«Շրջանառության հարկի մասին» օրենքը չի կասեցվելու. Կառավարությունը մերժել է առաջարկները (թարմացված)

«Շրջանառության հարկի մասին» օրենքը չի կասեցվելու. Կառավարությունը մերժել է առաջարկները (թարմացված)

PanARMENIAN.Net - «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոփոխության չի ենթարկվելու. Կառավարությունը մերժել է ոչ իշխանական ուժերի առաջարկները: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` հավելելով, որ ոչ իշխանական ուժերի՝ օրենքի վերաբերյալ առաջարկները քննարկելու նպատակով երկու հանդիպում է տեղի ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան և հոկտեմբերի 2-ի առավոտյան, որին մասնակցել են քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներիը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Առաջին հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրենքի հետ կապված երեք հիմնական առաջարկ է ներկայացվել՝ առաջին՝ կամավորության տարբերակը՝ ըստ որի՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են վճարել շրջանառության 3,5 % հարկ, վճարեն այդքան, իսկ նրանք, որոնք ցանկանում են վճարել 1% հարկ՝ ներկայացնելով օրենքով պահանջվող համապատասխան թղթերը, վարվեն այդպես: Երկրորդ՝ շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ: Երրորդ՝ առաջարկվել է առայժմ կասեցնել օրենքի կիրառումը:

Սակայն, ըստ Մելքումյանի, կառավարությունը մնացել է իր տեսակետին՝ առաջարկելով մեկ ժամանակավոր լուծում.

«Վարչապետի հանձարարականով ֆինանսների նախարարը հրաման է ստորագրել՝ ձեռնպահ մնալ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների անհիմն ստուգումներ իրականացնելուց, բացառությամբ՝ ռիսկային համարվողների»,- պատգամավորի խոսքերը մեջբերում է ՍիվիլՆեթը:

«Շրջանառության հարկի մասին» արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիները հոկտեմբերի 2-ին դարձյալ ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են կասեցնել օրենքն ու դեմ են դրա կիրառմանն ընդհանրապես:

Կառավարության նիստից հետո երեք քաղաքացի հանդիպել է վարչապետին, ներկայացրել 3 կետից բաղկացած առաջարկներ, որոնք դեռևս չեն կարող հրապարակել: Վարչապետն էլ խոստացել է պատասխանել 3-4 օրից:

«Ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու»,- հայտարարել է կառավարության նիստից հետո վարչապետին հանդիպած Սամսոն Գրիգորյանը, գրում է Tert.am-ը:

Ցույցի մասնակից առևտրականները որոշել են հավաքվել երեքշաբթի օրը` հոկտեմբերի 7-ին` հասկանալու, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը, եթե Հովիկ Աբրահամյանը դրական պատասխան չտա:

Հոկտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Երևանի տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող առևտրականները դեմ են օրենքի կիրառմանը: Նրանք արդեն մի քանի բողոքի ցույց են կազմակերպել, սպառնում են գործադուլ և անգամ հացադուլ հայտարարել: Զուգահեռ ցույցեր են անցկացվում նաև Գյումրիում:

Հոկտեմբերի 1-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ չի զիջումների գնալ` հավելելով, որ ձեռնարկատերերի բոլոր անհանգստություններն անհիմն են: Նա նշել է, որ կառավարությունը որդեգրել է ֆինանսական քաղաքականության նոր ուղղություն և առաջիկայում կլինեն դա ապացուցող նոր փաթեթներ:

«Հարկային մարմնի կողմից ոչ մի գործողություններ չեն նախատեսվում և չեն արվելու: Փաստաթղթավորման հետ կապված մտահոգությունները անհիմն են, ինչպես նաև այն է անհիմն, որ հարկային տեսուչները «գալու են, անհիմն կոտորելու են»: Նման բան չի կարող լինել, կա հստակ օրենք` իր դրույթներով»,- նշել է Ֆինանսների նախարարը, գրում է Panorama.am-ը:

ՀՀ կառավարությունը պատասխանել է ոչ իշխանական քառյակի` գործադիրին ուղղված 12 պահանջին, այդ թվում` առևտրականների մեծ դժգոհությունների պատճառ դարձած ու պարբերական բողոքի ցույցերի առիթ հանդիսացող «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պահանջին:

Շրջանառության հարկի շուրջ քննարկումների շրջանակում ԱԺ ոչ իշխանական ուժերը հոկտեմբերի 1-ին հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Հարցը պիտի քննարկվի նաև կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Նախօրեին ՀՀԿ-ն բոյկոտել էր հարկի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստը, որը չկայացավ քվորում չլինելու պատճառով:

Սեպտեմբերի 25-ին կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքից ՓՄՁ-ների դժգոհություններին, հայտարարել է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մտահոգություններն անհիմն են ու անտեղի, կառավարությունը որևէ խնդիր չի դրել, որպեսզի ՓՄՁ-ներին ճնշի: Նա ևս մեկ անգամ նշել է, որ թիրախը պետք է լինի խոշորների կողմից հարկերից խուսափելը:

Վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը ձեռնպահ մնալ ՓՄՁ-ներում որևէ անհիմն ստուգումներից: Նա անհիմն և անհասկանալի է համարել նաև այն, որ ՓՄՁ-ները ցանկանում են վերադառնալ շրջանառության հարկի նախկին դրույքաչափին: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը համակարծիք է վարչապետի հետ. ՓՄՁ-ների անհանգստություններ զարմանալի և անհասկանալի են:

Սեպտեմբերի 23-ին Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՓՄՁ բողոքող ներկայացուցիչներից կազմված 20-հոգանոց պատվիրակությունը: Նա լսել է տնտեսվարողների դիտարկումներն ու փաստարկները և վստահեցրել, որ օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որևէ կերպ չի տուժի: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ները խոշոր ընկերությունների համար չդառնան հարկերը թաքցնելու հարթակ և գործիք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---