Բանակայինների ըմբշամարտի ԱԱ. Հայ մարզիկները ևս 2 ոսկի և 3 բրոնզ են նվաճել

Բանակայինների ըմբշամարտի ԱԱ. Հայ մարզիկները ևս 2 ոսկի և 3 բրոնզ են նվաճել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում ընթացող բանակայինների ըմբշամարտի 29-րդ աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի մրցաշարի 1-ին օրը մրցագորգ ելած Հայաստանի բոլոր 4 ըմբիշն էլ զբաղեցրել է մրցանակային տեղ:

Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ ելույթ ունեցած ըմբիշներից երկուսը` Գևորգ Սահակյանը (66 կգ) և Կարապատ Չալյանը (75 կգ), հաղթանակով են ավարտել իրենց անցկացրած բոլոր գոտեմարտերն ու թիմային 15-ական միավոր պարգևելով Հայաստանի հավաքականին՝ արժանացել ոսկե մեդալների:

Ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում շարունակվում է ըմբշամարտի բանակայինների աշխարհի 29-րդ առաջնությունը, որին 24 երկրից 200 ըմբիշ է մասնակցում:

66 կգ քաշային Գևորգ Սահակյանը, որը նախորդ տարի այս մրցաշարում դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, այս անգամ բարելավել է իր ցուցանիշն ու «արծաթը» փոխարինել «ոսկիով»: Գևորգն առանց մեծ դժվարության նախնական փուլերում բացահայտ առավելությամբ հաղթանակներ է տոնել մոնղոլացի Բյամբարոջի ու եգիպտոսցի Սայեդ Սայեդի նկատմամբ: Ապա կիսաեզրափակչում 5:1 հաշվով պարտության է մատնել գերմանացի Դենիզ Մենեկսին: Իսկ եզրափակչում Սահակյանից ընդամենը 1 րոպե 34 վայրկյան է պահանջվել՝ գետնելու ու մաքուր հաղթանակ տոնելու ամերիկացի Բրիք Սադորիսի նկատմամբ:

2013 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն, գյումրեցի Կարապետ Չալյանն էլ իրեն հավասարը չի ունեցել 75 կգ քաշայինների մրցապայքարում: Նա վիճակահանության արդյունքներով պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 8:1 հաշվով հաղթել է Անգոլայի ներկայացուցիչ Աբդեկրիմ Ուակալին, իսկ կիսաեզրափակչում էլ 8:0 հաշվով առավելության հասել լիտվացի Վալդեմարաս Վենսկայտիսի նկատմամբ: Ամերիկացի Ջոն Անդերսոնի հետ եզրափակիչ գոտերմարտն ընթացել է չափազանց լարված ու դիտարժան պայքարում, սակայն Կարապետին հաջողվել է 4:3 հաշվով հաթել ու հռչակվել բանակայինների աշխարհի չեմպիոն:

Ելույթներն ավարտել են նաև 59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանն ու 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը: Նրանք բավարարվել են բրոնզե մեդալով ու թիմային 8-ական միավոր բերել ՀՀ ընտրանուն: Կիրակոսյանը քառորդ եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել Անգոլայի պատվիրակ Բիլել Բենբրիհիի նկատամբ, սակայն կիսաեզրափակչում զիջել աշխարհի ապագա փոխչեմպիոն, հնդիկ Գաուրավ Շարմային: Ռոբերտը գերազանց է անցկացրել 3-րդ տեղի համար մենամարտն ու 8:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնելով բրազիացի Դիեգո Ռոմանելիի նկատմամբ՝ արժանացել բրոնզե մեդալի: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Եգիպտոսի ներկայացուցիչ Հայթամ Ահմեդը:

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանի ավագ եղբայրը՝ Ռաֆայել Ալեքսանյանը, բրոնզե մեդալի է արժանացել 71 կգ քաշայինների մրցավեճում: Նա քառորդ եզրափակչում զիջել է աշխարհի ապագա չեմպիոն, Ուկրաինան ներկայացնող Նիկոլայ Սավչենկոյին (0:10), սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտում 6:1 հաշվով հաղթանակ տանելով գերմանացի Բենջամին Հոֆմանի նկատմամբ՝ նույնպես արժանացել է բրոնզե պարգևի:

Առաջնության վերջին օրը մրցագորգ կելնեն ու մեդալներ կխաղարկվեն 80, 85, 98 և 130 կգ քաշային կարգի ըմբիշները: Նրանց պայքարին մասնակցողների թվում կլինի նաև 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:

Մրցաշարի 2-րդ օրը ազատ ոճի ըմբիշների պայքարում հաջող է հանդես եկել նաև 97 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Վիկտոր Կազիշվիլին, որը կրկնելով 2013 թվականի իր հաջողությունը՝ կրկին արժանցել է բրոնզե մեդալի ու թիմային 12 միավոր պարգևել Հայաստանի ընտրանուն:

Վիկտորը 1/8-րդ փուլում 6:4 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի պատվիրակ Լխագվասուրենի, ապա քառորդ եզրափակչում 12:2 հաշվով ամերիկացի Ջեկ Ջենսենի նկատամամբ ու մտել կիսաեզրափակիչ: Այստեղ նա անհաջողության է մատնվել աշխարհի ապագա չեմպիոն գերմանացի Վիլիամ Հարթի հետ գոտեմարտում՝ պարտվելով 0:10 հաշվով: Սակայն 3-րդ տեղի համար մենամարտում ընդամենը 1 րոպե 14 վայրկյանում մաքուր հաղթանակ է տոնել Անգոլայի ներկայացուցիչ Ֆայսալ Սայդանի նկատմամբ ու նվաճել բրոնզե մեդալը:

Ազատ ոճայինների գերծանր՝ 125 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Մովսես Ադամյանը գրավել է 5-րդ տեղն և թիմային 6 միավոր բերել մարզաձևի Հայաստանի հավաքականին: Մովսեսը 3-րդ տեղի համար լեհաստանցի ըմբիշ Ռոդոսլավ Բարանի հետ գոտեմարտին վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել, այդ պատճառով էլ բավարավել է 5-րդ տեղով: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել գերմանացի Յոհանես Կեսելը:

74 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին է արժանացել ղազախստանցի Գալիմժան Ուսերբաևը, իսկ 86-ում՝ մոնղոլ Ուիթումեն Օրգոդոլը:

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում մեկնարկել է ազատ ոճի բանակային ըմբիշների աշխարհի 29-րդ առաջնությունը: Մրցաշարի 1-ին օրը մեդալներ էին խաղարկվում տղամարդկանց 57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերում: Ստուգատեսին Հայաստանը ներկայացնում է ազատ ոճի 3 ըմբիշ, որոնցից երկուսը մրցագորգ է ելել հենց առաջին օրը:

Հաջող է հանդես եկել 65 կգ քաշային Նարեկ Սանոյանը, որը վստահ ելույթների շնորհիվ հասել է եզրափակիչ ու միայն գլխավոր գոտեմարտում զիջելով մրցակցին՝ դարձել բանակայինների աշխարհի փոխչեմպիոն և Հայաստանի ընտրանուն հաշվարկային 15 միավոր պարգևել: Նարեկը վիճակահանության արդյունքներով 1/8-րդ փուլում ազատ էր, ուստի պայքարը սկսել է քառորդ եզրափակչից: Նա նախ 4 րոպե 32 վայրկյանում մաքուր հաղթանակ է տոնել ղազախստանցի Ազամատ Շաղափուլի նկատմամբ, ապա կիսաեզրափակչում 4:1 հաշվով պարտության մատնել ամերիկացի Ջամել Ջեկսոնին ու մտել եզրափակիչ: Այսօր` հոկտեմբերի 4-ին վաղ առավոտյան կայացած եզրափակչում Սանոյանը համառ պայքարում 6:8 հաշվով զիջել է Ուկրաինայի պատվիրակ Եվգենի Խավիլովին և բավարարվել արծաթե մեդալով, որը ևս մեծ նվաճում է երիտասարդ ըմբիշի համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---