10  29.09.14 - Տոնավաճառների աշխատակիցների ցույցն Ազգային ժողովի շենքի դիմաց

«Շրջանառության հարկի մասին». ՓՄՁ-ները շարունակում են բողոքել, իսկ ԱԺ քառյակն արտահերթ նիստ է հրավիրում

«Շրջանառության հարկի մասին». ՓՄՁ-ները շարունակում են բողոքել, իսկ ԱԺ քառյակն արտահերթ նիստ է հրավիրում

PanARMENIAN.Net - «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի դեմ բողոքող Երևանի տարբեր տոնավաճառների 100-ից ավելի առևտրական սեպտեմբերի 29-ին բողոքի ցույցի էր դուրս եկել Ազգային ժողովի շենքի դիմաց:

Պահանջը նույնն էր` հետ կանչել օրենքը, քննարկել իրենց պահանջները և հետո միայն այն կարող է ուժի մեջ մտնել: Հարցը պետք է լուծում ստանա, հակառակ դեպքում` ցուցարարները սպառնում են ներկայիս գործադուլը վերածել նստացույցի, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` հացադուլի:

Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%:: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Այդ նույն ժամանակ Ազգային ժողովում մեկնարկել էր հերթական քառօրյան: Խորհրդարանում հայտարարված ընդմիջման ժամին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տոնավաճառների աշխատողներին հանդիպելու եկավ ոչ իշխանական քառյակի անունից 4 պատգամավոր` Արամ Մանուկյանը (ՀԱԿ), Միքայել Մելքումյանը և Վահան Բաբայանը (ԲՀԿ), Արծվիկ Մինասյանը (HJD): Ակցիայի մասնակիցները նրանց դիմավորեցին ծափողջյուններով:

Պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ ոչ իշխանական քառյակի ղեկավարությունը որոշում է կայացրել` հենց այսօր սկսում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցով արտահերթ ռեժիմով լիագումար նիստ անցկացնելու գործընթացը:

«Հիմա 44 ստորագրություն կհավաքենք ու կարճ ժամկետում նիստը կհրավիրենք: Ձեզանից, ձեր վճռականությունից շատ բան է կախված, մենք կատարել ենք ինչ-որ պետք է ու պետք է գործընթացը շարունակենք: Մենք գտնում ենք, որ երկու օրենքներն էլ պետք է լինեն շրջանառության մեջ և տնտեսվարողը ինքը ընտրի, թե որ օրենքով առաջնորդվի»,-ասել է նա:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ պարզաբանել է հավաքվածներին` իրենք ներկայումս հարցը կփորձեն մտցնել օրակարգ, բայց կա մի մտավախություն, որ հանրապետական մեծամասնությունը կարող է չմասնակցել նիստին և տապալել արտահերթը:

«Դրա համար հարկավոր է ձեր աջակցությունը, մենք տեղյակ կպահենք արտահերթ նիստի ժամի մասին ու այդ ժամանակ պետք է ձեր ճնշումը, մենք կփորձենք վաղը օրվա վերջում նիստ հրավիրել: Ես կարծում եմ, որ պետք է նախաձեռնող խումբ ունենաք, որը մեզ հետ կլինի կապի մեջ»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հավելել է, որ իրականում այս խնդիրը քառյակի 12 կետերի բաղկացուցիչ մասն է և վերաբերում է ՓՄՁ արտոնագրային վարկերի հարցին, գրում է Tert.am-ը:

«Եթե հաջողվի օրակարգային դարձնել այս հարցը, շատ ավելի լավ, բայց կա երկու-երեք հարց այս թեմայի շուրջ, որոնց մասին ևս պետք է խոսել: Այնուամենայնիվ, շրջանառության հարկը անգամ 150 մլն դրամ դարձնելու դեպքում մենք պետք է առաջարկենք, որ կիրառվի պրոգրեսիվ համակարգ, որպեսզի, օրինակ, 200 մլն շրջանառություն ունեցողը 150 մլն-ը վճարի շրջանառության հարկի դրույքաչափի չափով, 50-ի նկատմամբ կիրառվի ստանդարտ հարկային ռեժիմ, երկրորդ՝ պետք է լինի նվազագույն շեմի գաղափար, որ թույլ կտա առանց փաստաթղթավորման իրականացնել առևտուրը: Դրանից ածանցող նաև տույժ տուգանքի չափերը, պետք է այնպես չլինի, որ մարդ մի գրիչ թաքցնելու համար տուգանվի այնքան, ինչքան օրինակ մեկ մեքենայի դեպքում»,-ասել է նա:

Սեպտեմբերի 25-ին կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքից ՓՄՁ-ների դժգոհություններին, հայտարարել է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մտահոգություններն անհիմն են ու անտեղի, կառավարությունը որևէ խնդիր չի դրել, որպեսզի ՓՄՁ-ներին ճնշի: Նա ևս մեկ անգամ նշել է, որ թիրախը պետք է լինի խոշորների կողմից հարկերից խուսափելը:

Վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ձեռնպահ մնալ ՓՄՁ-ներում որևէ անհիմն ստուգումներից: Նա անհիմն և անհասկանալի է համարել նաև այն, որ ՓՄՁ-ները ցանկանում են վերադառնալ շրջանառության հարկի նախկին դրույքաչափին: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը համակարծիք է վարչապետի հետ. ՓՄՁ-ների անհանգստություններ զարմանալի և անհասկանալի են:

Սեպտեմբերի 23-ին Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՓՄՁ բողոքող ներկայացուցիչներից կազմված 20-հոգանոց պատվիրակությունը: Նա լսել է տնտեսվարողների դիտարկումներն ու փաստարկները և վստահեցրել, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որևէ կերպ չի տուժի: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ները խոշոր ընկերությունների համար չդառնան հարկերը թաքցնելու հարթակ և գործիք:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---