Հայաստանում արված պեղումները կարող են հեղափոխել քարե դարի մասին գիտելիքները

Հայաստանում արված պեղումները կարող են հեղափոխել քարե դարի մասին գիտելիքները

PanARMENIAN.Net - Հայաստանի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մերձակայքում արված հնագիտական պեղումները հեղափոխական տեղեկություններ են հաղորդել քարե դարի մասին:

Լոնդոնյան Հելլոուեյ թագավորական քոլեջի պրոֆեսորներ Սայմոն Բլոքլիի ու Ալիսոն ՄաքԼեոդի ղեկավարությամբ աշխատող արշավախումբը հայտնաբերել է լևալուազյան մեթոդով մշակած քարե գործիքներ: Հրաբխային լավայի շերտերի հետազոտությամբ պարզվել է, որ գործիքները ստեղծվել են 325-335 հազար տարի առաջ:

Հազարավոր զենքերի ու գործիքների հայտնաբերումը, որոնք օգտագործվում էին տարածաշրջանի բնակիչների կողմից, առիթ են դառնում մարդկության զարգացման, ինովացիաների ու հայտնաբերությունների ողջ գործընթացը վերանայելու համար:

Լևալուազյան տեխնոլոգիան քարի ավելի բարդ մշակման տեխնոլոգիա է: Սուր գործիք ստանալու համար քարը ոչ թե պարզապես տաշում էին, այլ մասնատում մի քանի մասի` պահանջվող կտորից մանր մասերն առանձնացնելով: Համարվում էր, որ գործընթացը հայտնաբերվել է Աֆրիկայում ու տարածվել է երկրագնդով` մարդկության տարածման հետ մեկտեղ:

Միաժամանակ նույն վայրում հայտնաբերվել են նաև ավելի պրիմիտիվ` երկկողմանի մշակված քարե գործիքներ: Տարածաշրջանում օգտագործվում էր քարի մշակման միանգամից երկու մեթոդ, գրում է Science 2.0 ամսագիրը: Այդ` ավելի պրիմիտիվ մեթոդն, օգտագործվում էր կացինների, իսկ լևալուազյան մեթոդը, նիզակների համար:

«Մեր հայտնագործությունները կասկածի տակ են դնում բազմաթիվ հնագետների կողմից ընդունված տեսակետը, թե լեվալուազյան մեթոդը հայտնագործվել էր Աֆրիկայում ու այնտեղից տարածվել Եվրասիա` մարդկության թվաքանակի աճի հետ մեկտեղ: Հայաստանում արված հայտնագործությունները ի մի բերելու շնորհիվ մենք ունենք հստակ ապացույց, որ մարդկության զարգացման այս կարևորագույն հայտնագործությունը տեղի է ունեցել տարբեր խմբերում իրարից անկախ», - ասում է Բլոքլին:

Հայաստանի տարածքը հարուստ է հնագիտական գտածոնեով, որոնց մեծ մասը բացառիկ նշանակություն ունեն: Դեռ 2010 թվականի ապրիլին Արենի քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերվել է էնեոլիտի դարաշրջանի մ.թ.ա. 3600-3500 թթ տրեխ, որն ամենահինն է աշխարհում: 2011 թվականին նույն քարանձավում հայտնաբերվեցին գինու պատրաստման ավելի քան 6000 տարվա տարիք ունեցող գինեգործական պարագաներ` խաղողի պրես, կորիզների մնացորդներ, կուժեր և գինու բաժակներ: 2014 թվականին Կոտայքի մարզում հայտնաբերվել է մ.թ.ա. 9-7 դդ ուրարտական ամրոց, որն, ամենայն հավանականությամբ, Էրեբունի-Կարմիրր բլուր-Արամուս պաշտպանական գիծը Սևանի ավազանում նմանատիպ շինությունների հետ կապող օղակի մի մասն է: Այժմ պլանավորվում է անցկացնել պեղումներ, վերականգնել ամրոցն ու ապագայում օգտագործել որպես թանգարան:

Photo: Royal Holloway, University of London
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---