Ադրբեջանն անպատի՞ժ կմնա. ԿԽՄԿ-ն իրավասու չէ պատասխանատվության ենթարկել Ժնևյան կոնվենցիան խախտած երկրներին

Ադրբեջանն անպատի՞ժ կմնա. ԿԽՄԿ-ն իրավասու չէ պատասխանատվության ենթարկել Ժնևյան կոնվենցիան խախտած երկրներին

PanARMENIAN.Net - Միջազգային մարդասիրական իրավունքը Ժնևյան կոնվենցիան խախտած երկրներին պատասխանատվության կանչելու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար որևէ մեխանիզմ չի սահմանել: Այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ իրենց դերն է տանել և վարել երկխոսություն՝ պարբերաբար հիշեցնելով այն պարտավորությունների մասին, որոնք պետությունները ստանձնել են՝ կոնվենցիաներն ու օրենքները.

«Պարբերական այցելություններ ենք կատարում, մեր կողմից գնահատվում են բոլոր պայմանները, որոնցում պահվում է տվյալ անձը, օրինակ՝ առողջական վիճակը և աջակցում, որպեսզի հայրենադարձության հետ կապված նրա կամքն իրականանա: Մեր կազմակերպությունն ունի 150 տարվա պատմություն և այդ կերպ ենք աշխատում»:

Ամատունին նաև հավելել է, որ երբ քրեական գործ է հարուցվում, Կարմիր խաչն իրավունք ունի որևէ ինֆորմացիա չտրամադրել այս կամ այն անձի վերաբերյալ, եթե խոսք գնում է մահվան հանգամանքների մասին.

«Դրա համար կան կազմակերպություններ ու փորձաքննություն է կատարվում: Ինչ վերաբերում է դատարանում հանդես գալուն և այլն, Կարմիր խաչը հանդես չգալու «իմունիտետ» ունի»:

«Առավոտը» գրում է, որ լրագրողների դիտարկմանը, թե ինչպես են ուսումնասիրել ու հասկացել, որ Հակոբ Ինջիղուլյանը բռնությունների չի ենթարկվել և եթե իրավասու չեն իրենց հավաքած տեղեկատվությունը դատարան ներկայացնել, ապա ինչի համար են այն հավաքում, Զառա Ամատունին պատասխանել է.

«Հակոբ Ինջիղուլյանի առողջական վիճակը, իհարկե, մեր պատվիրակության ուշադրության կենտրոնում էր: Ինչ վերաբերում է բռնությանը․ որպեսզի պատկերացնեք ձևաչափը, ասեմ՝ ինչպես ենք անում տարեկան այցելելով կես մլն մարդու ամբողջ աշխարհում: Մեր կողմից կարևոր է գնահատել անձի առողջական վիճակը, խոսել նրա հետ՝ անձնապես, առանց վկաների»:

Լրագրողները հակադարձել են՝ Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված ԿԽՄԿ-ն հայտնում էր, թե լավ է, նամակ է փոխանցում ծնողներին, այնուհետև փորձաքննությունը ցույց է տալիս, որ այդ մարդու առողջական վիճակը լավ չէ, և հիմնականում վերադառնալուց մեկ ամիս հետո մարդիկ մահանում են:

«Պատկերացրեք, մենք երբեք չենք ասում, որ վիճակը լավ է կամ վատ: Մենք երբեք չենք մեկնաբանում ռազմագերու վիճակը: Ես չեմ կարող ասել ինչ է տեղի ունեցել և չեմ կարող այստեղ հայտարարություններ անել: Դա մեր գործելաոճը չէ»:

Լրագրողների բազմաթիվ հակադարձումներին, որ Կարմիր խաչն իր պարտականությունները լավ չի կատարում, Զառա Ամատունին պատասխանել է, թե հայտարարություններ անել իրենք չեն կարող:

Անդրադառնալով Կարեն Պետրոսյանի դեպքին ու լրագրողների պնդումներին, թե Կարմիր խաչը կամ չի հասկանում, կամ այնտեղի իշխանությունների կամակատարն է՝ Զառա Ամատունին պատասխանել է, որ ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչն էլ գործում է բացառապես միայն իր մանդատի շրջանակում և չի կարող տեղի իշխանությունների հետ սերտ կապ կամ առնչություն ունենալ, եթե խոսքը չի գնում միայն գործակցության և երկխոսության մասին: Նա նաև ընդգծել է, որ դիակի հանձնումը տեղի է ունեցել հենց ԿԽՄԿ ակտիվ գործունեության արդյունքում:

Խոսելով անհայտ կորածների մասին, Ամատունին նշել է, որ գործակցում են ՀՀ ՊՆ-ի հետ՝ անհայտ կորածների տվյալների բազան համալրելու կենսաբանական ԴՆԹ-ի նմուշներով: Ընդհանուր առմամբ ղարաբաղյան կոնֆլիկտի արդյունքում 1992 թվականից մինչև հիմա ԿԽՄԿ գրանցված անհայտ կորածների թիվը 4610 է, որից մոտ 850-ը ՀՀ և ԼՂՀ բնակիչ:

Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն տարածեց իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնեցին Հայաստանին:

Խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանին Ասդրբեջանում ներկաայցնում էին որպես դիվերսանտ: Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը նաև տեսանյութ էր տարածել, որտեղ Կարենի հեռախոսի հիշողության մեջ հայ զինվորականների ու ռազմական տեխնիկայի լուսանկարներ կային: Սաղոյանի խոսքով, Կարենի հեռախոսն անգամ լուսանկարելու հնարավորություն չունի: Գյուղապետի վկայությամբ՝ սահմանը հատելու նախորդ գիշեր երիտասարդը տանը չի գիշերել: Առավոտյան ցանկացել է համագյուղացի մի երեխայի իր հետ վերցնել՝ վառելափայտ բերելու, սակայն այդ տղան տանը չի եղել ու մենակ է գնացել:

Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---