Քուրդ առաջնորդը Կոբանի դեպքերը համեմատում է Հայոց ցեղասպանության հետ

Քուրդ առաջնորդը Կոբանի դեպքերը համեմատում է Հայոց ցեղասպանության հետ

PanARMENIAN.Net - «Քուրդիստանի հասարակությունների միության» գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը սիրիական Կոբանի քաղաքում տեղի ունեցող դեպքերը ցեղասպանություն է որակել ու համեմատել Հայոց ցեղասպանության հետ:

Բայըքը նշել է, որ Կոբանում տեղի ունեցողը ցեղասպանություն է, որն իրականացվում է քրդերին կոտորելով և տեղահանելով: Նա ընդգծել է, որ նույն բանը 1915-ին օսմանյան պետությունը հայերի նկատմամբ է իրականացրել, իսկ այսօր թուրքական պետության աջակցությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն (ԻՊ) է անում: Նա Թուրքիային մեղադրել է Կոբանում քուրդ ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումների հարցում ԻՊ-ի հետ գործակցելու մեջ: Թուրքական Demokrat Haber-ին հղումով Ermenihaber կայքը գրում է, որ Բայըքի կարծիքով թիրախը ոչ միայն Կոբանն է, այլ ամբողջ Ռոժավան (Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները):

«Բռնաճնշումների միջոցով ցեղասպանություն իրականացնելը դարձել է թուրքական կառավարման ոճը»,-ասել է Բայըքը` նշելով, որ թուրքական պատմությունը ժողովուրդներին իրենց հայրենիքից զրկող ֆիզիական և մշակութային ցեղասպանությունների պատմություն է:

Ավելի վաղ նա Գերմանիայի հանրային հեռուստատեսությանը հայտնել է, որ քուրդ զինյալները կրկին ուղարկվել են Թուրքիա, և եթե քրդաբնակ Կոբանի ողբերգական դեպքերը շարունակվեն, ապա ֆիդայական ուժերը պատերազմ կսկսեն` պաշտպանելու քուրդ ժողովդրին:

ՔՀՄ-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական ճանաչված և արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK)-ի քաղաքացիական թևը:

«Քանի որ կառավարությունը երկրի արևելյան և հարավ-արևելյան շրջաններում զորք է կուտակում, մենք էլ ենք գործի անցել. մենք էլ մեր զինված ուժերն ենք հետ ուղարկել Թուրքիա: Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատ տված Թուրքիայի խորհրդարանի այդ քայլը, ըստ մեզ, նշանակում է պատերազմ հայտարարել: Եվ խոսքն իրականում բնավ չի գնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության մասին, այլ բացահայտ պատերազմի մարտահրաբեր է «Քուրդիստանի բանվորակա կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)»,- ասել է Ջեմիլ Բայըքը:

Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են շրջանը, բայց ետ մղվել: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական բանակը կարող է գործի դրվել Սիրիայում, եթե լինի միջազգային հանրության համաձայնությունը: Էրդողանի առաջարկներն անուղղակի կերպով պաշտոնական Դամասկոսի դեմ են ուղղված՝ թուրք նախագահն առաջարկում է Սիրիայի օդային տարածքի մի մասը թռիչքներից զերծ գոտի հայտարարել, այն դեպքում, երբ ապստամբներն ավիացիա չունեն, ստեղծել բուֆերային գոտի Սիրիայի ու Թուրքիայի միջև սիրիական տարածքի հաշվին (ինչը հեռանկարում կարգելակի սիրիական բանակի գործողությունները իսլամիստների դեմ) և զինել չափավոր ընդդիմությանը (որը կարող է զենքն ուղղել Ասադի դեմ):

Թուրքիայում բողոքներ սկսվեցին, երբ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին սիրիական քրդաբնակ Կոբանի ծայրամասերը, ավելի ուշ կոալիցիոն ուժերը կարողացան ետ մղել ահաբեկիչներին: Քրդերը վճռական գործողություններ են ակնկալում Անկարայից՝ մասնավորապես պահանջելով, որ թուրքական կողմը զենք մատակարարի պաշարվածներին, իսկ առավել ծայրահեղականները հայտարարում են, որ անհրաժեշտ է թուրքական զորքեր մտցնել Սիրիայի տարածք:

Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---