Անավարտ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով «առաջին վագոնների» փորձնական գործարկման նոր ժամկետ է նշանակվել

Անավարտ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով «առաջին վագոնների» փորձնական գործարկման նոր ժամկետ է նշանակվել

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին վագոնների փորձնական գործարկումը նախատեսվում է տարեվերջին:

Այդ մասին, ըստ Թրենդ գործակալության, ասվում է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Արիֆ Ասկերովի հոդվածում, որը հրապարակվել է շաբաթ օրը պաշտոնական մամուլում:

Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային համակարգերն իրար կապող գիծը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել 2015 թ.:

Ըստ abc.az, 8 տարում նախագծի իրագործման համար ծախսվել է 2,8 մլրդ դոլար նախատեսված 422 մլն փոխարեն, իսկ աշխատանքները կատարված են 31 տոկոսով: Չի բացառվում, որ ժամկետները հերթական անգամ կարող են հետաձգվել, քանի որ ԲԹԿ շահագործումն ամեն անգամ հետաձգվում է աշխատանքների մշտական խափանումների պատճառով: Ըստ «Զերկալո» թերթի, վերջին անգամ փորձնական գործարկման պլանների մասին թուրքական կողմը հայտարարել էր 2013-ին:

Մինչդեռ, Ադրբեջանը գրեթե 800 մլն դոլար է ծախսել Վրաստանին տրամադրած արտոնյալ վարկերի համար՝ նախատեսված 29 կմ երկաթգծի կառուցման և 153 կմ վերանորոգման համար: Բացի այդ, իր երկաթուղու 315 կմ հատվածի վերանորոգման համար Բաքուն չեխական վարկ է վերցրել՝ 215 մլն եվրո, որի մեծ մասը ծախսվել է չեխական ընկերությունների ծախսերը փակելու համար, գրում է «Զերկալո» թերթը: Վերլուծելով ներկայացված թվերը և համեմատելով դրանք ռուսական ցուցանիշների հետ, պարբերականը գալիս է այն եզրակացության, որ նախագծի իրագործման ընթացքում անհետացել է մոտ 300 մլն դոլար:

Նախագիծն արդեն իսկ պատրաստ այլընտրանք ունի՝ Գյումրի-Կարս երկաթուղին, որը կապում է Հայաստանն ու Թուրքիան, բայց չի գործում թուրքական կողմի շրջափակման պատճառով: Հայ-թուրքական հաշտեցման փորձը «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով մի քանի տարով կասեցրեց ԲԹԿ իրագործումը, քանի որ Գյումրի-Կարսի ապաշրջափակման դեպքում, այն լիովին անիմաստ է դառնում:

Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014 թվականի վերջում, կամ 2015-ին: Այն մեկնարկել է 2007թ.:Սկզբնական արժեքը գնահատվել է 422 մլն դոլար, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական հատվածի կառուցմանը, 220 մլն՝ թուրքական, սակայն հետագայում այն վերանայվեց: 2008թ. նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր 600 մլն դոլար: Ծախսերը հավասարապես ստանձնեցին Ադրբեջանը, Վրաստանին վարկ տրամադրելով, ու Թուրքիան: Նախատեսվում է նաև երկաթուղու կառուցում Կարսից մինչև Նախիջևան: Տնտեսականից բացի ակնհյատ է նաև նախագծի քաղաքական բաղադրիչը: Այն շահավետ չէ Իրանին և նպաստում է Հայաստանի տրանսպորտային մեկուսացմանը, բայց ձեռնատու է Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային: Հետագայում, ենթադրվում է, որ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագիծը կդառնա Եվրոպա-Կովկաս-Ասիա արագընթաց միջանցքի մասը:

Սկզբնական շրջանում նախատեսվում է փոխադրել մինչև 10 մլն տոննա բեռ, հետագայում այն 25 մլն տոննայի հասցնելու հեռանկարով: Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև Կարսից երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան: Հեռանկարում, երբ իրականություն կդառնա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագիծը, այդ երկաթուղային հատվածը Եվրոպա-Կովկաս-Ասիա արագընթաց տրանսպորտային միջանցքի մաս կկազմի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---