Նարեկ Սանոյանը` ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի փոխչեմպիոն

Նարեկ Սանոյանը` ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում մեկնարկել է ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի 29-րդ առաջնությունը: Մրցաշարի 1-ին օրը մեդալներ էին խաղարկվում տղամարդկանց 57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերում: Ստուգատեսին Հայաստանը ներկայացնում է ազատ ոճի 3 ըմբիշ, որոնցից երկուսը մրցագորգ է ելել հենց առաջին օրը:

Հաջող է հանդես եկել 65 կգ քաշային Նարեկ Սանոյանը, որը վստահ ելույթների շնորհիվ հասել է եզրափակիչ ու միայն գլխավոր գոտեմարտում զիջելով մրցակցին՝ դարձել բանակայինների աշխարհի փոխչեմպիոն և Հայաստանի ընտրանուն հաշվարկային 15 միավոր պարգևել: Նարեկը վիճակահանության արդյունքներով 1/8-րդ փուլում ազատ էր, ուստի պայքարը սկսել է քառորդ եզրափակչից: Նա նախ 4 րոպե 32 վայրկյանում մաքուր հաղթանակ է տոնել ղազախստանցի Ազամատ Շաղափուլի նկատմամբ, ապա կիսաեզրափակչում 4:1 հաշվով պարտության մատնել ամերիկացի Ջամել Ջեկսոնին ու մտել եզրափակիչ: Այսօր` հոկտեմբերի 4-ին վաղ առավոտյան կայացած եզրափակչում Սանոյանը համառ պայքարում 6:8 հաշվով զիջել է Ուկրաինայի պատվիրակ Եվգենի Խավիլովին և բավարարվել արծաթե մեդալով, որը ևս մեծ նվաճում է երիտասարդ ըմբիշի համար:

2013 թվականին Նարեկ Սանոյանը 61 կգ քաշային կարգում դարձել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն: Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ հանդես է եկել 2013-ի մարտին` մասնակցելով Թբիլիսիում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:Ազատ ոճի ըմբշամարտի 2012թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է:

Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշը` 61 կգ քաշային կարգում հանդես եկող արմավիրցի Արտակ Հովհաննիսյանը շատ վստահ է մեկնարկել ու 1/8-րդ փուլում 12:1 հաշվով հաղթել պակիստանցի Սաջադ Իքբալին: Բայց քառորդ եզրափակչում չափազանց լարված պայքարում 3:4 հաշվով պարտվել է գերմանացի Մարչել Էվալդին ու բավարարվել միայն մեր ընտրանուն պարգևած հաշվարկային 2 միավորով:

57 կգ քաշային կարգում բանակայինների աշխարհի չեմպիոն է դարձել Հնդկաստանի պատվիրակ Սանդխի Տոմարը, իսկ 70 կգ-ում` Մոնղոլիայի ներկայացուցիչ Մանդախնարան Գանզորիգը:

Առաջնության 2-րդ օրը մեդալներ կխաղարկեն մյուս չորս՝ 74, 86, 97 և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Հայաստանի պատվիրակներից մրցագորգ կելնի 97 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին, որն այս ստուգատեսում անցյալ տարի կարողացել է բրոնզե մեդալ նվաճել:

Նյու Ջերսիում ազատ ոճի հայ ըմբիշները հանդես են գալիս ՀՀ երիտասրդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---