Նախագիծը լավ և արժեքավոր հիմք է Սահմանադրության բարեփոխման համար. Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը

Նախագիծը լավ և արժեքավոր հիմք է Սահմանադրության բարեփոխման համար. Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է նախագահին ու հրապարակվել:

ՀՀ արդարադատության նախարարության կայքը հայտնում է, որ հրապարակվել է նաև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունը՝ անգլերենով, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հայերենով:

Եզրակացության ամփոփիչ հատվածում նշվում է, որ հայեցակարգի նախագիծը լավ և արժեքավոր հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա:

«Նախագծի նպատակը երկիրը Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների լիարժեք իրականացմանը մոտեցնելն է: Չնայած այն կբերի զգալի փոփոխություններ, սակայն չի հանդիսանա ներկա սահմանադրական համակարգից հրաժարում: Այն կհենվի 2005 թ. ընդունված սահմանադրական բարեփոխումների վրա` շտկելով որոշ թերություններ, որոնք առաջացել են դրանց իրականացման ընթացքում:

Ուստի բարեփոխումների նպատակներն ու ընդհանուր մոտեցումն արժանի են ուժեղ աջակցության: Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական դիրքորոշումներին, և Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ տարբեր կարծիքների փոխանակման ընթացքում իր զեկուցողների արտահայտած տեսակետները հաշվի են առնվել:

Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Ամեն դեպքում, համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա:

Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ իր եզրակացության հիման վրա հայեցակարգի նախագիծը կլրամշակվի և կներկայացվի Հայաստանի Հանրապետության Նախագահին: Այնուհետև, նախագիծը պետք է վերափոխվի սահմանադրական փոփոխությունների կոնկրետ փաթեթի: Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է Հայաստանի իշխանություններին և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին շարունակել իրենց ջանքերը ներգրավելու հանրությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես` քաղաքական կուսակցություններին: Հանձնաժողովի կարծիքով, հայեցակարգի նախագիծը բարեփոխումների լուրջ հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բաց թողնել»,- նշվում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ և շեշտվում, որ հանձնաժողովն ուրախ կլինի շարունակել գործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ այս կարևոր բարեփոխումների համար։

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որը45 էջանոց փաստաթուղթ է: Դրանով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---