Ինջիղուլյանը գերության մեջ բռնությունների ու խոշտանգման է ենթարկվել. Քննչական կոմիտե

Ինջիղուլյանը գերության մեջ բռնությունների ու խոշտանգման է ենթարկվել. Քննչական կոմիտե

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը, որի շրջանակում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նրա՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ գտնվելու պայմանները։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև հայրենիք վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է հայտնվել հակառակորդի տարածքում և գերեվարվել, ինչպես նաև՝ գերության մեջ գտնվելու ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին։

Կոմիտեից հայտնում են, որ Հակոբ Ինջիղուլյանը, մասնավորպես, ցուցմունք է տվել, որ հակառակորդի տարածքում է հայտնվել՝ մոլորվելու արդյունքում։

Ըստ ցուցմունքի՝ դեպքի օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է դասակի դիրք` ջուր բերելու համար: Ջրի տարան ջրով լցնելուց հետո դասակի հրամանատարից ծխախոտ է խնդրել, ծխելով դուրս եկել դիրքի զուգարանի մոտով` նույն տեղով, որով եկել է: Քանի որ արդեն մթնել էր, վատ տեսողության պատճառով չի կարողացել ճիշտ կողմնորոշվել տեղանքում և հեռվում տեսնելով էլեկտրական լույս՝ գնացել է լույսի ուղղությամբ ու նկատել մի տնակ, որի դուռը բացելով՝ տեսել է չորս մարդ:

Հարցրել է նրանց՝ որտեղ է գտնվում մարտական կիրառման շրջանը: Նշված մարդկանցից մեկը խոսել է «թուրքերեն» լեզվով, և ինքը հասկացել է, որ մոլորվելու հետևանքով հասել է հակառակորդի գյուղ:

Ինջիղուլյանը մանրամասն պատմել է, թե ինչպես են իրեն տարել գեներալ Օսմանովի շտաբ, որտեղից էլ՝ Բաքվի ռազմագաղութ, որտեղ նրա նկատմամբ պարբերաբար կիրառվել են ֆիզիկական բռնություններ, հատկապես` հաճախ իրեն ծեծի է ենթարկել մայորի կոչումով մի տղամարդ, որը ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելու սպառնալիքներով ստիպել է հայ զինծառայողին հարցազրույցների ժամանակ հայտնել այն ամենը, ինչ նրանք կցանկանան:

Ամիսը մեկ անգամ «Կարմիր խաչ միջազգային կոմիտեի» կազմակերպության ներկայացուցիչների այցելումից առաջ «մայոր» կոչումով նշված սպան ծեծի է ենթարկել հայ զինծառայողին՝ ստիպելով այդ կազմակերպության ներկայացուցիչներին հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան, և, իբր, հայրենիքում իր նկատմամբ բռնություն են գործադրել: Հայ զինծառայողը պարտադրաբար, բռնությունների ազդեցության ներքո Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ասել է ադրբեջանցիների պահանջածը։

Նշված ռազմագաղութում հայ զինծառայողը մնացել է շուրջ մեկ տարի և այդ ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրել, բացառությամբ՝ Ադրբեջանի նախագահին հասցեագրված` երրորդ պետություն տեղափոխվելու ցանկության մասին իր դիմումը, որը գրել է նույնպես սպառնալիքների և հալածանքների ներքո:

Ինջիղուլյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ հայկական զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում` զորամասում կամ ծառայության վայրում, իր նկատմամբ ոչ ոք բռնություն կամ դրա սպառնալիք չի գործադրել, պատիվն ու արժանապատվությունը չի ստորացրել, ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել և ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակելու նույնիսկ նույն զորամասում` իրականացնելով մարտական հերթապահություն։

Գերության ընթացքում նա ադրբեջանցիների կողմից բազմիցս ենթարկվել է ծեծի, խոշտանգումների, անմարդկային հալածանքների։ Քննության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում հայ զինծառայողի նկատմամբ բռնություններ կիրառած անձանց ինքնությունը։ Նախաքննությունը շարունակվում է։

Արդեն նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի լույս 2-ի գիշերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանը ՄԱԿ-ի փախստականների համակենտրոնացման ճամբարում է: Ինչպես օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Ինջիղուլյանը, իր համար շատ մեծ ուրախություն է Հայաստանում գտնվելը, հայրենիք վերադառնալը:

«Շնորհակալ եմ միջազգային այն կազմակերպություններին, որոնք օգնեցին ինձ ազատվել ադրբեջանական գերությունից, այնուհետև Հայաստան վերադառնալ: Ինքնակամ եմ որոշել վերադառնալ հայրենիք, բայց նրանք ինձ օգնել են այդ հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է գնալ ու շարունակել 9 ամսվա ծառայությունը: Այն մասին, որ Ինջիղուլյանի գործն անցել է ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ, հայտնի էր դարձել դեռևս մարտին։ Ադրբեջանում 2013-ի օգոստոսից գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Բաքվից երրորդ երկիր էին տեղափոխել օգոստոսի 26-ին, ինչի մասին ընտանիքը, ըստ նրա եղբոր, իմացել էր միայն օգոստոսի 28-ին: Ավելի ուշ ԿԽՄԿ պաշտպանության երևանյան բաժնի պատվիրակ Վալերի Յարմակը հաստատել էր Ինջիղուլյանին՝ երրորդ երկիր տեղափոխելու մասին լուրը:

«Երրորդ երկիր տեղափոխվելը Հակոբի ցանկությունը չի եղել: Նա կամ պետք է տեղափոխվեր 3-րդ երկիր, կամ ողջ չմնար»,- ավելի վաղ նշել էր նրա եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:

Տեղանքում չկողմնորոշվելու պատճառով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած ու մոլորված Ինջիղուլյանը գերության մեջ էր հայտնվել 2013-ի օգոստոսի 8-ից: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

2013-ի սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: «Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել էր Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

Photo: Razm.info
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---