Վերջին 10 տարում «Գազպրոմ Արմենիա»-ն մոտ 900 մլն դոլար է ներդրել ՀՀ տնտեսության մեջ

Վերջին 10 տարում «Գազպրոմ Արմենիա»-ն մոտ 900 մլն դոլար է ներդրել ՀՀ տնտեսության մեջ

PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի տնտեսության ոլորտում ամենախոշոր ներդրողներից մեկն է, իսկ վերջին 10 տարում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 900 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ- Գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը Գազային տնտեսությունների գործարար և գիտատեխնիկական գործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստում, որն անցնում էր Ծաղկաձորում:

Նա պատմել է նաև բնական գազը որպես շարժիչի վառելիք օգտագործելու մասին: «Այժմ Հայաստանի տարածքում գործում է 334 գազալցակայան, միջին հաշվով յուրաքանչյուր 90 քկմ վրա մեկ գազալցակայան կա: Գազալցակայանների մեծ և ճյուղավորված ցանցի շնորհիվ խտացված բնական գազը Հայաստանում արդեն դիտարկվում է ոչ թե որպես հավելյալ վառելիք, այլ ավելի շուտ որպես հիմնական»,-ասել է Թադևոսյանը:

Իր ելույթում Թադևոսյանը նաև ներկայացրել է ընկերության կողմից իրականացված որոշ խոշոր ներդրումային նախագծեր, այդ թվում՝ երկրի լայնածավալ գազաֆիկացումը, Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցումն ու արդիականացումը, գազի հաշվառման համակարգի կատարելագործումը, անվտանգության սարքերի տեղադրումը սպառողների բնակարաններում, Աբովյանի գազապահեստարանի ծավալների ավելացումը:

Ըստ պաշտոնական տվյալների, ՌԴ-ից Հայաստան բնական գազի առաքման ծավալը 2014-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,1 տոկոսով և կազմել է 984.2 մլն խմ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 949.8 մլն խմ, ինչը 1,7 տոկոսով ավելի է 2013-ի նույն ժամանակահատվածից, հայտնում է «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայությունը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (հունվար-հունիս) գազի սպառումն ավելացել է 14.2 տոկոսով էներգետիկ հատվածում և կազմել է 220.5 մլն խմ: 6,6 տոկոսով աճել է բնական գազի սպառումն ավտոմեքենաների գազալցակայաններում և 3,9 տոկոսով՝ այլ սպառողների կողմից, կազմելով 220.6 մլն խմ և 101.5 մլն խմ համապատասխանաբար:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բնական գազի սպառման ծավալները արդյունաբերության մեջ կրճատվել են 16,4 տոկոսով (113.2 մլն խմ), բնակչության շրջանում՝ 2,2 տոկոսով (294 մլն խմ):

2014-ի հունիսի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին:

Համաձայնագիրը նախատեսում է այդ ապրանքների մաքսազերծ առաքում մինչ Հայաստանի միանալը Եվրասիական ինտեգրացիոն տարածքին:

Վլադիմիր Պուտինի Երևան պետայցի շրջանակում հայկական ու ռուսական կողմերը 12 համաձայնագիր ստորագրեցին, այդ թվում՝ Հայաստան ռուսական գազի առաքման գների ձևավորման մասին համաձայնագիրը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին, միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին, «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ և «ՀայՌուսգազարդի» միջև 2014-2018 թթ. 2,5 մլրդ խմ գազ Հայաստան առաքելու մասին:

Մի շարք արտոնություններ Հայաստանի համար Ռուսաստանը ներմուծեց մինչ ՄՄ-ին անդամակցելը: Մասնավորապես, ռուսական կողմը Հայաստանի համար կվերացնի 30 տոկոս կաղմող մաքսատուրքը նավթի ու նավթամթերքի համար: Փաստաթուղթը չի սահմանափակում Հայաստանին ապագայում մեկ այլ երկրից ավելի մատչելի գնով գազ գնելու հարցում: Ավելին, «Գազպրոմը» հետագայում իրավունք չունի իր ընկերության բաժնետոմսերը վաճառել երրորդ կողմի առանց Հայաստանի կառավարության համաձայնության: Նույնիսկ ՀՀ կառավարության համաձայնության դեպքում, «Գազպրոմը» կարող է վաճառել բաժնետոմսերի միայն 49 տոկոսը, և միայն հարակից ընկերությանը: Ըստ պայմանագրի, «Գազպրոմը» պարտավորվում է այնքան գազ առաքել Հայաստանին, որքան անհրաժեշտ է ներքին պահանջարկը բավարարելու համար, ժամանակին դրա դիմաց վճարելու պայմանով, ինչպես նաև հաշվի առնելով բնական գազի տարանցման հնարավորություններն ու գազամատակարարման օբյեկտների տեխնիկական վիճակը: Իր հերթին, հայկական կողմը պարտավորվում է, որ Ռուսաստանից ներմուծվող գազը դուրս չի գա Հայաստանի սահմաններից:

2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, «Գազպրոմ» ԲԲԸ ձեռք բերեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի Հանրապետության կառավարության 20 տոկոս բաժնեմասը: 2013-ի դեկտեմբերի 23-ին ԱԺ-ն վավերացրեց ՌԴ և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների առաքումների մասին համաձայնությունը, ինչպես նաև գազի գնագոյացման հարցն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցելու մասին պայմանագիրը:

Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առքուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից:

Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրեց 100 տոկոսի: Ձեռնարկությունը կոչվեց «Գազպրոմ Արմենիա»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---