Հոկտեմբերը` կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակ. Հայաստանում տարեկան 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվում

Հոկտեմբերը`  կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակ. Հայաստանում տարեկան 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակ: Այս ամիս աշխարհի գրեթե բոլոր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, որոնց նպատակը հիվանդության մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձացումն է, ինչպես նաև` հիվանդության դեմ պայքարի, վաղ հայտնաբերման ու կանխարգելման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրումը: Ծրագիրը նաև տեղեկատվություն ու աջակցություն է ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր բախվել են խնդրին:

Երևանում գործող «Հայ-ամերիկյան առողջության կեն֊տրոնից» (Մամոգրաֆիայի համալսարանական կենտրոն) PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ միամսյակի առթիվ կենտրոնում գործում է 50% զեղչ կրծքագեղձի հետազոտության համար: Նախատեսվում են նաև հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ ու դասախոսություններ:

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ գոյացություն է: Այն աշխարհում կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է: Շատ հազվադեպ, բայց հանդիպում է նաև տղամարդկանց մոտ (ընդհանուր դեպքերի 1%-ը): ԱՀԿ տվյալներով ամեն տարի աշխարհում 13-90 տարեկան կանանց շրջանում գրանցվում է հիվանդության 800.000-ից 1 մլն նոր դեպք:Հայաստանը նույնպես անմասն չէ այս հիվանդությունից: Տարեցտարի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը Հայաստանում ավելանում է: 2013-ին կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման 1086 նոր դեպք է գրանցվել:

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակն առաջին անգամ անցկացվել է 1985-ին AstraZeneca միջազգային դեղագործական ընկերության նախաձեռնությամբ: Այս ընկերությունը զբաղվում է տամոկսիֆենի և քաղցկեղի դեմ պայքարի այլ դեղամիջոցների թողարկմամբ: Միջոցառման առաջնային նպատակը մամոգրաֆիայի` որպես վաղ հայտնաբերման արդյունավետ մեթոդի տարածումն էր:

Վարդագույն ժապավենը` միջազգային խորհրդանիշ է, որն օգտագործում են կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները: Վարդագույնը կանացիություն, կյանք, գեղեցկություն ու առողջություն խորհրդանշող գույն է. այն ամենի, ինչը խլում է քաղցկեղը:

Առաջին անգամ վարդագույն ժապավենը կիրառել է «Սյուզան Գ. Կոմենի անվան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կազմակերպությունը»: 1990-ին նրանք հիվանդությունը հաղթահարած կանանց վարդագույն գլխարկներ էին բաժանում, իսկ մեկ տարի անց Նյու Յորքում «Հանուն ապաքինման վազքի» մասնակիցներին բաժանեցին վարդագույն ժապավենները:

Estée Lauder ընկերությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում է հանրահայտ շինությունների վարդագույն լուսավորությունը, որպեսզի ուշադրություն հրավիրի վաղ հայտնաբերման ու հիվանդության կանխարգելման խնդիրների վրա: Թողարկվել են նաև վարդագույն ժապավենով նամականիշներ, որոնց վաճառքից ստացված գումարը փոխանցվել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---