Զորաց քարերում Ք.ա. XI-X դարերի հնավայր է պեղվել` 18 մ տրամագծով սրբազան տարածք

Զորաց քարերում Ք.ա. XI-X դարերի հնավայր է պեղվել` 18 մ տրամագծով սրբազան տարածք

PanARMENIAN.Net - Զորաց քարերում մոտ 15 օր տևած պեղումների արդյունքում բացվել է կենտրոնական դամբարանի կրոմլեխը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց հնագետ Աշոտ Փիլիպոսյանը` մանրամասնելով, որ այն քարերով շարված 18 մ տրամագծով սրբազան տարածք է: Մասամբ պեղվել է նաև դամբարանախուցը` 7 մ երկարությամբ, 3 մ լայնությամբ և արևմտյան կողմից 7 մետրանոց քարաշար մուտքով: Դամբարանի միջից 10-ից ավելի ծածկասակլեր են դուրս բերվել, որոնք փլվել են կառույցի մեջ, յուրաքանչյուրը` 1-4 տոննա քաշով, ինչը խոսում է նաև տեղի հասարակության հզորության ու բազմաքանակության մասին:

Կրոմլեխը (crom - սեղան, lech - քար) նեոլիթյան և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցիտեսակ է։ Սովորաբար բաղկացած են խոշոր ( մինչև 5-7 մ բարձրության), մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններ կազմող՝ առանձին կանգնած քարերից։ Կրոմլեխները տարածված են Եվրոպայում, Անդրկովկասում, հանդիպում են նաև Ասիայում և Ամերիկայում։ Ենթադրվում է, որ կրոմլեխները ծառայել են թաղման կամ կրոնական արարողությունների համար։ Այլ տեսակետի համաձայն դրանք կապված են արևի պաշտամունքի հետ և արևի տաճարներ են։ Կրոմլեխներ Հայաստանում հանդիպում են հիմնականում Աշտարակում, Տավուշում, Սյունիքում և Սևանի ավազանում։

Պատմամշակութային արգելոց թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայության միջոցների հաշվին կատարված աշխատանքների արդյունքում պեղվել է խաթարված շետը, որտեղից հայտնաբերվել են Ք.ա. XI-X դարերի երկաթե նիզակներ, երկաթե ապարանջան, խեցեղենի բազմաթիվ բեկորներ, ամբողջական անոթ, տասնյակ կենդանիների ոսկորներ:

«Երկաթե նիզակները պատմական և մշակութային առումով շատ արժեքավոր են, քանի որ հնարավորություն են տալիս ճիշտ թվագրել դամբարանադաշտը»,- մանրամասնեց հնագետը:

Աշոտ Փիլիպոսյանը հավելեց, որ գտածոները վկայում են` դամբարանը պատկանել է այն ժամանակվա համար սոցիալական բարձր խավի պատկանող անձի, որը մահից հետո թաղվել է այստեղ: Տարածքը, ենթադրաբար, ծառայել է նաև որպես կացարան: Պեղումները շարունակվելու են նաև հաջորդ տարի, ընդ որում` ուսումնասիրվող տարածքն ընդլայնվելու է և բնակավայրում, և դամբարանադաշտում:

Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Ժողովրդական բանավոր զրույցներում այն հիշատակվում է նաև Ցից քարեր և Ղոշուն դաշ անվանական տարբերակներով: Վերջին ժամանակներս հուշարձանը սխալմամբ անվանվում է նաև Քարահունջ:

Հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է, տեղավորված 3 հեկտարից ավել տարածության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1770 կմ: Կառույցի բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրա կան անցքեր: Հուշարձանը մասամբ է հետազոտված: Այստեղ ժամանակին մասնակի ուսումնասիրություններ են կատարել աստղագետ Էլ. Պարսամյանը, հնագետ Օ. Խնկիկյանը, ֆիզիկոս Պ. Հերունին և այլոք: Հուշարձանի և հարակից տարածքի նախնական ուսոումնասիրությունը թույլ է տալիս հիմնավորել, որ Զորաց քարերը եզակի պատմամշակութային հնավայր են: Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է մ.թ.ա. XV-XIV դդ.:

Դեռևս 1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ պատահաբար բացվել և ավերվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը Հայաստանի պատմության թանգարանում է: Ըստ պահպանված գտածոների` ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում մ.թ.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտվորապես, նույն ժամանակաշրջանին պետք է վերաբերի նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարաժամանակյա հնագիտական նյութերը վերաբերում են մ.թ.ա. III-I հազարամյակներին:

Նկատի ունենալով Զորաց քարեր հուշարձանի բացառիկ դերը ու նշանակությունը Հայաստանի վաղագույն շրջանի սոցիալ-մշակութային խնդիրների ուսումնասիրության գործում` ՀՀ կառավարությունը 2009-ի հունիսի 26-ի որոշմամբ Զորաց քարեր հուշարձանախմբին տվել է պատմամշակութային արգելոցի կարգավիճակ, իսկ 2010-ի դեկտեմբերի 2-ի որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար, այն փոխադրվել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---