Երևանը միջազգային կառույցներից իրավական գնահատական կպահանջի Կարեն Պետրոսյանի մահվան փաստի վերաբերյալ

Երևանը միջազգային կառույցներից իրավական գնահատական կպահանջի Կարեն Պետրոսյանի մահվան փաստի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի մարմինը կհանձնեն դատաբժշկական փորձաքննության: Հարցով զբաղվում է պաշտպանության նախարարությունը՝ երկրի համապատասխան մարմինների եւ միջազգային կառույցների հետ համատեղ:

Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարան այցի ժամանակ, հայտնում է Zham.am-ը: Նախարարն իր խոսքում նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում այս միջադեպին իրավական գնահատական կտրվի:

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն տարածեց իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնեցին Հայաստանին:

Խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանին Ասդրբեջանում ներկաայցնում էին որպես դիվերսանտ: Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը նաև տեսանյութ էր տարածել, որտեղ Կարենի հեռախոսի հիշողության մեջ հայ զինվորականների ու ռազմական տեխնիկայի լուսանկարներ կային: Սաղոյանի խոսքով, Կարենի հեռախոսն անգամ լուսանկարելու հնարավորություն չունի: Գյուղապետի վկայությամբ՝ սահմանը հատելու նախորդ գիշեր երիտասարդը տանը չի գիշերել: Առավոտյան ցանկացել է համագյուղացի մի երեխայի իր հետ վերցնել՝ վառելափայտ բերելու, սակայն այդ տղան տանը չի եղել ու մենակ է գնացել:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

Սա առաջին դեպքը չէ, երբ խաղաղ բնակիչ է զհովում ադրբեջանական գերության մեջ կամ դրանից հետո: 2010 թ. հոկտեմբերի 5-ին Բաքվում ինքնասպանություն գործեց 18-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանը, որը պատահաբար էր հատել սահմանը: Իսկ 2014 թ. մայիսի 20-ին մահացավ Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, որին ադրբեջանական կողմը փորձում էր ներկայացնել որպես «հայկական դիվերսիոն խմբի անդամ»: Մեկ ամսից ավելի գտնվելով գերության մեջ, մարտի 4-ի երեկոյան ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հոգեկան հիվանդությամբ տառապող Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ էին հայտնաբերվել: Մայիսի 20-ին Խոջոյանը մահացավ: Ադրբեջանական գերության մեջ խոշտանգված տարեց հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը ևս ուղարկվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ:

Հայկական կողմը գերի ընկած ադրբեջանցի խաղաղ բնակիչներին վերադարձնում է չխոշտանգելով նրանց: Սեպտեմբերի 9-ին հայտարարություն տարածվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովից հայտնեցին, որ կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել են Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---