ԵՏՄ կազմում ՀՀ-ն կազատվի ներմուծվող ռազմատեխնիկայի համար մաքսատուրքերից

ԵՏՄ կազմում ՀՀ-ն կազատվի ներմուծվող ռազմատեխնիկայի համար մաքսատուրքերից

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում Հայաստանը կազատվի 2015-2022 թվականներին ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքի համար մաքսատուրքերից: Նորմը ներկայացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում տեղադրված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մաքսատուրքերից ազատումը կվերաբերի Հայաստանի զինված ուժերի համար նախատեսված արտադրանքին, որի համարժեքը չի արտադրվում ԵՏՄ-ի անդամ այլ երկրում:

Մաքսատուրքից կազատվեն նաև քաղաքացիական ուղղաթիռների և ինքնաթիռների որոշակի տեսակներ, ինչպես նաև` ատոմակայնի կառուցման և արդիականացման համար նախատեսված ապրանքները:

Բացի այդ Հայաստանը կստանա ԵՏՄ տարածք ներմուծվող ապրանքների ընդհանուր մաքսատուքերի 1,13%-ը: Բելառուսը կստանա 4,65%, Ղազախստանը` 7,25%, իսկ Ռուսաստանը` 86,97%:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կարևոր իրադարձություն է համարում, քանի որ դրանով նախ մի շարք խնդիրներ են լուծվում ՝ անվտանգության հարցը, որն ամենակարևորն է, ու հետո նաև տնտեսական մեծ հնարավորություններ են բացվում ՀՀ-ի առաջ:

Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ընդգծելով, թե ԵՏՄ անդամ երկրներին ՀՀ նախագահը կարողացել է բացատրել, որ Արցախը, լինելով չճանաչված, չի կարող խանգարել ՀՀ-ի անդամակցմանը:

«Կարողացանք իմաստնություն գտնել, շնորհակալություն մեր նախագահին, որ կարողացավ բացատրել և բոլորը եկան համաձայնության, որ ԼՂ խնդիրը չի կարող խանգարել անդամակցությանը, և այդպես էլ եղավ: Ղարաբաղի հարցով, եթե մենք ասում ենք Ղարաբաղը չճանաչված պետություն է, այդ ժամանակ ինչի՞ մասին է խոսքը: Բայց ինչքանով ես գիտեմ, նախագահը հատուկ պայմանավորվածություն ունի, ես վստահ եմ, որ ՀՀ նախագահը չէր կարող այնպիսի քայլ անել, որ Ղարաբաղին մի փոքր անգամ վնասեր այս անդամակցությամբ, ընդհակառակը՝ Ղարաբաղի տնտեսությունն էլ կզարգանա, քանի որ Ղարաբաղի ապրանքները կարտահանվեն ԵՏՄ և այստեղ չեմ տեսնում, որ խնդիրներ առաջանան»,- նշել է նա:

Ըստ ՌԴ հայերի միության նախագահի՝ այս անդամակցությունը կապիտալի ազատ տեղաշարժ կապահովի, որին էլ կգումարվի հայերի աշխատասիրությունը, հայկական մեծ սփյուռքը, որոնք ներդրումներ անելով երկրում՝ հնարավորություն կստանան արտադրանքը մեծ շուկա դուրս հանել:

«Ես տեսնում եմ բավական մեծ ապագա, և շատ բաներ էլ մեզանից է կախված, եթե անընդհատ քննադատենք, դա արդյունք չի տա: Կան կողմնակիցներ, որ ասում են Եվրոպա պետք է գնանք, քանի որ այնտեղ դեմոկրատիա է, թե մենք կորցնում ենք մեր հավասարությունը, մեր անկախությունը, թե բարձրացվում են այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք ներմուծվում են ԵՄ-ից... տարբեր են խնդիրներ, պետք է քննարկել դրանք»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետի տեղադրման մասին որևէ տեղ, բացի մամուլից, գրված չի եղել և դա ավելի շատ ներքաղաքական բանավեճի թեմա է եղել, որը հասկանալիորեն լքել է Հայաստանի սահմանները:

«Իրականում մաքսակետ այսօր էլ գոյություն ունի Հայաստանի և Արցախի միջև, պարզապես շատ անգամ մենք դրա կողքով անցնում ենք առանց ուշադրություն դարձնելու, բայց այն գոյություն ունի: Իսկ այնպիսի մաքսային կետ, որտեղ մաքսայինի հայ աշխատակիցը թույլ չի տա անցկացնել Ղարաբաղ ինչ-որ ապրանք և մաքսայինի ղարաբաղցի աշխատակիցը թույլ չի տա ձու կամ այլ գյուղմթերք տեղափոխել Հայաստան` անլուրջ է»,- ընդգծել է նա, գրում է Panorama.am-ը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ կարևորել է այն իրողությունը, որ վերջին հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը կարծես դադարեցրել է ըմբոստանալ:

«Նախորդ գագաթաժողովներում նա բավականին անհանդուրժող էր վերաբերվում Հայաստանի անդամակցությանը, բայց կարևոր մի փաստ էլ կա, ամփոփիչ արձանագրություններում որևէ ձևակերպում դա չէր ունենում»,- ասել է բանախոսը`հավելելով, որ ամեն դեպքում, Նազարբաևի ըմբոստության գործընթացի տրամաբանական ավարտը հոկտեմբերի 10-ին էր և եթե Նազարբաևների ըմբոստացումներն այն ժամանակ Ալիևից հեռավորության վրա էին լինում, փաստաթղթի ստորագրումն Ալիևի աչքի առջև եղավ:

«Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում չափազանց կարևոր է ունենալ հստակ հարաբերություններ`աշխարհի ուժային կենտրոններից մեկի հետ: Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների տեսակետից ես դա շատ եմ կարևորում»,- ասաց իշխանության ներկայացուցիչը`վստահեցնելով. «Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ չի լինի», գրում է «Առավոտը»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---