11  13.10.14 - «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով գիտագործնական համաժողով. Օր 1

Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները` ԴԱՀԿ համաժողովի ուշադրության կենտրոնում

Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները` ԴԱՀԿ համաժողովի ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Ծաղկաձորում ընթանում է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովը՝ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով: Համաժողովին մասնակցում է ինչպես Դատական կատարողների միջազգային միության, այնպես էլ 18 երկրի համապատասխան կառույցների պատվիրակություն:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ազդարարել է համաժողովի հանդիսավոր բացումը` նշելով, որ մասնագիտական շփման նման ձևաչափերի անհրաժեշտությունը և կարևորությունը այլևս լրացուցիչ հիմնավորման կարիք չեն պահանջում:

«Արդի ժամանակաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում արձանագրված զարգացումներն աշխարհում իրենց արդյունավետ կիրառությունն են գտնում նաև արդարադատության բնագավառում, այդ թվում՝ կատարողական վարույթի շրջանակներում: Եվ դա պատահական չէ. արդարադատության բնագավառում առկա տեղեկատվության մեծածավալությունն ու տեղեկատվության արագ, ճշգրիտ և լրիվ փոխանցումը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և արդյունավետ գործարկում նաև հարկադիր կատարման փուլում»,- անդրադառնալով համաժողովի խորագրի ընտրությանը՝ ընդգծել է Պողոսյանը:

Միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովի մասնակիցներին ուղերձով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ կարիք չկա հիմնավորելու և ապացուցելու, թե պետության և հասարակության համար ինչ նշանակություն ունի դատական և վարչական ակտի պահանջը ժակմանակին և ճշգրիտ կատարելը.

«Այսօր Հարկադիր կատարման ծառայությունն էական ներդրում ունի ՀՀ-ում օրինականության և իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների ապահովման գործում»:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իր հերթին շեշտել է, որ ԴԱՀԿ ծառայությունը, լինելով ՀՀ պետական համակարգի երիտասարդ կառույցների մեկը, իրավմամբ առավել կայացածներից է:

«Փաստացի հարկադիր կատարման ծառայությունն իր էությամբ ոչ միայն արդարադության իրականացմանն օժանդակող, այլ դրա կատարումն ապահովող, արդարադատության իրականացումը երաշխավորող կառույց է, որի արդյունավետ աշխատանքով է պայմանավորված ՀՀ դատական համակարգի բնականոն կենսագործումը և քաղաքացիներին, իրավաբանական անձանց արդարադատության մատուցումը»,- ասել է ԱԺ նախագահը:

«Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները։ Դատական կատարողի մասնագիտությունը բավարարում է արդարադատության իրավաչափ անհրաժեշտության պահանջը։ Այս պահանջը բավարարելու նպատակով մեր մասնագիտությունը, ինչպես նաև արդարադատությունն առհասարակ, պետք է մշտապես ինքն իրեն մարտահրավերներ նետի։ Այդ մարտահրավերը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս պատշաճ բավարարել արդյունավետ և որակյալ արդարադատություն ունենալու պահանջը, առանց որի քաղաքակրթությունը քաոսի մեջ կհայտնվի»,- իր ելույթում նշել է դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:

Միջազգային այս համաժողովի քննարկումները կշարունակվեն «Հարկադիր կատարման կարգի վերաբերյալ» դեկտեմբերի 10–ին կայանալիք Առաջին համաշխարհային ֆորումի ժամանակ, որը կազմակերպում են Դատական կատարողների միջազգային միությունն ու Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը:

Միհրան Պողոսյանը Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և դատական կատարողների միջազգային միության միջև գործակցության և փոխադարձ կապերի զարգացման և ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Լեո Նետենին պարգևատրել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության հուշանվերով՝ իր անվամբ և ծննդյան տարեթվով անվանական կոնյակով:

Դատական կատարողների միջազգային միությունը ունի 73 անդամ երկիր՝ 2015 թվականին Հայաստանի հարկադիր կատարման ծառայութունը կդառնա Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ: Դեռևս 2013 թվականի նոյեմբերին՝ Փարիզում կայացած Դատական կատարողների միջազգային միության խորհրդի նիստում, միության նախագահ Լեո Նետենը Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությանն առաջարկել է գործակցությունը շարունակել արդեն իսկ անդամի կարգավիճակով՝ հաշվի առնելով ծառայության ունեցած հաջողությունները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---