Իրանի փոխնախարար. Իրան-Հայաստան ԷՀԳ երրորդ գծի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին

Իրանի փոխնախարար. Իրան-Հայաստան ԷՀԳ երրորդ գծի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին

PanARMENIAN.Net - Իրանի էներգետիկայի փոխնախարար Հուշանգ Ֆելլահաթիանը հայտարարել է, որ առաջիկա 2-3 ամսում հնարավոր կլինի սկսել էլեկտրահաղորդիչ նոր գծի կառուցումը Հայաստանի և Իրանի միջև:

Ինչպես հայտնում է iran.ru-ն tasnim լրատվականի վրա հղումով Ֆելլահաթիանը հայտարարել է, որ ըստ առկա պայմանագրի, Իրանը պետք է գազի որոշակի քանակ առաքի Հայաստան, իսկ փոխարենը ստանա էլեկտրաէներգիա: Այդպիսով, վերջին մի քանի տարիներին երկու երկրների միջև գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակում է իրականացվում: Սակայն փոխանակման ծավալը չի հասել երկկողմ պայմանագրով նախատեսված չափերին: Ինչպես նշել է փոխնախարարը, վերջին շրջանում մի շարք խորհրդակցություններ են տեղի ունեցել հայկական կողմի հետ, երբ քննարկվել է էլեկտրահաղորդիչ նոր գծի կառուցումը: Մասնավորապես, որոշվել է նախագծի ֆինանսավորման աղբյուրը, 400 կՎ լարման ԷՀԳ շինարարության համար միջոցներ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Իրանի Արտահանման զարգացման բանկը:

Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:

Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով:

Իրանն ու Հայաստանը մտադիր են նաև հիդրոկասկադ կառուցել Արաքս գետի վրա Մեղրի քաղաքի մոտ: Ըստ նախագծի, ՀԷԿ-ի հզորությունը կկազմի մոտ 150 ՄՎտ, իսկ արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը՝ տարեկան մոտ 800 մլն կՎտ/ժ: Նախագծի արժեքը կազմում է մոտ 320 մլն դոլար: Ֆինանսավորումը պետք է իրականացնի Իրանը, երկիրը փոխարենը 15 տարվա ընթացքում կստանա էլեկտրաէներգիա, որից հետո ՀԷԿ-ը կդառնա Հայաստանի սեփականությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---