Որ ՓՄՁ-ները չփակվեն. Ձեռնարկատերերը շարունակում են բողոքել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից

Որ ՓՄՁ-ները չփակվեն. Ձեռնարկատերերը շարունակում են բողոքել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից

PanARMENIAN.Net - «Շրջանառության հարկի մասին» արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիները հոկտեմբերի 6-ին դարձյալ ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին վարչապետի պատասխանը՝ հասկանալու, թե օրենքում փոփոխություններ կատարելու հարցում իրենց որ առաջարկներն են ընդունվել:

Երևանի տարբեր շուկաներում գործունեություն ծավալող առևտրականները հոկտեմբերի 2-ին հանդիպել էին վարչապետին, ներկայացրել 3 կետից բաղկացած առաջարկներ, որոնք դեռևս չեն կարող հրապարակել: Կառավարության ղեկավարն էլ խոստացել էր պատասխանել 3-4 օրից:

Ֆինանսների նախարարի հրամանով օրենքի որոշ դրույթներ փաստացի առկախված են, և ստուգումներ այս պահին չեն արվում, սակայն առևտրականները հայտարարել են, որ դա իրենց համար երաշխիք չէ՝ «այսօր չեն գա, վաղը կգան», գրում է Tert.am-ը:

Հոկտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Երևանի տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող առևտրականները դեմ են օրենքի կիրառմանը: Նրանք արդեն մի քանի բողոքի ցույց են կազմակերպել, սպառնում են գործադուլ և անգամ հացադուլ հայտարարել: Զուգահեռ ցույցեր են անցկացվում նաև Գյումրիում:

Այս անգամ ևս 3 ցուցարար հանդիպել են վարչապետին՝ քննարկելու «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ առաջացած խնդիրները:

«Իսկապես, կան թնջուկներ, որոնք լուծում պետք է գտնեն: Վարչապետը հակված է, որ թնջուկը մինչև վերջ լուծի, ամեն կերպ պատրաստ է աջակցել փոքր ու միջին բիզնեսին: Բայց խնդիրներ կան՝ կապված օրենքի հետ, որոնք մեր քննարկման արդյունքում ի հայտ եկան: Վարչապետի հանձնարարականով պետք է հանդիպենք ֆինանսների նախարարի հետ, դրանից հետո կրկին կմոտենանք վարչապետին՝ արդեն խնդրի լուծումն ունենալու ակնկալիքով»,- հայտարարել է «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը, որը նույնպես մասնակցել է վարչապետի հետ հանդիպմանը:

Ըստ ցուցարարների, հանդիպմանը վարչապետը հավաստիացրել է առևտրականներին, որ կարվի ամենը, որպեսզի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններ չփակվեն և հորդորել՝ այն առաջարկները, որ ավելի վաղ իրեն էին ներկայացվել, քննարկեն նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

«Գնանք նախարարի հետ խոսանք»,- ասել է ցուցարարներից մեկը, ում փոխանցմամբ` վարչապետի հետ հանդիպած գործընկերներն ասել են, թե Աբրահամյանը, կարծես, հակված է ՓՄ բիզնեսի ներկայացուցիչների օգտին որոշում կայացնել: Ավելի ուշ ֆինանասների նախարարությունից հայտնել են, որ Գագիկ Խաչատրյանն ընդունել է կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակից առևտրականներին, գրում է Panorama.am-ը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 2-ին հայտարարել է, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոփոխության չի ենթարկվելու. Կառավարությունը մերժել է ոչ իշխանական ուժերի առաջարկները: Նա հավելել է, որ ոչ իշխանական ուժերի՝ օրենքի վերաբերյալ առաջարկները քննարկելու նպատակով երկու հանդիպում է տեղի ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան և հոկտեմբերի 2-ի առավոտյան, որին մասնակցել են քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներիը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Առաջին հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրենքի հետ կապված երեք հիմնական առաջարկ է ներկայացվել՝ առաջին՝ կամավորության տարբերակը՝ ըստ որի՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են վճարել շրջանառության 3,5 % հարկ, վճարեն այդքան, իսկ նրանք, որոնք ցանկանում են վճարել 1% հարկ՝ ներկայացնելով օրենքով պահանջվող համապատասխան թղթերը, վարվեն այդպես: Երկրորդ՝ շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ: Երրորդ՝ առաջարկվել է առայժմ կասեցնել օրենքի կիրառումը:

Սակայն, ըստ Մելքումյանի, կառավարությունը մնացել է իր տեսակետին՝ առաջարկելով մեկ ժամանակավոր լուծում. «Վարչապետի հանձարարականով ֆինանսների նախարարը հրաման է ստորագրել՝ ձեռնպահ մնալ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների անհիմն ստուգումներ իրականացնելուց, բացառությամբ՝ ռիսկային համարվողների»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---