15  04.10.14 - Մամուլի շրջայց UWC Դիլիջանի քոլեջի տարածքում

UWC ցանցի առաջին միջազգային դպրոցն Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում. Դիլիջանի դպրոցը բացվել է (թարմացված)

UWC ցանցի առաջին միջազգային դպրոցն Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում. Դիլիջանի դպրոցը բացվել է (թարմացված)

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել UWC Dilijan College-ի բացումը, որն «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ տարածքում:

Ներկայումս Դիլիջանի դպրոցում սովորում է 16-17 տարեկան 96 աշակերտ 49 երկրից: 2023-ին նախատեսվում է դպրոցը հասցնել լիակատար ծանրաբեռնվածության և այդ ժամանակ աշակերտների թիվը կկազմի 650, իսկ ուսուցիչներինը՝ ավել քան 60, ներկայիս 25-ի փոխարեն:

Ընդունելությունը կատարվում է ըստ ընդունակությունների՝ առանց հաշվի առնելու աշակերտների ֆինանսական հնարավորությունները: Եթե աշակերտի ծնողները հնարավորություն չունեն ամբողջովին կամ մասամբ վճարել ուսման վարձը, ապա դպրոցն այդ ծախսերն ինքն է հոգում:

Աշխարհի դպրոցների միավորումը (UWC) համաշխարհային կրթական շարժում է, որի շրջանակներում աշխարհում գործում է 14 դպրոց, այնտեղ սովորում են աշակերտներ ավելի քան 140 երկրից:

Մինչև պաշտոնական բացումը դպրոցի հիմնադիր-գործընկեր Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատացել են ծրագրին և աջակցել իրականացմանը: Նա հույս է հայտնել, որ Դիլիջանի դպրոցը օրինակ կդառնա համաշխարհային կրթական ստանդարտներին ձևավորմանը և կօգնի բարելավել տեղի հայկական դպրոցների կրթական մակարդակը:

Դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆուդն էլ նշել է, որ դպրոցում դասավանդվում է մաթեմատիկա, օտար լեզուներ, սակայն դրանց թվում հայերենը չի առաջարկվում որպես օտար լեզու: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում կուսուցանվի նաև հայերեն: Դպրոցում իրականացվելու են մի շարք գիտական ծրագրեր:

Հայաստանում միջազգային դպրոցի ստեղծման գաղափարը ծագել է 2006-ին: Բուն շինարարությունը մեկնարկել է 2012-ին: Դպրոցի շինարարությունն իրականացվում է աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 200 դոնորի միջոցների հաշվին:

Այս պահի դրությամբ զուտ շինարարական ծախսը կազմել է 115 մլն դոլար: Երկրորդ փուլի շինարարության արժեքը 75 մլն դոլար է: Նախատեսվում է, որ ամբողջ ընթացքում նախագծի հավելյալ ծախսը (հողատարածքի գնում, ճարտարապետաինժեներական աշխատանքներ և ենթակառուցվածքների զարգացումը) չի գերազանցի 30 մլն դոլարը: Դպրոցի օպերացիոն բյուջեն մոտակա 5 տարիներին միջինում կկազմի տարեկան 8 միլիոն դոլար:

Դպրոցում ուսուցում իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma ծրագրով: 2017-ից Դիլիջանի դպրոցում կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը, գրում է Tert.am-ը:

Դպրոցի բացմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Սերբիայի նախագահը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

«Մենք չենք պատրաստում որևէ մեկի հետ մրցակցել բնական պաշարների և սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի անդառնալի մաշումը որևէ տեղ անվերջ լինել չի կարող՝ դրա հնարավորությունները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետևողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը՝ օգտվելով մարդու ստեղծագործական բոլոր հնարավորություններից: Հայերի ուսումնատենչությունը, ստեղծագործական տաղանդը, գործարար հաջողությունները միշտ և ամենուր հիացմունք են առաջացրել: Եվ եթե որևէ բնական պաշար անխուսափելիորեն սպառվելու է, ապա մարդկային այս որակն այդ վտանգին չի ենթարկվում:

Այո՛, մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե նավթով, գազով, խավիարով, այլ Մատենադարանով, «Թումո» կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումներով: Եվ հենց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու: Ապագայում մենք մեզ ավելի վստահ ենք զգալու»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին դպրոցի բացման առթիվ և նշել, որ քանի որ դպրոցը միջազգային է ու տարածաշրջանում միակը, ուստի լավ կլինի, որ այստեղ սովորեն նաև ադրբեջանցի երեխաներ.

«Վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»,- ասել է նախագահն ու հավելել, որ դպրոցը պետության և մասնավորի գործակցության ևս մեկ օրինակ է:

Սերժ Սարգսյանը դպրոցին երկու գիրք է նվիրել, որոնցում ամփոփված են տեղեկություններ մեր պատմական հուշարձանների մեծ մասի մասին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---