Արամ Առաջինը մտադիր է կաթողիկոսության հողերը Թուրքիայից պահանջել արդեն հոկտեմբերին

Արամ Առաջինը մտադիր է կաթողիկոսության հողերը Թուրքիայից պահանջել արդեն հոկտեմբերին

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հավանաբար, արդեն հոկտեմբերին հայցով կդիմի Թուրքիայի Սահմանադրական դատարն՝ պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսությունը:

Այդ մասին կաթողիկոսն ինքն է հայտարարել հունական Azad Or թերթին տված հարցազրույցում: «Մենք, բնականաբար, չենք ակնկալում, որ Թուրքիան հավանություն կտա մեր հայցին: Մենք պետք է ամեն հնարավորն անենք, որպեսզի դատը շուտ տեղի ունենա…կարծում եմ, ժողովուրդը ողջունում է այս քայլը, երբ ես առաջին անգամ հրապարակեցի մեր մտադրությունները, բոլորը հավանություն տվեցին»,-ասել է կաթողիկոսը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե Թուրքիայի ՍԴ-ն մերժի հայցը:

Սիսի կաթողիկոսության վերադարձը պահանջելու հայոց Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: «Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,-ասել է նա:

Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293–1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հս. ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին:

Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում:

Անդրադառնալով հայ և քրիստոնյա այլ համայնքների վիճակին Մերձավոր Արևելքի երկրներում՝ Արամ Առաջինն ասել է, որ տարածաշրջանի քրիստոնյաները շատ են տառապել, սակայն չեն հեռացել այդ տարածքից: «Ինչ վերաբերում է հայերին, ապա արաբական աշխարհը կարևոր է մեզ համար: Այստեղ են մեր ամենախոշոր համայնքները: Մեր ներկայությունը Մերձավոր Արևելքում չափազանց կարևոր է Հայ Դատի, միջազգային կապերի տեսակետից: Իսկ եթե մեր ժողովրդի զավակները ցանկանում են հեռանալ, ուրեմն միայն մեկ ճանապարհ պետք է ունենան՝ Հայաստան, ոչ թե արևմտյան երկրներ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---