Ռուս փորձագետն անկախության հանրաքվեների մասին. Իրական անկախությունը հաստատվում է ինքնուրույն կյանքի տարիներով

Ռուս փորձագետն անկախության հանրաքվեների մասին. Իրական անկախությունը հաստատվում է ինքնուրույն կյանքի տարիներով

PanARMENIAN.Net - Տնտեսական բարդությունները բաժանում են ժողովրդներին ու երկրները: Չէ որ յուրաքանչյուրը մտածում է, որ եթե ընդհանուր զամբյուղը դատարկ է, ապա ինքը կարող է սեփական երջանկությունը կերտել «իր բարձի տակ»: Հակասությունների սրացումը Եվրոպայի «լավագույն տներում» անկախացման հանրաքվեները նորաձև դարձրեց: Շոտլանդիայում այդպիսի հանրաքվե արդեն կայացել է, հերթը Կատալոնիայինն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է «Ռուս-հայկական ընկերակցության» փորձագետ Դենիս Դվորնիկովը:

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում տեղի ունեցավ հանրաքվե, որի միակ հարցը հետևյալն էր. «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան անկախ երկիր դառնա»: Շոտլանդացիների մեծ մասը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի միասնությանը՝ չսատարելով անկախության գաղափարին: Անկախացմանը դեմ է քվեարկել Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը՝ (2 001 926 մարդ), կողմ՝ 44,7 տոկոսը (1 617 989 մարդ): Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը, որը հանրաքվեի գլխավոր նախաձեռնողն էր, ընդունեց ժողովրդի ընտրությունն ու հրաժարական տվեց: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն անկախության կողմնակիցներին ինքնակառավարման խորացում խոստացավ, ինքնուրույնության ընդլայնում ներքին քաղաքական ոլորտում:

Ըստ Դենիս Դվորնիկովի, գործընթացն անկասկած հետաքրքիր է, բայց արժե արդյո՞ք միջամտել, նույնիսկ հռետորական մակարդակով: Որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ ԼՂՀ-ն պետք է հիմնվի հանուն անկախության համար պայքարող շոտլանդացիների ու կատալոնացիների փորձի վրա՝ շեշտը դնելով հանրաքվեի օրինականության, իրավասության վրա:

«Կարծում եմ, պետք չէ շտապել ոգեշունչ հայտարարությունների առումով: Դրա համար 3 պատճառ կա. 1. Հարաբերությունները ԵՄ առաջատար երկրների հետ: Արդյո՞ք իմաստ ունի Արցախի համար ավելորդ անգամ «նյարդայնացնել» Մեծ Բրիտանիայի կամ Իսպանիայի նման տերություններին: Չէ՞ որ Լոնդոնի ու Մադրիդի համար հանրաքվեների հարցը շատ զգայուն է:

2. Անտեղի զուգահեռները: Ադրբեջանն ամենևին նման չէ Մեծ Բրիտանիային, իսկ Ալիևը նույնիսկ մոտ չի կարող կանգնել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ին: Բրիտանացիներն ու իսպանացիները ընդլայնել են իրենց տարածքները, հիմնվելով սեփական ուժերի ու մտավոր կարողությունների վրա: Իսկ Արցախի ընդգրկումն Ադրբեջանական ԽՍՀ կազմում զուտ խորհրդային թյուրիմացություն է ու վնասարարություն: Այդ որոշումը կայացրել են այն նույն մարդիկ, որոնք միլիոնավոր մարդկանց են ոչնչացրել, այդ թվում նաև ադրբեջանցիների (այստեղ կարելի է հիշատակել գրող Օլեգ Վոլկովի հուշերը «Ընկղմում մթություն մեջ» գրքից):

3. Հանրաքվեն անկախության հասնելու գործողություններից մեկն է միայն: Իրական անկախությունը հաստատվում է ինքնուրույն կյանքի տարիներով: Արցախի գլխավոր նվաճումը հետևողական զարգացումն է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում»,-ասել է Դվորնիկովը:

Այս առումով, նշել է փորձագետը, ԼՂՀ-ն չի կարելի համեմատել ոչ Աբխազիայի, ոչ Հարավային Օսեթիայի, ոչ նորանկախ այլ պետությունների ու պետական կազմավորումների հետ, որոնք հասել են անկախության, բայց չեն կարողացել պետություն կառուցել: Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն ու ժողովրդին հաջողվել է ծանրագույն պայմաններում իսկական արդյունավետ պետություն կառուցել, եվրոպական պետություններին հատուկ երանգով ու մշակույթով: Դա շատ ավելի կարևոր է, քան քվեաթերթիկների հաշվարկն ու ցույցերը դրոշներով ու պաստառներով: Կարելի է ըմբռնումով վերաբերվել անկախանալու ձգտող ժողովրդներին, բայց պետք է առաջին հերթին լուծել սեփական քաղաքացիների, սեփական երկրի խնդիրները:

Սեպտեմբերի 18-ի Շոտլանդիայի անկախության հանրաքվեն «անջատումների» ալիք բարձրացրեց աշխարհում: Այդպես, ԱՄՆ Տեխաս նահանգի Ազգայնական շարժման նախագահ Դենիել Միլլերը, որը ցանկանում է, որ օրենսդիր ժողովն առանձնացման մասին հարցը դնի նահանգի բնակիչների քվեարկությանը, ասում է, որ Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեն բարի նշան է իր գլխավորած շարժման համար: «Եթե դա կարող է անել Շոտլանդիան, կարող է անել նաև Տեխասը»,-հայտարարել է նա:

Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով հավանություն է տրվում Իսպանիայի այդ ինքնավար շրջանում նոյեմբերի 9-ին ինքնիշխանության մասին բնակչության հարցում անցկացնելուն: Բանաձևը կոչ է անում հարցումն անցկացնել «ժողովրդավարական երաշխիքների ու օրենքների համաձայն»:

Բանաձևի օգտին է քվեարկել ազգայնական կուսակցություններից 86 պատգամավոր, ներառյալ «Կոնվերգենցիա և միոթյուն» իշխող կոալիցիան, ինչպես նաև երեք սոցիալիստ պատգամավորները, որոնք այդպիսով խախտել են բանաձևին չսատարելու կուսակցության որոշումը:

Փաստաթղթին դեմ է քվեարկել 44 պատգամավոր Սոցիալիստական, Ժողովրդական և «Քաղաքացիներ» կուսակցություններից, որոնք մեղադրել են Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասին կենտրոնական կառավարության հետ առճակատման բորբոքման մեջ: Ինչպես նշել է «Քաղաքացիների» նախագահ Ալբերտ Ռիվերը, «այդ են վկայում բանաձևի դրույթները, մասնավորապես, այն կետը, որը նշում է, որ ուժի մեջ է մնում հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանի հավանությանն արժանացած հռչակագիրը ինքնավար մարզի ինքնիշխանության մասին, որը, սակայն, Սահմանադրական դատարանը մարտին համարեց հակասող երկրի հիմնական օրենքին»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---