմանը:

«Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, իրավաբանական խորհրդատվության, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում :

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---