Հալեպի հայկական թաղամասում դարձյալ պայթյուններ են հնչել. Հայեր են վիրավորվել

Հալեպի հայկական թաղամասում դարձյալ պայթյուններ են հնչել. Հայեր են վիրավորվել

PanARMENIAN.Net - Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հոկտեմբերի 1-ին դարձյալ պայթյուններ են հնչել: Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կեսօրին մոտ Ազգային Զավարյան վարժարանի ուղղությամբ զինյալ ահաբեկչական խմբավորումները գազի տակառ են արձակել, որի հետևանքով մի արաբ երիտասարդ է մահացել և հայեր են վիրավորվել` Շ. Շահինեան և Ա.Սոլաքեան: Վիրավորների վիճակը, ըստ «Գանձասարի», կայուն է:

Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասի վերջին հրթիռակոծություններից մեկի ժամանակ օգոստոսի 9-ին զոհվել էին Մելքոն Պալյանը, նրա եղբայր Ժիրայր Պալյանը և Հարություն Սարգսյանը: Կային նաև վիրավորներ: Օգոստոսի 9-ի հրթիռակոծությունը նաև մեծ նյութական վնաս էր պատճառել:

Հունիսին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նախաձեռնեց #SaveAleppo արշավը: Սիրիական այդ քաղաքի հայ բնակչությունը, որը քաղաքի բնակիչների մեկ չորրորդն է կազմում, վերջին օրերին գնդակոծվում է զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածել են աղետի գոտու:

ANCA-ն կոչ է անում հեռաձայնել կամ գրել նախագահ Օբամային և կոչ անել անհապաղ միջամտել. առաջինը, դադարեցնել Հալեպի քրիստոնեական թաղամասերի ռմբակոծությունները, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրերի հոսքը դեպի Սիրիա, և երրորդը՝ պատասխանի վերջապես ANCA-ի հարցմանը Քեսաբի վրա Թուրքիայի հարձակման դերի մասին:

Եվրոպայի Հանուն արդարության ու ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել, հասցեագրված Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել կասեցնելու համար Նոր Գյուղի հայ բնակչության բնաջնջումը:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---