«Շրջանառության հարկի մասին» օրենքը կվերանայվի. Տեխնիկական խնդիրներ կան

«Շրջանառության հարկի մասին» օրենքը կվերանայվի. Տեխնիկական խնդիրներ կան

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարին հանձնարարել է վերանայել «Շրջանառության հարկի մասին» գործող օրենքի որոշ դրույթներն ու օրենքի նոր նախագիծը եռօրյա ժամկետում ներկայացնել Կառավարության քննարկմանն ու ԱԺ: Դրանով գույքագրման պահանջը հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը: Բացի այդ 20-օրյա ժամկետում նախարարը պետք է Կառավարությանը ներկայացնի առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու ու տնտեսվարողների շրջանում անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման վերաբերյալ:

Կառավարությունից հայտնում են` բանն այն է, որ ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ: Դրանք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:

Հոկտեմբերի 1-ին, ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքը, ըստ որի առևտրային գործունեություն իրականացնող ՓՄՁ-ների և ընտանեկան ձեռնարկատիրության համար շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Երևանի տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող առևտրականները դեմ են օրենքի կիրառմանը: Նրանք արդեն մի քանի բողոքի ցույց են կազմակերպել, սպառնում են գործադուլ և անգամ հացադուլ հայտարարել: Զուգահեռ ցույցեր են անցկացվում նաև Գյումրիում:

«Շրջանառության հարկի մասին» արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիները հոկտեմբերի 6-ին դարձյալ ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին վարչապետի պատասխանը՝ հասկանալու, թե օրենքում փոփոխություններ կատարելու հարցում իրենց որ առաջարկներն են ընդունվել:

Ըստ ցուցարարների, հանդիպմանը վարչապետը հավաստիացրել է առևտրականներին, որ կարվի ամենը, որպեսզի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններ չփակվեն և հորդորել՝ այն առաջարկները, որ ավելի վաղ իրեն էին ներկայացվել, քննարկեն նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 2-ին հայտարարել է, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոփոխության չի ենթարկվելու. Կառավարությունը մերժել է ոչ իշխանական ուժերի առաջարկները: Նա հավելել է, որ ոչ իշխանական ուժերի՝ օրենքի վերաբերյալ առաջարկները քննարկելու նպատակով երկու հանդիպում է տեղի ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան և հոկտեմբերի 2-ի առավոտյան, որին մասնակցել են քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներիը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Առաջին հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրենքի հետ կապված երեք հիմնական առաջարկ է ներկայացվել՝ առաջին՝ կամավորության տարբերակը՝ ըստ որի՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ցանկանում են վճարել շրջանառության 3,5 % հարկ, վճարեն այդքան, իսկ նրանք, որոնք ցանկանում են վճարել 1% հարկ՝ ներկայացնելով օրենքով պահանջվող համապատասխան թղթերը, վարվեն այդպես: Երկրորդ՝ շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ: Երրորդ՝ առաջարկվել է առայժմ կասեցնել օրենքի կիրառումը:

Սակայն, ըստ Մելքումյանի, կառավարությունը մնացել է իր տեսակետին՝ առաջարկելով մեկ ժամանակավոր լուծում. «Վարչապետի հանձարարականով ֆինանսների նախարարը հրաման է ստորագրել՝ ձեռնպահ մնալ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների անհիմն ստուգումներ իրականացնելուց, բացառությամբ՝ ռիսկային համարվողների»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---