ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է. Ամուր տանիք ևս 3 ընտանիքի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է. Ամուր տանիք ևս 3 ընտանիքի համար

PanARMENIAN.Net - Տարեսկզբին մեկնարկած ՎիվաՍել-ՄՏՍ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» գործակցության արդյունքում Սահմանամերձ Երվանդաշատ գյուղում հինգ ամսվա ընթացքում վերանորոգվել է վեց և կառուցվել երկու կիսակառույց տուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմն այցելել են Երվանդաշատ ՝ կիսելու գյուղի ևս 3 ընտանիքի ուրախությունը, որոնք տոնում էին բնակարանամուտը:

«Դեռ մի քանի ամիս առաջ հույս անգամ չկար, որ այս ամառն այսքան արդյունավետ կլինի և կկատարվի իմ, ընտանիքիս ու նաև շատ համագյուղացիներիս նվիրական երազանքը: Ես անչափ շնորհակալ եմ այս ծրագրին, որն օգնում է կառուցել ոչ միայն տուն, այլև` կյանք, ոչ միայն պատեր, այլև` հույս, ոչ միայն տանիք, այլև` հավատ ապագայի նկատմամբ»,-ասել է Վարուժան Ավետիսյանը, որի ընտանիքը երկար տարիներ ապրել է ծնողների ու եղբոր բազմանդամ ընտանիքի հետ՝ առանց կենցաղային տարրական հարմարությունների:

«Բնակարանամուտը ընտանեկան կյանքում խորհրդանշում է նոր սկիզբ՝ վերածնված հույսեր, նոր ձգտումներ, նոր ծրագրեր, որոնք հյուսված են սիրով ու սիրո թելերով՝ անցյալում թողնելով անհաջողությունները և հիասթափությունները: Սա հատկապես կարևոր է դառնում, երբ վերաբերում է սահմանամերձ շրջաններին: Սահմանագծին ապրող մեր հայրենակիցներին նոր հույս ներշնչելով՝ մենք նրանց ուժ ու կորով ենք հաղորդում և դրանով վերահաստատում մեր առաքելությունը և բարձրաձայնում մեր ազգային նպատակը. մեր հայրերն ապրել են այս երկրում, մենք ապրում ենք այս երկրում, իսկ հետագայում՝ նաև մեր երեխաներն են ապրելու այս երկրում՝ մեր նախնիների հայրենի տուն Հայաստանում: Այստեղ դրված յուրաքանչյուր քար մեր հոգիներին և մեր միասնական ազգային ոգուն զորություն է պարգևում: Մենք ընդմիշտ ամուր ենք մնալու այս սրբազան հողի վրա: Մենք պարտավոր ենք դա անել և սա մեր ուղերձն է յուրաքանչյուրին՝ այս երկրում և դրա սահմաններից դուրս»-,նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր գործակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շատ բեղմնավոր է, ու ահա մենք տեսնում ենք արդյունքները: Մինչև տարեվերջ Հայաստանի սահմանամերձ 4 գյուղում 25 ընտանիք կապրի հարմարավետ տներում: Այս ծրագիրը սահմանին ապրող մեր հայրենակիցներին օգնում է զգալ, որ մենակ չեն կանգնած առաջին գծում, որ սեփական տանը նույնիսկ պատերն են օգնում ու լավ է, եթե այդ պատերն ամուր են»,- ասել է «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է այդ ծրագիրն իրականացնելու գործը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Փոխառություններն օգտագործվում են նոր ընտանիքների աջակցելու համար՝ դառնալով ֆինանսական կայունության հիմք: Առ այսօր կազմակերպությունն օգնել է 286 ընտանիքների կառուցելու և վերանորոգելու իրենց բնակարանները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---